Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնտեղ պիտի Շմայսի, գեներալ Մանվելի նման ականավոր օրենսդիրներ լինեն նստած»

Նոյեմբեր 27,2015 17:58

«Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը սահմանադրական բարեփոխումների` իր բնութագրմամբ` «բոյկոտիստներից» է, քանի որ համարում է, որ այս բարեփոխումները մեր քաղաքական օրակարգից դուրս հարց են` «Բաղրամյան 26-ի կողմից մոգոնված եւ մեյդան գցված»: Այդ մասին այսօր նա հայտարարեց «Հայելի» մամուլի ակումբում, ԲՀԿ խմբակցության քարտուղար, «այո»-ի կողմնակից Վահան Բաբայանի հետ բանավեճի ժամանակ: Հայաստանի առջեւ ծառացած 50 խնդիրների մեջ Լեւոն Բարսեղյանը ոչ մի կերպ չի տեսնում սահմանադրական բարեփոխումները: Հիշում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո մի քանի հազար մարդ փողոց էր դուրս եկել, էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված Բաղրամյան փողոցն օրերով փակ էր եւ այլն, բայց չի հիշում, որ երկու մարդ փողոց դուրս գային եւ պահանջեին սահմանադրություն փոխել:

Հայաստանի առջեւ ծառացած չարիքների ակունքում, ըստ նրա, մի քանի պաշտոնյաներ են` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Լեւոն Բարսեղյանը հիշեցնում է, որ 2005-ին, երբ սահմանադրություն էր փոխվում` նախագահական համակարգից կիսանախագահականի անցում կատարելով, իշխանավորները հիմնավորում էին, որ շատ բան մեր կյանքում փոխվելու է, բայց 2008-ին խայտառակ իրադարձություններ եղան, բանակը դուրս բերվեց ժողովրդի դեմ: «Սահմանադրությո՞ւնն էր մեղավոր»,- հռետորական հարց հնչեցրեց Լեւոն Բարսեղյանը` շարունակելով, որ էլի արհեստական մի բան է մոգոնվել, քանի որ Սերժ Սարգսյանն արժանի իրավահաջորդ չունի նախագահի լիազորությունները փոխանցելու համար:

Այս ամենին Վահան Բաբայանը հակադարձեց. «Իհարկե, սահմանադրական փոփոխությունները մեր թիվ մեկ խնդիրը չեն, բայց դա քաղաքական օրակարգում է, իհարկե, մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում: Բայց մենք չենք ելնում նրանից, որ եթե այդ փոփոխություններն առաջարկում են իշխանությունները, ուրեմն դա վատ բան է, եթե երկրում կան բազմաթիվ լուծում պահանջող խնդիրներ ու որոշ մարդիկ դա չեն կապում Սահմանադրության հետ` պետք է ետ կանգնել դրանից»:

ԲՀԿ-ական պատգամավորը սկսեց թվարկել այն դրականը, ինչի համար ԲՀԿ-ն «այո» է ասում սահմանադրական բարեփոխումներին` մեծամասնական ընտրական համակարգից հրաժարում, նախագահի գերկենտրոնացված իշխանության բաժանում իշխանության երեք թեւերի վրա եւ այլն:

Լեւոն Բարսեղյանը հիշեցնում է, որ մեր երկրում հարցերն օրենքով չեն լուծվում` պետք է լինում` այս կուսակցությանը վերցնում մի կողմ են դնում, փռում են գետնին եւ այլն: Բայց այդ ամենի պատճառը վատ սահմանադրությունը չէ, այլ այն, որ մարդիկ իշխանության են եկել ընտրակեղծիքներով. «Հայաստանում տեղի է ունեցել իշխանության պարբերական զավթումներ, Սերժ Սարգսյանն իշխանության է եկել ցուցարար գնդակահարելով, քաղաքական ցույցերը ճնշելով, քաղբանտարկյալների մի ահռելի բանակ` 130 հոգի, ունենալով»:

Նա չի պատկերացնում, թե ասենք, մենաշնորհների դեմ պայքարելու կամ արտագաղթը կանխելու համար ինչի պետք է սահմանադրություն փոխել: Նա երաշխիքներ չի տեսնում նաեւ, որ Հայաստանի պաշտպանության ամրապնդմանը եւ մի շարք այլ հարցեր փոփոխված սահմանադրությամբ առավել արդյունավետ են լինելու:

Վահան Բաբայանը նկատում է` դրախտներ խոստանում են միայն ուտոպիստները, քանի որ պետություն ղեկավարելը միայն խոսելն ու քննադատելը չէ: Նա չի հասկանում, թե ինչու է Լեւոն Բարսեղյանը դեմ իշխանության ապակենտրոնացմանը, ինչից ինքն էլ է դժգոհ:

Մինչդեռ, Լեւոն Բարսեղյանը գտնում է, որ բարեխիղճ իշխանությունը` Հայաստանի ներկայիս անկումային վիճակում, պիտի ասեր` կներեք ու հեռանար:

Ի դեպ, Լեւոն Բարսեղյանը չի ցանկանում կառավարման համակարգում, մասնավորաբար խորհրդարանում լինել, քանի որ ինքը մասնագետ չէ. «Ես ոչ իրավաբան եմ, ոչ տնտեսագետ: Էնտեղ պիտի Շմայսի, գեներալ Մանվելի նման ականավոր օրենսդիրներ լինեն նստած»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30