Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուդիկ Բարսեղյան. «Ուզում եմ, որպեսզի ուսանողները կոփվեն գերժամանակակից պայմաններում»

Նոյեմբեր 28,2015 12:30

Մարզական լրագրող Ռուդիկ Բարսեղյանը նոր ուսումնական տարվա սկզբից ղեկավարում է  ԵՊՀ ֆիզդաստիարակության ամբիոնը: «Առավոտը» հանդիպել եւ զրուցել է նրա հետ:

– Արդեն 45 տարի դուք որպես մարզական լրագրող եւ հեռուստամեկնաբան սպորտում եք ու քաջատեղյակ եք ոլորտին: Բայց վաստակավոր լրագրող լինելը եւ Մայր բուհում ֆիզիկական դաստիարակության ամբիոնում ուսանողության մարզական կյանքը կազմակերպելը տարբեր բաներ են: Ի՞նչ եք կարծում, ձեզ մոտ կստացվի՞:

– Ավելի քան վստահ եմ, որ կստացվի: Մենք ձեզ հետ միասին մեր լրագրողական երկար տարիների ընթացքում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում անցել ենք գրեթե բոլոր լույս ու մութ ճանապարհներով, տեսել գրեթե ամեն ինչ ու լավին ասել ենք՝ լավ, վատին՝ վատ: Տասնամյակների ձեռք բերած փորձն ու գիտելիքները, հատկապես երիտասարդների շրջանում տարվող աշխատանքների, կարծում եմ, կօգնեն ինձ այստեղ: Առավել եւս, որ մեր ամբիոնում կան բազմափորձ դասախոսներ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի երախտավորներ, որոնք հիմնովին տիրապետում են ոլորտին, իրենց մասնագիտությանը ու բավականին լավ կազմակերպում ուսումնամարզական գործընթացը: Այս առումով իմ աշխատանքն այստեղ բավականին թեթեւանում է: Թեեւ ունեմ նոր գաղափարներ, որոնք միասին քննարկում ու փորձում ենք կյանքի կոչել…

– Համաձայն եմ: Բայց նաեւ կազմակերպական ջիղ է անհրաժեշտ:

– Անշուշտ: Ու նաեւ համատեղ ստեղծագործական աշխատանք պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ինչը, կարծում եմ, ստացվում է: Մինչեւ այստեղ գալս, ես ղեկավարում էի Երեւանի պետական համալսարանի հյուրերի տունը եւ այնտեղ զգացի, որ կազմակերպական աշխատանքներն ինձ մոտ ստացվում են:

– Ուսումնական պրոցեսի կազմակերպման հարցում, ըստ ամենայնի, խնդիրներ չունեք: Պայմանների մասին ի՞նչ կասեք: Գաղտնիք չէ, որ ԵՊՀ երբեմնի բարեկարգ մարզաբազաների վիճակն այսօր, մեղմ ասած, այնքան էլ լավ չէ:

– Իմ այստեղ գալը գերազանցապես հենց այդ խնդրի լուծումը կազմակերպելու համար է: Այս հարցը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի եւ պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի մասնակցությամբ քննարկվել է հոգաբարձուների խորհրդի նիստում ու որոշում կայացվել՝ համալսարանի մարզակառույցները հիմնանորոգելու եւ գերժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու մասին: Հավանաբար, հաշվի առնելով այն, որ իմ օրոք պետհամալսարանի հյուրերի տունն էլ էր վերանորոգվել ու կարգի բերվել, ինձ հրավիրեցին այստեղ: Ու գիտե՞ք, թե ինչքան եմ ոգեւորված: Մարզական լրագրությունում իմ համեստ վաստակով, կարծում եմ, հետք թողել եմ: Ուզում եմ Մայր բուհում էլ, որտեղ ինքս եմ սովորել, մի հետք թողնել, որպեսզի ուսանողները ֆիզկուլտուրայով եւ սպորտով, առողջ ապրելակերպով զբաղվեն գերժամանակակից պայմաններում:

– Հիմնանորոգման աշխատանքներն արդեն սկսվե՞լ են:

– Այո, ու արդեն մեծ թափ են ստանում: Բավականին հետաքրքիր ու համարձակ ծրագրեր ենք իրականացնելու: Օրինակ, համալիր մարզադահլիճի հիմնանորոգումից հետո այնտեղ կլինի նաեւ լեռնամագլցման պատ՝ ամենաարդիական հարմարություններով: Դա անհրաժեշտ է լեռնային մեր երկրի պայմաններում տուրիզմի այս տեսակը զարգացնելու համար: Ու հաշվարկել ենք այնպես, որ այն ուսումնական բնականոն գործընթացին չի խանգարի: Ցավոք, միակ բանը, որ ֆինանսական առումով հնարավոր չէ իրագործել, 50 մետրանոց լողավազանի վերագործարկումն է: Բայց դրա փոխարեն լողավազանի ամբողջ տարածքը կվերափոխվի ու կծառայի այլ մարզաձեւերի: Բայց եկեք առայժմ դրանց մասին չխոսենք: Այ, երբ ամեն բան արված կլինի, ինքներդ կտեսնեք:

– Այն, ինչ թեկուզ հպանցիկ նկարագրեցիք, բավականին լուրջ ներդրումներ կպահանջի: Միջոցները որտեղի՞ց են հայթայթվելու:

– Անկեղծ ասած, չեմ հետաքրքրվել: Գիտեմ միայն, որ միջոցները կան եւ ռեկտորն, ինչպես ասում են, ինձ «քարտ բլանշ» է տվել՝ նախատեսվածը բարձր որակով ու ժամանակին իրականացնելու համար: Ի դեպ, բոլոր աշխատանքները, սկսած հողայինից, գտնվում են պարոնայք Սերժ Սարգսյանի եւ Արամ Սիմոնյանի անձնական վերահսկողության ներքո:

– Ժամկետներ սահմանվա՞ծ են:

– Կարծում եմ՝ բոլոր աշխատանքներն ավարտված կլինեն մոտավորապես մեկուկես տարում: Բայց ոչ մի ժամկետ չի ազդելու որակի վրա:

– Եվ վերջին հարցը: Մարզական լրագրությունը թողե՞լ եք:

– Ոչ: Դա բացառվում է: Մարզական լրագրությունը, հեռուստատեսությունը իմ կոչումն ու կյանքն են:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30