Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական ապահովության հարցերով խորհրդատվական խորհրդի հերթական 28-րդ նիստը։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ողջունելով նիստի մասնակիցներին նշել է, որ խորհրդատվական խորհրդի նիստը արդյունավետ պլատֆորմ է՝ անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման, միասնական մոտեցումների ու սկզբունքների ձևավորման, համագործակցության հետագա շրջանակների հստակեցման համար: «Ամեն տարի այս նիստը իրականացվում է ըստ այբբենական կարգի: Այս տարի նիստն անցկացնելու հերթը Հայաստանինն է։ Օրակարգում դրված է ավելի քան 10 հարց, որոնք կապված են միասնական աշխատաշուկա ձևավորելու և սոցիալական ապահովության իրացման իրավունքի հետ»- նշել է նախարարը։
Նախարարի խոսքով, քանի որ քաղաքացիներն ազատ կերպով կարող են ԱՊՀ անդամ երկրներ այցելել, ապա այլ երկրում նրանք պետք է ունենան նույն իրավունքները, ինչ այն երկրում, որի քաղաքացին են: «ԵՏՄ և ԱՊՀ շրջանակներում գործում է միասնական սոցիալ-աշխատանքային շուկա, սակայն շատ հաճախ երկրների օրենսդրության մեջ փոփոխություններ են տեղի ունենում և խնդիրներ են առաջանում։ Բնականաբար, անհրաժեշտ է քննարկել այդ հարցերը և միասնական մոտեցումներով լուծում տալ։ Անկախ այն բանից, թե որ երկրի քաղաքացի է հանդիսանում մարդը, պետք է իրացվի սոցիալական ապահովության նրա իրավունքը»,- հավելել է Արտեմ Ասատրյանը։
Խորհրդի նիստի մասնակիցներն իրենց հերթին ներկայացրել են իրենց պետություններում սոցիալական պաշտպանության ոլորտը, ընթացող ծրագրերը և ոլորտի հետ կապված խնդիրները:
Կարդացեք նաև
«Մեր երկրում նույնպես սոցիալական ոլորտում այս պահին իրականացվում են խոշոր բարեփոխումներ և ինձ շատ հետաքրքիր է լսել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և մյուս երկրների փորձը: Վստահ եմ, այս հանդիպումից հետո ինձ հետ կտանեմ այլ պետություններում իրականացված հաջողված բարեփոխումների մի մեծ փաթեթ»,-նշել է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Լյուբով Ելցովան:
Նիստին մասնակցում էին Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարը, Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալը, Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալը և Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի տեղակալը, Գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական ու սոցիալական խնդիրների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ռազմիկ Խումարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ, հյուրեր:
Այցի շրջանակներում հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915թ. Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, այնուհետև կայցելեն Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին