Այսօր Ազատության հրապարակում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանրահավաք էր հրավիրել ընդդեմ սահմանադրական փոփոխությունների:
Պարույր Հայրիկյանը հակասահմանադրական համարեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ ասաց, որ ոչ-ի ճամբարները միեւնույն շեշտադրումն ունեն՝ մեզ հակասահմանադրական հանրաքվե պետք չէ. «Սա այն կարգախոսն է, որը համախմբում է ոչ միայն ընդդիմադիրներին, այլեւ բոլոր կարգին հայերին: Բայց դա ազգը միավորող կարգախոս չէ, պատմական այս փուլում մեր ազգը կարող է միավորվել արդարության նկատմամբ ընդհանրական մոտեցմամբ: Այն որ դա հակասահմանադրական է, նույնիսկ կիսագրագետ մարդու համար ակնհայտ է»:
Պարույր Հայրիկյանը կոչ արեց բոլոր քաղաքացիներին դեկտեմբերի 6-ին դեմ քվեարկել, իր բնորոշմամբ, իշխանության վերարտադրությանը նպաստող փաստաթղթին: Նա հիշատակեց նաեւ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածը, որտեղ նա ևս խոսում է սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու մասին:
Կարդացեք նաև
Պարույր Հայրիկյանը չմոռացավ նաեւ ԱԻՄ ներկայացրած սահմանադրական փոփոխությունների իրենց մերժված նախագիծը՝ այն համարելով մերժված այլընտրանք:
ԱԻՄ-ականները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26, հետո նրանցից ոմանք կրկին վերադարձան Ազատության հրապարակ:
Արփինե ՍԻՄՈՆԱՆ