Քաշաթաղի շրջխորհրդի հերթական նիստը, որը վարեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, կայացավ նոյեմբերի 27-ին շրջանում գործող տարբեր կառույցների աշխատակիցների, ղեկավարների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Օրակարգի առաջին հարցը նվիրվեց 2015 թ. դեկտեմբերին Արցախում անցկացվող մարդահամարի նախապատրաստական աշխատանքներին, որի մասին ելույթ ունեցավ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը: Տեղեկացնելով, որ համապետական կարևոր նշանակություն ունեցող այս միջոցառումը՝ մարդահամարը, Արցախում անցկացվում է երկրորդ անգամ՝ 10 տարի անց, Կ. Ներսիսյանը կարևորեց բոլորի մասնակցությունը: Ի տարբերություն առաջին մարդահամարի, որն անցկացվեց 2005 թվականին, նորը 5 հարցով ավելացել է: Քաղաքացիները պետք է պատասխանեն ընդհանուր 55 հարցի:
Նոր մարդահամարը նաև նպատակ է հետապնդում միջազգային կառույցներին ապացուցելու, որ Արցախը կայացած պետություն է բոլոր առումներով: Ինչ վերաբերում է ադրբեջանական բարբաջումներին, որ Արցախում ընդամենը 50 հազար մարդ է ապրում, պետք է ցույց տանք, որ տվյալները մի քանի անգամ ավելի են: Ինչ վերաբերում է դեկտեմբերի 1-9-ն ընկած ժամանակահատվածին, երբ տեղի է ունենալու մարդահամարը, բոլորը պետք է սատարեն ու օժանդակեն աշխատակիցներին: Համայնքների ղեկավարներին հորդորեց բացատրական աշխատանք իրականացնել բնակչության հետ՝ գիտակցելու մարդահամարի կարևորությունը:
Տեղեկացրեց, որ մարդահամարի աշխատանքներն իրականացնելու նպատակով մոտ 700 աշխատակիցներ(հրահանգիչ-հսկիչներ, հաշվարարներ) են ընդգրկված հանրապետությունում (աշխատանքները վճարովի են): Նրանց համար կազմակերպվել են սեմինարներ: Մարդահամարից հետո՝ 3 ամսվա ընթացքում, կհրապարակվեն ընդհանուր տվյալներ: Անհատական տվյալները գաղտնի են մնալու: Վերջնական ու ճշտված տվյալները կհրապարակվեն 2016 թվականի վերջին: Կ. Ներսիսյանը նշեց, որ աշխատանքներին օժանդակում են նաև ՀՀ համապատասխան կառույցները: Համայնքների ղեկավարներին ու դպրոցների տնօրեններին շրջվարչակազմի ղեկավարի կողմից եղավ հանձնարարական օժանդակել համապետական այս կարևոր միջոցառմանը:
Կարդացեք նաև
Համայնքների ղեկավարների կողմից հնչեցին հարցեր, հատկապես տրանսպորտային միջոցների վերաբերյալ՝ հաշվի առնելով Քաշաթաղի շրջանի տարածքի մեծությունը, նաև այն, որ որոշ համայնքներ ունեն մի քանի բնակավայր: Կ. Ներսիսյանը հավաստեց, որ այս հարցում ԱՎԾ-ի կողմից օժանդակություն կլինի: Կատարված աշխատանքի վերաբերյալ հանդես եկավ նաև ԼՂՀ ԱՎԾ Քաշաթաղի բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Եսայանը: Նշելով մարդահամարի կարևորությունը՝ Ա. Եսայանն ավելացրեց, որ հաշվարարների հարցերին պատասխանելը պարտադիր է, իսկ խուսափելն առաջացնում է պատասխանատվություն ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշեց նաև, որ հարցադրումներ սկսելու և դրանց պատասխանելու կրիտիկական պահն սկսվում է նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի կեսգիշերը՝ ժամը 00-ն: Տեղեկացրեց, որ մարդահամարի անցկացման նպատակով շրջանում կազմավորվել է 1 տեղամաս, 6 հրահանգչային տեղամաս և 36 հաշվային տեղամաս: Նշանակված են հրահանգիչ-հսկիչներ և հաշվարարներ, որոնց հետ պարբերաբար կազմակերպվել են սեմինարներ: Օրակարգի հաջորդ հարցը նվիրված էր շրջանում աշնանացանի աշխատանքներին, որի վերաբերյալ զեկուցեց շրջվարչակազմի գյուղվարչության ագրոտեխնիկական բաժնի վարիչ Նարեկ Դավթյանը:
Ըստ զեկուցողի՝ արդեն իրականցվել է 12000 հեկտարից ավելի հերկ, 10000հա-ից ավելի ցանքս, որից ցորեն՝ մոտ 7000հա, մնացածը՝ գարի: Վարելահողերում աշխատում են 70 և ավելի վար ու սկավառակ կատարող, ինչպես նաև 40 ցանքս կատարող տեխնիկա: Այս տարվա առատ բերքատվությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել մկնանման կրծողների զարգացման համար: Այդ պատճառով հերկին ու ցանքսին զուգահեռ վարելահողերում կատարվում է պայքար վնասատուների դեմ:
ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից (ԳԳԱՀ) ստացվել է 500 կգ թունաքիմիկատ, 200լ իզոցին և 300լ ձեթ: Այս օրերին արդեն 2500հա տարածքի վրա իրականացվել է պայքար կրծողների դեմ: Աշնանացանի կատարման նպատակով ԳԳԱՀ-ից ստացվել է 46,5 մլն դրամի փոխառություն և 5000լ դիզվառելիք՝ սուբսիդավորված՝ 1 լիտրը 350 դրամով: Ն. Դավթյանը ասաց՝ վերջին օրերի բարենպաստ եղանակը պայմաններ է ստեղծել, և շրջանի հարավային թևում հողօգտագործողներն աշխատում են օր առաջ ավարտել հացահատիկի ցանքսը: Ելույթի վերջում Ն. Դավթյանը տեղեկացրեց նաև, որ Ստեփանակերտի կենտրոնական շուկայում Քաշաթաղի շրջանի գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար անվճար հատկացվել են տաղավարներ, և ցանկացողները կարող են իրենց ապրանքը վաճառել այնտեղ, անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև հյուրանոցային համարներ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ս. Խաչատրյանը ևս հանձնարարականներ տվեց համայնքների ղեկավարներին օժանդակել մարդահամարի անցկացմանը և աշնանացանը կատարել ժամանակին: Եղան նաև պարգևատրումներ: ԼՂՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեց շրջանի «Անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Էլբակյանը՝ Քաշաթաղի շրջանի զարգացման ու ամրապնդման գործում ունեցած ավանդի և բարձր մասնագիտական կարողությունների դրսևորման համար: Իսկ 4 հոգի պարգրատրվեցին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի պատվոգրով: Հրամաններն ընթերցեց շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, պարգևները հանձնեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:
Զոհրաբ Ըռքոյան