Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԽ նախագահը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և քննարկել սակագների ձևավորման քաղաքականության հարցերը

Նոյեմբեր 27,2015 16:31

Ս.թ. նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ՝ օրակարգային մի շարք հարցերով:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին նախ ներկայացրել է նոյեմբեր ամսվա ընթացքում ՀՀ նախագահի, վարչապետի, ինչպես նաև Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի հետ տեղի ունեցած իր հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվել են ՀԽ նախորդ նիստերին բարձրացված հարցեր:

Այնուհետև ՀԽ անդամներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը` անդրադառնալով նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի վնասազերծմանը, քննարկել տեղի ունեցածի վերաբերյալ հասարակական արձագանքը:

Քննարկվել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հանձնաժողովի կողմից ընդունված և ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ ներառված Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձևը: ՀԽ անդամները ընդհանուր առմամբ մտահոգություն են հայտնել վերջին շրջանում ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի ընդունման միտումների վերաբերյալ, քննարկել ԵԽԽՎ տարբեր հանձնաժողովներում հայ պատգամավորների գործունեությունն ու արդյունքները: Այնուհետև անդրադարձ է եղել Սարսանգի ջրամբարի ներկա վիճակին, դրա շահագործման ու անվտանգության հետ կապված հարցերին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու ընթացակարգին վերաբերող հարցը նույնպես ներառված է եղել նիստի օրակարգում՝ մասնավորապես կապված Հայ առաքելական եկեղեցում մկրտության փաստը հաստատող փաստաթղթի պահանջի հետ: Այս համատեքստում նիստի մասնակիցները քննարկել են նաև հայի ինքնության որոշման, ազգության սահմանման և նմանատիպ այլ հարցեր:

Նիստի ընթացքում Վազգեն Մանուկյանը գործընկերներին հայտնել է, որ հանդիպում է ունեցել ՌԴ VI գումարման Պետդումայի պատգամավոր, «Ռուսական աշխարհ» հիմնադրամի վարչության նախագահ Վյաչեսլավ Նիկոնովի հետ, որի հետ ծավալվել է հետաքրքիր զրույց Հայաստանը միջազգային քննարկումների հարթակ դարձնելու հարցի վերաբերյալ: Առաջարկ է հնչել, որպեսզի տարեկան մեկ անգամ Հայաստանում անցկացվի միջազգային խորհրդաժողով՝ քննարկելու համաշխարհային ներկա մարտահրավերները, փիլիսոփայական, գաղափարական, քաղաքական և կառուցվածքային այն զարգացումները, որոնց նախաշեմին այսօր կանգնած է մարդկությունը: Նիկոնովը կարևորել է նման քննարկումները Հայաստանում անցկացնելու անհրաժեշտությունը՝ որպես մտավոր մեծ ներուժ ունեցող և միջազգային քաղաքականության առումով համեմատաբար չեզոք դիրքերում գտնվող պետություն: ՀԽ անդամները փաստել են, որ Հայաստանը համաշխարհային տարբեր հարցերի շուրջ երկխոսության հարթակ տեսնելու պատրաստակամությունը միջազգային հանրության կողմից բազմիցս է արտահայտվել տարբեր վեհաժողովների և քննարկումների ժամանակ:

ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվել են նաև Հայաստանում Էլեկտրաէներգիայի և գազի սակագների հետ կապված հարցերը: ՀԽ նախագահը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և պետական համապատասխան կառույցների, ինչպես նաև ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել սակագների ձևավորման քաղաքականության հարցերը:

Նիստի ժամանակ մտքեր են փոխանակվել նաև դեկտեմբերի 6-ին անցկացվելիք ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Հանրային խորհրդի կազմի համալրման և այլ հարցերի վերաբերյալ:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30