168.am-ի տեղեկություններով՝ վնասազերծվածներից մեկը 1996թ. ծնված Տիգրան Բոյաջյանն է, ով մինչև վերջերս սովորում էր Երևանի պետական համալսարանի «Ակտուարական և Ֆինանսական մաթեմատիկա» ֆակուլտետում՝ 2-րդ կուրսում:
Վերջինս, սակայն, ըստ ուսանողների, վերջին շրջանում գրեթե միշտ բացակայել է դասերից, նույնիսկ քննությունները չի կարողացել վերահանձնել և դուրս է մնացել համալսարանից: Ըստ ուսանողների՝ նա վերջին շրջանում դարձել էր Ժիրայր Սէֆիլյանի նախաձեռնած «Հիմնադիր խորհրդարանի» աջակիցներից, մասնակցել է նրանց կողմից կազմակերպված քաղաքական ակցիաներին, միջոցառումներին, այդ իսկ պատճառով հաճախ բացակայել է դասերից:
Բացակայությունների պատճառով նա չի կարողացել վերահանձնել քննությունները, ինչի հետևանքով վերջնականապես դուրս է մնացել համալսարանից: Նա, ինչպես պնդում են ուսանողները, լավ երիտասարդ էր և նրան ճանաչողների համար անսպասելի է եղել և դասերից այդչափ բացակայությունները, և հետագայում՝ համալսարանից դուրս մնալը: Տիգրան Բոյաջյանը ֆեյսբուքյան էջում ներկայանում էր նաև Tiger անվամբ, նույն գործով ձերբակալված Նելլի Մինասյանի հետ ակտիվորեն մասնակցել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացված բողոքի ակցիաներին:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինված հանցավոր խումբը՝ զինված ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով, նախատեսել էր զինված գործողություններ կատարել մայրաքաղաքում: Ավելին, ըստ նույն տեղեկությունների՝ դա պետք է տեղի ունենար հանրահավաքներից մեկի ժամանակ:
Կարդացեք նաև
Փորձեցինք Տիգրան Բոյաջյանի մասին տեղեկատվությունը ճշտել «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներից: 168.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից ոմանք նշեցին, որ վերջին շրջանում չեն տեսել ու կապ չեն ունեցել Տիգրան Բոյաջյանի հետ: «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում չի տեսել Տիգրանին ու ոչ մի տեղեկություն չունի նրանից. «Մենք կուսակցություն էլ չենք, անդամատոմսեր էլ չենք տալիս, աջակիցն ուզում է՝ գնում է- գալիս է, հեռանում է, մոտենում է, ինչպես ուզում է՝ վարվում է, մենք աջակիցներ ունենք, որ մեզ հետ չեն էլ շփվում ընդհանրապես»:
Մենք խնդրեցինք նրան՝ որոշակի կոնտակտներ մեզ տրամադրել, որպեսզի կարողանանք կապ հաստատել Տ. Բոյաջյանի հետ, սակայն Վ. Ավետիսյանն ասաց, որ իրենք հազարավոր աջակիցներ ունեն, ու ոչ բոլորի հեռախոսահամարներն են պահում: Հիշեցնենք, որ Տ. Բոյաջյանը ժամանակին նաև հերթապահում էր «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում և հարցազրույցներով հանդես գալիս:
Մեր այն հարցին էլ, թե՝ չկա՞ մեկը, որ կարող է ինչ-որ տեղեկություն հայտնել կամ նրա հետ կապ հաստատելու հեռախոսահամարներ տալ մեզ, Վ. Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել, այս պահին որևէ մեկը մտքիս չի գալիս»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «168.am»-ի կայքում