Հայաստանում փորձում են զարգացնել ագրոտուրիզմը: Նոյեմբերի 27-ին Երեւանում «CerTour»՝ ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ ծրագրի եզրափակիչ համաժողովն է, որին մասնակցում են ծրագրի անդամ 6 երկրների ներկայացուցիչներ:
Այս ծրագրի 90%-ը, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց «CerTour» ծրագրի համակարգող Գեորգ Ստամպուլիսը, ֆինանսավորվել է Եվրամիության կողմից:
Ծրագրի շրջանակներում գյուղական տուրիզմի չափորոշիչների համակարգ է ներդրվել:
Aravot.am-ի այն հարցին՝ ի՞նչ ներուժ ունի Հայաստանը ագրոտուրիզմի զարգացման ուղղությամբ, Ստամպուլիսն ասաց, որ ծանոթ չէ:
Կարդացեք նաև
Արդյոք Հայաստանում տարածված հանքարդյունաբերությունը չի՞ խանգարում ագրոտուրիզմին, քանի որ արդյունաբերության այդ ճյուղը, ինչպես մասնագետներն են նշում, աղտոտում է շրջակա միջավայրը, մասնավորապես գյուղերն ու գյուղմթերքները, Էկոտուրիզմի ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանն ասաց. «Եթե մենք կարողանանք այնպես անել, տուրիզմն այնքան զարգացնենք, որ այն երկրին ու բնակչությանը բերի այնքան եկամուտ, որ բնակչությունն ու այն մեծ գումարներով մարդիկ համաձայնվեն ավելի շատ տուրիզմը զարգացնել, քան հանքարդյունաբերությունը, լավ կլինի, բայց չգիտեմ ինչպես կհաջողվի»:
Տիկին Գալյանն ասաց, որ եթե 10 տարի առաջ Հայաստանում չկար գյուղական տուրիզմ, ապա հիմա մեզ մոտ այն սկսում է զարգանալ:
«Արենի» գինու փառատոնի ղեկավար Նունե Մանուկյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ փառատոներն էլ նպաստում են գյուղական տուրիզմի զարգացմանը, գյուղերում գիշերակացների, հյուրատների զարգացմանը. «Օրինակ Արենի փառատոնի ժամանակ Չիվա, Ռինդ, Արենի, Եղեգնաձոր համայնքներում գյուղացիներն ակտիվ ներգրավված էին, այստեղ զարգանում են հյուրատները: Այս տարի կային տներ, որոնք առաջարկում էին հետաքրքիր ուտելիքներ՝ հանգստյան գոտիներով: Ամեն մի մարզ պիտի իր ուտեստներով ու ավանդույթներով զարգացնի գյուղական տուրիզմը, սա հետաքրքրում է օտարերկրացիներին: Ագրոտուրիզմը նաեւ փորձ է բարձրացնել գյուղացու կենցաղն իր օգնությամբ»:
Նունե Մանուկյանի խոսերով՝ գյուղաբնակ մարդիկ արդեն քիչ-քիչ հասկանում են՝ ինչ պետք է անեն. Մեր այցեքարտը հայկական պարզ կերակուրներն են ու դրանց գեղեցիկ մատուցելն է. «Ժողովուրդն աճում է, բայց մի բարդույթ ունի՝ ամաչում է վաճառել, հայը սովոր է՝ պիտի հյուրասիրի: Երբ ասում ենք՝ պիտի գումար վերցնես քո հյուրասիրության համար, ամաչում է: Պետք է սովորի դրան, որ իր ստեղծածը որպես ապրանք վաճառի»:
Aravot.am-ի հետ զրույցում Հյուրատների զարգացման հայկական ասոցիացիայի նախագահ Օֆելյա Պետրոսյանն էլ վստահեցրեց, որ օտարերկրացիներին շատ են հետաքրքրում հայկական ավանդույթները, խոհանոցը, գյուղաբնակների կյանքը, թե ինչպես են հող մշակում, լավաշ, պանիր պատրաստում. «Շատ երկրներում են խորոված պատրաստում, բայց թոնրի խորոված մեզ մոտ են պատրաստում, սա շատ է հետաքրքրում օտարերկրացուն, նրանք մասնակցում են լավաշի, սուջուխի եւ ուտեստների պատրաստմանը, նաեւ հետները տանում են»:
Տիկին Պետրոսյանի խոսքերով՝ երբ հարցում են անում զբոսաշրջիկների շրջանում, պարզվում է հաճախ եկեղեցիներ տանելը հոգնեցնում է նրանց, օտարերկրացիները գերադասում են ավանդույթներին ծանոթանալը, մարդկանց հետ շփումը. «Օրինակ՝ իրենք չէին էլ պատկերացնում, որ մեր անկողինը կարող է բրդից լինի, բուրդ չփխելը հետաքրքրում է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Տիկին Պետրոսյանն ասաց, որ լավ կլինի տուրօպերատորները, որոնք այցեր են կազմակերպում մարզեր, զբոսաշրջիկների ճաշը հյուրատներում կազմակերպեն, ոչ թե ռեստորաններում, որտեղ այդ ջերմությունը չկա, հյուրատանը զբոսաշրջիկը չի զգա, որ ինքը հյուրանոցում է կամ ռեստորանում, այլ տպավորությունն այնպիսին կլինի, որ բարեկամի տանն են:
Մեր այն հարցին՝ հիմա խաշի սեզոն է, արդյոք օտարերկրացիների համար սա հետաքրքիր ուտեստ է, տիկին Պետրոսյանն ասաց, որ հատկապես եվրոպացիների համար ծանր ուտեստ է, հիմա շատ ռուսներ են գալիս, նրանք ավելի շատ սիրում են խորոված, իսկ եվրոպացիները՝ ավանդական խոհանոցն են մեր սիրում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ