Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Նա նաեւ նշեց, որ իր պաշտպանյալի հետ քննարկումից հետո կհայտարարեն, թե բողոքարկելու են արդյոք խափանման միջոցը կալանք ընտրելու որոշումը, թե ոչ:
Հավելենք, որ այժմ դատարանը ԱԱԾ-ի կողմից ձերբակալված բոլոր անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու անհատական միջնորդություններն է քննում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեւոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Արթուր Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասի եւ 235 հոդված երրորդ մասի հատկանիշներով: Այսինքն, մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, ռազմամթերք, սարքեր ձեռք բերելու ու իրացնելու մեջ: Այս հոդվածներով նախատեսված է ազատազրկում մի դեպքում 8-12 տարի, մյուս դեպքում՝ 3-8 տարի:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ