Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց երիտասարդների համահայկական երկրորդ համաժողովը՝ «Ապագա» խորագրով

Նոյեմբեր 27,2015 18:33

Նոյեմբերի 27-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության  և Նիժնի Նովգորոդի «Իմաստ»  երիտասարդական ընկերակցության կողմից կազմակերպված  երիտասարդական  համահայկական երկրորդ  համաժողովը՝ «Ապագա» խորագրով:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների շուրջ 70  ղեկավարներ և ներկայացուցիչներ՝ աշխարհի 10 երկրից:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի մասնակիցներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում, մասնավորապես ասված էր. «Վստահ եմ, որ համաժողովի ըն­թաց­քում քննարկվելիք հարցերի շարքում են լինելու հայ երիտասարդության մաս­նագի­տա­կան ներուժի համախմբումը, հայոց լեզվի և ազգային ինքնության պահ­պա­նումը, ուծաց­ման մարտահրավերներին դիմակայելու տարբերակների առաջադրումը, ինչ­պես նաև միջհամայնքային կապերի զարգացումը՝ ի նպաստ Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդման»:

Այնուհետև, ՀՀ սփյուռքի նախարարը հանդես եկավ ապագային միտված երիտասարդների հիմնախնդիրների մասին ընդարձակ զեկուցումով: Նա դիմեց աշխարհի 10 երկրներից ժամանած հայ երիտասարդներին. «Գիտեմ, որ անհատականության ձևավորման փուլում Սփյուռքում հայ երիտասարդի համար առավել դժվար է ազգային ինքնագիտակցության գործընթացը, դժվար է ինքնահաստատվել` մնալով հայ և դառնալով իր բնակության երկրի օրինավոր քաղաքացի: Հայ երիտասարդությունը պետք է միավորվի և իր ապագայի տեսլականը, իր ռազմավարությունը կերտի՝ հաշվի առնելով և վերլուծելով աշխարհաքաղաքական գլոբալ մարտահրավերները, տարածաշրջանային մարտահրավերները, հայ ժողովրդի և հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները, Հայրենիքի և Սփյուռքի հայ երիտասարդության առջև ծառացած մարտահրավերները»:

ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ Հայկական Սփյուռքը բազմաբնույթ է, բազմատարր, բազմակարիք ու բազմակարծիք, սակայն ձևավորվել են համազգային առաջնահերթություններ, որոնք ընդունելի են բոլորի կողմից և որոնց լուծման ուղղությամբ յուրաքանչյուր հայ ջանքեր չպիտի խնայի: «Մասնավորապես երիտասարդներն իրենց ներդրումը պետք է ունենան Հայաստանի առավել զորացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և միջազգային իրավունքի հիման վրա  լուծման, Սփյուռքի ինքնակազմակերպման, ազգային ինքնության պահպանման և աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման, հայ  եկեղեցու  շուրջ հայության համախմբման, արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի օգնության ու աջակցության գործում», – նշեց նա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հայ երիտասարդության մասնակցության հարցին՝ նախարարն ընդգծեց, որ միջոցառումների բարձր կազմակերպվածությունը վկայեց հայ ժողովրդի բացառիկ միասնականության մասին, համախմբվելու, մեկ ամբողջություն դառնալու մասին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը, նշեց, որ Հայաստանի երիտասարդական պետական ռազմավարության մեջ մեծ տեղ է հատկացվում Սփյուռքում հայ երիտասարդության հայրենաճանաչության, հայապահպանության, համահայկական սպորտային, մշակութային կրթական և այլ ծրագրերի իրականացմանը, հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը:

«Հայեցի կրթության և դաստիարակության խնդիրը հրատապ է հատկապես Սփյուռքում, որտեղ զանազան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով նոր սերունդները դադարում են խոսել մայրենի լեզվով, ավելանում են խառնամուսնությունները, նվազում են հայկական դպրոցներ հաճախող աշակերտների թիվը, փակվում են կրթօջախներ: Հայապահպանությունը Սփյուռքում Հայաստան-Սփյուռք գործակցության ռազմավարական ուղղություն է, համազգային առաջնահերթություն, այն դարձել է առանցքային խնդիր», – նշեց նախարարը՝ կոչ անելով սովորել և պահպանել մայրենին և հայկական ազգանվան «յան» մասնիկը :

Անդրադառնալով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների լայն հնարավորությունների կիրառմանը՝ գերատեսչության ղեկավարը նկատեց, որ դրանց արդյունավետ օգտագործումը մեծապես նպաստում է Հայաստանի և Սփյուռքի փոխճանաչողությանը, համայնքների հետ ավելի սերտորեն գործակցելուն, համայնքներում տեղի ունեցող անցուդարձին և կարևոր  իրադարձություններին տեղեկանալուն, Հայաստան-Սփյուռք կապերը ամրապնդելուն:

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Հայկական բանակն անկախության ամենամեծ նվաճումն է, հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխավորը:

Նախարարն ասաց, որ ազգային միասնականության խնդիրների շարքում կարևոր է Հայ առաքելական եկեղեցու դերի ամրապնդումը: «Հայ ազգը պետք է շատանա, բազմանա և յուրաքանչյուր երիտասարդի պարտքը պետք է լինի, որ իր ընտանիքում ունենա առնվազն 3 երեխա: Մեր ռազմավարական խնդիրներից պետք է լինի հայ ազգի բազմացումը` աշխարհի որ ծեգում էլ լինի: Կարելի է երեք տարին մեկ անգամ հնարավորություն գտնել և միայնակ կամ ընտանիքով, ընկերներով հանգստանալ հայրենի հողի վրա», – նշեց նա:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ սփյուռքի նախարարը համաժողովականներին կոչ արեց նախանշել հայ երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման իրատեսական ուղիներ՝ ի մի բերելով անհրաժեշտ միջոցներն ու գործիքները:

Ելույթ ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ նշելով, որ նախարարության կողմից երիտասարդության շրջանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ միտված նրանց ընդհանուր զարգացածության մակարդակի բարձրացմանը, պետական և հայանպաստ բազմաթիվ այլ գործընթացների մեջ երիտասարդների ընդգրկմանը: «Ես՝ որպես սպորտի ոլորտի պատասխանատու, հորդորում եմ բոլորիդ լինել ակտիվ նաև մարզական բնագավառում, զբաղվել ֆիզկուլտուրայով, վարել առողջ ապրելակերպ»:

Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նշեց, որ միության և ՀՀ սփյուռքի նախարարության գործակցությունն ամուր է  և այս համաժողովով սկսվում է նոր փուլ, որը պիտի ապահովի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համաչափ զարգացումը:

Շնորհակալական և ողջույնի խոսքով հանդես եկավ Նիժնի Նովգորոդի «Իմաստ» երիտասարդական ընկերակցության նախագահ  Անի Մխիթարյանը: «Մենք մեկ տարի շարունակ պատրաստվել ենք այս համաժողովին և հասկանում ենք, որ մեր օգնությունը մեր Հայրենիքին անհրաժեշտություն է: Մենք պետք է լինենք լավատես: Մեր ուժերի համախմբման դեպքում մենք կարող ենք ստեղծել հզոր Հայաստան, քանի որ գիտակցում ենք, որ դա կախված է նաև մեզանից՝ երիտասարդներից»:

Թեմատիկ քննարկումների շրջանակներում հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը: Նա ներկայացրեց երիտասարդական հիմնախնդիրները և Հայաստանում երիտասարդական քաղաքականությունը:

Հայկական ինքնության հիմնախնդիրների մասին  զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի  ավագ գիտաշխատող Հարություն Մարությանը:

«Ճանաչել Հայաստանը» (զբոսաշրջություն, կինոարտադրություն, սոցիալական գովազդ, նորաձևություն և արվեստ) թեմատիկ քննարկման ընթացքում զեկուցումով հանդես եկավ «Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը :

«Բիզնեսի զարգացումը և բարեգործական ծրագրերը» (օգնություն հայրենադարձներին, սիրիահայ երիտասարդների հիմ­նախնդիրները, աջակցություն տաղան­դ­ավոր երիտասարդներին, մասնակցություն start-up-երի ստեղծմանը, ներդրումներ կրթական ոլոր­տում) թեմատիկ քննարկման ընթացքում ելույթ ունեցան Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը:

«Աջակցություն ազգային նախաձեռնություն­ներին, ներդրումներ կրթական ոլորտում» թեմատիկ քննարկման ընթացքում հանդես եկան Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի ուսանողության հարցերով խորհրդական, ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովի նախա­գահ Հռիփսիմե Մարգարյանը, ՌԲԳԱ ակադեմիկոս, փիլիսոփայական գիտությունների դոկ­տոր Էռնեստ Գրիգորյանը, Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբ-կամավորական աշխատանքների ծառայության վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը:

Համաժողովի առաջին օրվա ավարտին մասնակիցների միջև ծավալվեց շահագրգիռ մտքերի փոխանակություն:

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 28-ին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30