Լրահոս
Օրվա լրահոսը

Փանիկից կան երկու ձերբակալվա՞ծ երիտասարդներ. նրանցից մեկն ավելի շատ հոգեւորական է, քան աշխարհիկ մարդ

Նոյեմբեր 27,2015 15:12

Շիրակի մարզի Փանիկ գյուղից, ըստ նախնական տեղեկությունների, ԱԱԾ-ի կողմից որպես զինված ահաբեկչական խմբի անդամներ ձերբակալվել են երկու երիտասարդներ: Նրանցից մեկը 26-ամյա Գեւորգ Ջնդոյանն է, որին ձերբակալել են անմիջապես Նորք-Մարաշ համայնքի տներից մեկում, իսկ երկրորդի անունը գյուղում խուսափում են հայտնել, քանի որ վստահ չեն, նա իրո՞ք ձերբակալված է, թե՞ ԱԱԾ-ն նրան պարզապես տարել է հարցաքննության:

Որպես ահաբեկիչ կասկածվող Գեւորգ Ջնդոյանը սովորել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժնում, այնուհետ մեկ տարով մեկնել է Իտալիա Սուրբ Ղազար կղզի՝ իտալերեն լեզուն ուսումնասիրելու: Նշենք, որ հենց ուսանողական տարիներից զբաղվում էր հոգեւոր գործունեությամբ, սերտ կապերի մեջ էր Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչների հետ, այդ թվում «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թութունջյանի հետ:

11219654_927669373937708_4615549681021870085_nԹե ինչ կապ է ունեցել Գեւորգը «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի հետ, այս թեմայով նրա ընտանիքի անդամների հետ չհաջողվեց զրուցել. բոլորի հեռախոսահամարներն անջատված են: Գյումրու մանկավարժականում նրան դասավանդած դասախոսները մի տեսակ շփոթված են կատարվածից, չեն հավատում. երիտասարդը, ըստ նրանց, միշտ աչքի է ընկել իր հավասարակշռված վարքագծով, կիրթ պահվածքով, ամաչկոտ է: Նույնիսկ հիշեցին մի դրվագ, երբ լրագրության դասերից մեկի ժամանակ քննարկել են «Ազատություն» ռադիոկայանի դեկտեմբերի 7-ի տեսանյութերից մեկը Գյումրու տնակներից մեկում բնակվող սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքի պատմության մասին, Գեւորգը հաջորդ օրը շտապել էր եւ իր ուժերի չափով ֆինանսական օգնություն ցուցաբերել նրանց:

Փանիկում զարմացած են Գեւորգին՝ որպես ահաբեկիչ ձերբակալելու փաստից: Այստեղ պնդում են՝ տղան ավելի շատ հոգեւորական է, քան աշխարհիկ մարդ: Չեն հիշում որեւէ դեպք, որ նա զբաղվեր ակտիվ քաղաքականությամբ, հատկապես որ բիզնես է հիմնել Արթիկում, Արթիկի կենտրոնական շուկայի հարեւանությամբ գտնվող «Ֆիոռե» գեղեցկության սրահը իրենն է, նաեւ սունկ աճեցնելու բիզնեսով է զբաղված:

Գյումրեցի լրագրողներն էլ նրան թերեւս կհիշեն այս տարվա սեպտեմբերին Թատերական հրապարակում տեղի ունեցած ոչ մարդաշատ հավաքից ՝ուղղված սահմանադրական փոփոխությունների դեմ: Սա կարելի է որակել չկայացած հավաք. լրագրողների մեծ մասը չէին գնացել լուսաբանման, իսկ գնացողները փաստում էին, որ նրանք ընդամենը մի քանի հոգի էին: Գեւորգի ֆեյսբուքյան գրառման մեջ այս կապակցությամբ ընթերցում ենք. «Սիրելի’ գյումրեցիներ, սեպտեմբերի 10-ին, ժամը 19:00- ին հրավիրում ենք Թատերական հրապարակ միասին մեր ձայնը բարձրացնելու ընդդեմ սահմանադրական «բարեփոխումների»: Եկեք թույլ չտանք վերջնականապես խժռեն մեր իրավունքները»:

Գեւորգ Ջնդոյանի ֆեյսբուքյան էջում տեսնում ենք, որ նա միացել է հոսանքի թանկացման դեմ պայքարող, սահմանապահ հայ զինվորներին սատարելու համար ստեղծված խմբերին: Ամեն մի գրառումից ակնհայտ է նրա հոգեւորական լինելը. հաճախակի է երկխոսության մեջ մտել Աստծո հետ, օրինակ՝ գրառումներից մեկում խնդրում է. «Աստվա’ծ իմ, օրհնիր մեր Հայոց աշխարհը, դարձի բեր քո ժողովրդին և ազատիր մեզ ստրկությունից»: Մեկ այլ տեղ ընթերցում ենք. «Կյանքում ամեն ինչ փոխադարձ է, եթե ուզում ես ազատ լինել, պետք է տաս ազատություն: Չփակել, չխլել մարդկանց ազատությունը զուտ նրա համար, որ չեն մտածում այնպես, ինչպես դու ես մտածում, չկաշկանդել ու չազդել նրանց ընտրությունների վրա»:

Իսկ հայկական իրականությունը, նրա պատկերացմամբ, դատարկվող գյուղներն ու քաղաքներն են. «Մեր իրականությունը. Դատարկվող քաղաքներ ու գյուղեր…
Թանկացումներ, անհասկանալի, անկառավարելի ու շարունակական…
Ֆինանսական վարկային ստրկության մեջ ընկած ժողովուրդ…
Մենատիրություն, ծախու ղեկավարություն, որ թքած ունի ժողովրդի վրա…
Աշխատողի ձեռքից վերցնում են աշխատանքային գործիքները…
Անիծված լինի այս ժողովրդի հնազանդությունը… Մարդու ազատությունը նույն շնչառությունն է, մեր օդերը փակել են… ինչո՞ւ ենք հանդուրժում. ախր շուտով բոլորս կսատկենք է.. »

Նա իր մտքերը հիմնականում արտահայտել է բանաստեղծությունների միջոցով, որոնցում նկատելի է մեծ ռոմանտիզմ, օրինակ, ըստ նրա, իրականում կյանքում երկինքը իր ուզած գույնով կապույտ չի լինում ու խնդրում է, որ իրեն թույլ տան ապրելու իր երազների կապույտ երկնքում: Հետաքրքիր է նաեւ զենքի մասին երիտասարդի պատկերացումները. նրա էջում տեղադրված բանաստեղծություններից մեկում դանակը ոչ թե խոցելու միջոց է, այլ պաշտպանվելու:

Անսահման ընկեր,

Հոգուս բարեկամ,

Լսելու կարող,

Ներելու ունակ:

Անսահման ընկեր,

Կյանքի բոցերով

Կողքիս հետ քայլող,

Դանակը ձեռքիդ,

Բայց ոչ խոցելու,

Այլ` պաշտպանելու:

Անսահման ընկեր`

Վախերիս ծանոթ,

Ինքդ` վախելով

Ինձ քաջալերող:

Անսահման ընկեր,

Առանց բառերի,

Լոկ մեկ հայացքով

Ցավս հասկացող… սակայն ոչ թե զենքի…

Մի տեղ էլ գրել է. «Թող բոլորն իմ դեմ լինեն, հոգ չէ, կարևորը Աստված է իմ հետ… »

Ըստ նրա, ամենակարեւորը խիղճն է, մարդ պիտի ընկերություն անի իր խղճի հետ, քանի որ խղճով ապրող մարդն անպարտելի է: Գեւորգ Ջնդոյանը նշում է նաեւ, որ ոչնչից չի վախենում.

Իմ քաջությունը սկսվում է դագաղից:

Մահ կա աշխարհում, էլ ինչի՞ց վախեմ,

Էլ ումի՞ց պահվեմ, էլ ինչի՞ց փախչեմ…

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Գեւորգ Ջնդոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30