Շիրակի մարզային գրադարանը հիմնադրվել է 1996-ին: 17 տարիների ընթացքում այն գործել է Լուկաշինի մանվածքային ֆաբրիկային պատկանող անբարենպաստ շենքում: 2012-ին տեղափոխվել է Գյումրու պատմական շինություն:
Գրադարանի փոխտնօրեն Գեղեցիկ Գեւորգյանը խոստովանում է, որ այնպիսի պայմաններից են տեղափոխվել այդ շենք, որ այժմ ամեն ինչ նրանց համար հրաշալի է: Հավելում, որ բարելավված պայմաններն անչափ նպաստել են աշխատանքի ճիշտ եւ կանոնավոր կազմակերպմանը:
Գրադարանն ունի տասնմեկ բաժին, ֆոնդը 207.000 օրինակ է, իսկ ընթերցողները՝ 11.000:
Այն այժմ համագործակցում է Հոլանդիայի Դայվն քաղաքի «Քանդեսե» քոլեջի հետ: Նվիրատվություն է ստանում օտարալեզու գրականություն: Փոխտնօրենը հպարտորեն է նշում, որ ամենահարուստ օտարալեզու գրականությունը, կարծես, իրենք ունեն՝ 10.000 օրինակ:
Մարզային գրադարանի մեթոդական բաժնի վարիչ Սուսաննա Բաղդասարյանը փաստում է, որ ընթերցողը ժամանակի թելադրանքով է գալիս տեղեկատվության հետեւից: Հատկապես աղետից հետո ընթերցողները ինքնաբերաբար էին հաճախում գրադարան: Այժմ զգացվում է նաեւ մանկավարժների միջնորդությունը. «Չի կարելի հետեւել այն հորդորներին, որ այժմ երիտասարդները չեն ընթերցում, էլեկտրոնային գրքերն էլ գերակշռում են: Այս սերնդին պետք է ճիշտ ուղղորդել. երեխան չգիտի՝ գրադարանի դարակներում ինչ կա: Կարող է հաստափոր գիրքը, շքեղ կազմը վախեցնի նրան: Չցանկանա մոտենալ՝ մտածելով, որ իրեն անհասկանալի է: Գրադարանավարի աշխատանքի մասին քիչ է թմբկահարվում, բայց նրա խիղճը հանգիստ է. օգտակար գործ է կատարում երեխաների համար: Այսպիսի աննկատ է նրա աշխատանքը»:
Տարիներ առաջ գրադարանը Մանիկ անունով թոշակառու ընթերցող ուներ: Այդ տարիների գրադարանային շենքի պայմաններն անբարենպաստ էին, բայց աղետից հետո, առավոտից երեկո գրադարանում էր: Ընթերցում էր ԽՍՀՄ տարիների մամուլի հավաքածուները՝ «Բանվոր», «Հայաստանի Հանրապետություն», «Ավանգարդ»: Ասում էր՝ ես բավարարություն եմ ստանում, վերադառնում եմ իմ լավագույն տարիները: Նա այդ փոշու, ցրտի պայմաններում կարդում եւ կտրվում էր իրականությունից: Կարելի է ասել՝ ինքն իրեն փրկում էր շրջակա տաղտուկից:
Ռուզաննա Սահակյանը 40 տարի է՝ աշխատում է գրադարանի մանկապատանեկան բաժնում: Խոստովանում է, որ մանուկ ընթերցողների հետ աշխատելը մի փոքր դժվար է, քանի որ նախասիրությունները տարբեր են: Բայց եւ հավաստում՝ վատ երեխա չկա, պարզապես կան ուշ ըմբռնողներ: Նրանք ուղղորդում, միջնորդում են՝ հեշտ ընկալել գրականությունը. «Քանի գնում, առավել բանիմաց են դառնում: Գյումրեցի երեխաները շատ են սիրում արկածային եւ ծրագրային գրականություն, հեքիաթներ: Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, Հանս Քրիստիան Անդերսեն, Գրիմ եղբայրներ, սրանք այսօրվա ամենապահանջված մանկական գրքերն են»:
Ոմանց համար քառասուն տարին մի ողջ կյանք է, իսկ նա գրադարանային իր տարիներն առանց գրադարան, իր կոլեգաների՝ չի պատկերացնում:
Այժմ գրադարանի հիմնական խնդիրը ընթերցողների գրքային հարցումները չբավարարելն է: Լիարժեք չեն կարողանում ձեռք բերել ուսանողների պահանջած այն գրականությունը, որը պետք է հենց այդ տարվա համար: Ցանկանում են, որ յուրաքանչյուր մարզային գրադարանի հատկացվի լույս տեսնող գրքի մեկական օրինակ: Մարզային գրադարանը պետք է պետության հոգածության առաջին գրադարանը լինի: Եթե գիրքը լույս է տեսնում հանրապետությունում եւ մարզային գրադարանը չպետք է ունենա, փոխտնօրենը սա անտրամաբանական է համարում:
ԴԻԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.11..2015