Լոբին համարվում է Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի հողագործության գլխավոր բույսերից մեկը: Այն նաեւ աշխարհի հնագույն մշակաբույսերից մեկն է, որը Եվրոպա է բերվել Կոլումբոսի երկրորդ ճանապարհորդությունից հետո։ Եվրոպացիներն սկզբնական շրջանում այն աճեցրել են որպես դեկորատիվ բույս եւ միայն XVII դարի վերջում է լայն տարածում ստացել որպես բանջարանոցային մշակաբույս։
Հին Հռոմում լոբին օգտագործել են ոչ միայն որպես սնունդ, այլեւ` կոսմետիկ միջոց: Նրանից պատրաստել են դիմափոշի եւ դեմքը սպիտակեցնող միջոց:
Լոբուց պատրաստված դիմափոշին համարվել է որպես դեմքի մաշկը փափկեցնող եւ կնճիռները հարթեցնող միջոց: Լոբու բաղադրատոմսով պատրաստված դիմակ ժամանակին օգտագործել է Կլեոպատրան:
Լոբու սերմերը պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ` 25 տոկոս, որն իր սննդային արժեքով ավելին է, քան մի շարք մսի տեսակներ: Լոբու սերմերը իրենց հերթին բաղկացած են կյանքի համար շատ անհրաժեշտ ամինաթթուներից, ածխաջրերից, ճարպերից, B1, B2, B3, B6, C, E, K եւ PP վիտամիններից, կալիումի աղերից եւ ֆոսֆորից: Կանաչ լոբին պարունակում է գլոբուլին, ամինաթթուներ, ցելյուլոզա, վիտամիններ:
Ուժեղացնում է ստամոքսահյութի արտադրությունը, ունի միզամուղ, արյան ճնշումն իջեցնող, շաքարի պարունակությունն արյան մեջ կարգավորող ազդեցություններ:
Կիրառվում է ցածր թթվայնությամբ ընթացող գաստրիտների, երիկամների եւ միզապարկի հիվանդությունների, հիպերտոնիայի, սրտային բնույթի այտուցների, քրոնիկական այտուցների, ռեւմատիզմի, երիկամի բորբոքային հիվանդությունների ժամանակ: Մեծ նշանակություն ունի լոբու օգտագործումը շաքարային դիաբետի բուժման ժամանակ:
20 գրամ մանրացված չոր հումքը 1 լիտր ջրում եփել: Եռացնել ստացված եփուկը` մոտ 0,5 լիտր, խմել օրվա ընթացքում՝ մաս-մաս, հավասար չափերով: Այս ձեւով պատրաստված եփուկը օգտակար է շաքարային դիաբետի հատկապես թեթեւ ձեւերի ժամանակ: Շաքարային դիաբետը բուժելու համար շատ լավ է, երբ լոբու եփուկը պատրաստվում է մրտենային հապալասենու տերեւների խառնուրդից, հավասար քանակությամբ: 2 ճաշի դգալ այդ հումքից եփում են 2 բաժակ ջրում եւ օգտագործում 1/3 բաժակ, օրական 4-5 անգամ: Խորհուրդ է տրվում, որ այս պատրաստի խառնուրդին ավելացվի նաեւ դափնու տերեւ:
Մաշկի էկզեմաների ժամանակ օգտագործվում է լոբուց ստացված ալյուրը:
Որպես կոսմետիկ միջոց՝ առաջարկվում է չոր լոբին խաշել, ավելացնել բուսական յուղ, լավ տրորել, որից հետո ավելացնել նաեւ կիտրոնի հյութ: Կիտրոնի հյութին կարելի է փոխարինել նաեւ չիչխանի հյութ եւ մեղր: Այս բաղադրատոմսով պատրաստված դիմակը մաշկը դարձնում է առաձգական եւ նուրբ:
Որքան էլ որ լոբին օգտակար է, այնուամենայնիվ, ունի նաեւ սահմանափակումներ՝ հոդատապի, նեֆրիտի, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի, կոլիտի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի խոցերի դեպքում, քանի որ հատիկը պարունակում է բարդ շաքարներ, որոնք չեն մարսվում մարդու օրգանիզմում։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
27.11..2015
Անուշիկ, լոբին Կլեոպատրան անձամբ է ստացել Կոլումբոսից, թե՞ նավաստիները Եգիպտոսի ափին թողել` գնացել են: