Արդեն տեղեկացրել ենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում է նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված հանցավոր խմբի անդամների նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու մասին անհատական միջնորդությունները:
Ձերբակալված աղջիկներից 3-ի՝ քույրեր Ասյա Մկրտչյանի, Մարինե Կատանյանի եւ Գլաձորի համալսարանի ուսանողուհի Նելլի Մինասյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռեւս քննարկվել է միայն Ասյա Մկրտչյանին կալանավորելու հարցը: Դատարանը որոշել է նրա նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրել մինչեւ 2016 թ. հունվարի 25-ը:
«Պետք է ասեմ, որ մեր պաշտպանյալները հայտնել են դիրքորոշումներ, որ առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չեն ճանաչում, իրենք առնչություն չունեն որեւէ հանցագործության հետ եւ հանցավոր արարք չեն կատարել»,- նշեց Ինեսսա Պետրոսյանը:
Նա նաեւ հավելեց, որ բոլոր փաստաբանները ստորագրել են նախաքննության գաղտնիքը չհրապարակելու մասին փաստաթուղթ. «Բայց ասեմ, որ մենք չենք էլ տիրապետում նյութերին, որովհետեւ նախաքննական մարմինը շատ զգույշ է աշխատում եւ նյութեր մեզ չեն տրամադրում: Տեղեկատվությունն, ըստ էության, շատ սուղ է եւ պաշտոնական տեղեկատվությամբ ամեն ինչ արդեն ասված է»:
Կարդացեք նաև
Ինեսսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ ընդհանրապես խափանման միջոցն ընտրելուց ընդհանրապես հաշվի են առնում տարիք, բնակության վայրը, հիվանդության կարգ ունենալ-չունենալու հարցը: «Իսկ այս պարագայում ոչինչ հաշվի չի առնվում»:
Հավելենք, որ ձերբակալվածները մեկը (լուսանկարում) դատարան մտնելուց առաջ նայեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, խաչակնքվեց, նոր ներս մտավ:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ