Լրահոս
Օրվա լրահոսը

Խտրականությունն արգելող օրենքի ընդունումը՝ անհրաժեշտություն

Նոյեմբեր 27,2015 20:00

ՀՀ-ում փորձ է կատարվում ընդունել խրականությունն արգելող նոր օրինագիծ:  Այս շրջանակներում  Եվրասիա համագործակցություն հիմնադրամն (ԵՀՀ) անցկացրեց «Խտրականությունն արգելող օրենսդրության ընդունումը։ Լրատվամիջոցների դերը» խորագրով կլոր-սեղան քննարկում: Այն ավելի գործնական բնույթի էր, որի նպատակն էր քննարկել նախ օրենքի կարևորության, այնուհետև այդ գործընթացում լրատվամիջոցների դերին վերաբերող հարցեր:

Բանախոսները կարևորեցին լրատվամիջոցների դերակատարությունը: ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը հիմնավորեց, թե ինչու ՀՀ-ում նման օրենքի ընդունման կարիք կա. «Ընդամենը մեկ տարի առաջ մեզ թվում էր, թե խտրականության վերաբերյալ մենք ունենք բավականին շատ օրենսդրական նորմեր տարբեր օրենքներում:

Բայց երբ «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի պատվերով իրականացվեց հետազոտություն, պարզ դարձավ, որ նման օրենքի անհրաժեշտություն կա»: Կարևորվեց այն փաստը, որ նախաձեռնությունն իրականանում է պետական մարմնի և քաղհասարակության հետ համագործակցության արդյունքում:

Ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը շեշտեց, որ այս օրենքը պետք է ոչ թե կոնկրետ խմբի մարդկանց, այլ բոլորիս, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է առնչվել խտրական վերաբերմունքի:

Սոցիոլոգ, ԵՀՀ-ի կողմից իրականացված փորձագիտական հետազոտության համահեղինակ Գայանե Հովակիմյանը նշեց, որ իրենց կատարած հետազոտություններն ուղված են եղել հասկանալու՝ մարդկանց տարբեր խմբեր հասկանո՞ւմ են խտրականության կանխարգելման անհրաժեշտությունը, թե՝ ոչ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ անխտիր բոլոր մասնակիցներն ընկալում էին խտրականությունը՝ որպես խնդիր և գտնում, որ ՀՀ-ում կա խտրականություն. «Պետական կառավարման համակարգում կար ընկալում, թե առաջին  հերթին այն ազգային մտածողության խնդիր է, իսկ քաղհասարակության շրջանում գերակշռող էին այն կարծիքները, որ դա օրակարգային հարց է»:

Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Նինո Բոլկվաձեն խոսեց Վրաստանի դասերի մասին: Վրաստանում այսպիսի օրենք արդեն գործում է:

Բանախոսն ասաց. «Հասարակությունը սկզբում երկու մասի էր բաժանված. ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք փոքր հատված էին կազմում և կարծում, որ պետք է ընդունել նման օրենք և հասարակության մեծամասնությունը, որը բացասաբար էր վերաբերվում նման օրենքի ընդունմանը: Անգամ հոգևորականները պատգամավորներին ասում էին, որ եթե ընդունեք այդ օրենքը, կարժանանաք մեր անեծքին: Արդյունքում օրենքն ընդունվեց, իհարկե, ավելի մեղմ տարբերակով: Այնուամենայնիվ կարևորն առաջին քայլն է, կարևոր գործն այդ առումով արված է»:

Aravot.am-ի հարցին՝ ընդունման դեպքում ինչպե՞ս կանդրադառնա նոր սահմանադրությունը խտրականության կանխարգելման մասին օրենսդրության վրա, պարոն Սեդրակյանը պատասխանեց. «Այն որևէ առումով չի կարող բացասական ազդեցություն ունենալ տվյալ օրենքի որակի վրա: Այն չի պարունակում որևէ դրույթ, որը հետքայլ է մի խումբ անձանց մեկ այլ խումբ անձանց միջև հավասարություն չդնելու առումով»:

«Արնի Քոնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանի կարծիքով՝ նոր սահմանադրության տեքստում կան այնպիսի ունիվերսալ սկզբունքներ, ասենք համաչափությունը, որոնք միանշանակ օգնելու են խտրականության մասին օրենսդրության հարցում:

Իզաբելլա Սարգսյանը, այնուամենայնիվ, որոշ մտահոգություններ ունի. «Այս նախագծում  կան ակնհայտ վտանգներ կրոնի, հավաքների ազատության մասով, քանի որ հանրային անվտանգություն եզրույթը նոր տեքստում փոխարինված է պետական անվտանգություն տերմինով: Սակայն դեռ փաստ չէ այն, որ այս սահմանադրության նախագիծը պետք է անցնի»: Արա Ղազարյանն ի պատասխան նկատեց, որ եթե անգամ պետական անվտանգություն բառը շատ է հոլովվում սահմանադրությունում, միևնույն է,այդ հարցերը կարելի է կարգավորել օրենքով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30