Կովկասի ինստիտուտում այսօր դասախոսություն անցկացրեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոքննադատ Դավիթ Մուրադյանը: Թեման էր՝ «Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում. Հայաստանի տեղը մշակույթի և քաղաքակրթության մեջ»: Բանախոսը նախ փաստեց, որ այս թեման, ցավոք, հայեցակարգային իմաստով քիչ է ուսումնասիրված: «Հայաստանը հին երկիր է եւ խաչմերուկի երկիր, իսկ խաչմերուկում ապրելը շատ հետաքրքիր է եւ վտանգավոր: Այդ երկու հասկացություններն ուղեկցում են հայ ժողովրդին եւ այն մշակույթներին, որոնք քաղաքակրթական պատմահոսքերի հանդիպման կետում են: Իսկ Հայաստանն այդպիսին է՝ այստեղ միմյանց հետ մրցում, միմյանց հարվածում եւ հարստացնում են դարերից եկած քաղաքակրթությունների հոսքերը»,- ասաց Դավիթ Մուրադյանը:
Նա պատմեց, որ տարիներ առաջ պատահաբար ձեռքն է ընկել մի փոքրիկ գիրք, որը ստիպել է Հայաստանի մասին մտածել վերոնշյալ համատեքստում. «Գիրքը 2013թ. Շվեյցարիայում լույս է տեսել գերմաներեն, հեղինակը շվեյցարացի մի պրոֆեսոր է, որի արշավախմբի անդամները 2011թ. եկել են Արարատի գագաթը նվաճելու: Գիրքը կոչվում է «Բնական եւ աշխարհագրական պատկերներ՝ Կովկասյան երկրներեն եւ Հայաստանեն»: Ժամանակակից քաղաքական լեքսիկոնում սա, չգիտես ինչու, կոչվում է Հարավային Կովկաս, իսկ սովետական լեքսիկոնով, չգիտես ինչու, կոչվում էր Անդրկովկաս: Այսինքն, արշավախմբի անդամները հստակորեն տարանջատում են դրել: Դա ոչ միայն աշխարհագրական տարանջատում է, այլ քաղաքակրթական: Անշուշտ, Հայաստանը կովկասյան ժողովուրդների հետ անմիջական շփման գոտում է, բայց հիշենք, որ մեր հերոսը սասունցի էր: Դա էթնոբնութագիր է, որով ժողովուրդն ինքն իրեն է բնութագրում»,-ասաց Դավիթ Մուրադյանը:
Նրա փոխանցմամբ՝ երբ շվեյցարացի պրոֆեսորի արշավախմբի անդամները բարձրացել են Արարատի գագաթը, պրոֆեսորն ասել է՝ «Արարատ լեռը հավասարաչափ հեռավորության վրա է Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսներից: Արարատ լեռը հավասարաչափ հեռավորության վրա է Բերինգի նեղուցից եւ Բարեհուսո հրվանդանից: Սա հավասարակշռության կենտրոն եւ խաչմերուկ է»:
Բանախոսը փաստեց, որ բավական է նայել հայ ժողովրդի անցած ճանապարհին՝ հասկանալու համար, որ այն քաղաքակրթական հավասարակշռության երկիր է՝ թե աշխարհագրական եւ թե քաղաքակրթական առումով. «Պատմականորեն ստացվել է այնպես, որ մենք ազատորեն ընկալում եւ մերն ենք համարում արեւելքի եւ արեւմուտքի մշակույթները: Մեր ժողովուրդը հավասարապես ընկալունակ է այդ երկու մշակույթների, քաղաքակրթական համակարգերի նկատմամբ: Եթե ուշադիր լինենք մշակույթին, արվեստին եւ գրականությանը, կհամոզվենք դրանում: Օրինակ, «Նռան գույն»-ն ինքն է հավասարաչափ ընկալելի ոչ միայն մեր, այլեւ պարսիկների եւ լեհերի համար: Այդ ֆիլմում ապրում է թե արեւելքը, թե քրիստոնեական հոգեգիտակցությունը: Սա սովետական տարիներին նկարահանված միակ ֆիլմն է, որը ներծծված է քրիստոնեությամբ, բայց բացարձակ ընդունելի է, օրինակ, պարսիկների համար: Այսինքն, այստեղ մի բազիսային մշակութային գիտակցություն կա, որը ստացել է Փարաջանովը»:
Կարդացեք նաև
Որպես օրինակ ԵԹԿՊԻ-ի ռեկտորը հիշատակեց նաեւ Արամ Խաչատրյանի ֆենոմենը, որը քաղաքակրթական բանաձեւի դրսեւորում է, ամփոփում է Արեւելքը, արեւմտյան սիմֆոնիզմի ավանդույթները, հայկականությունը: Դավիթ Մուրադյանի դիտարկմամբ՝ Հայաստանը եւ հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու համար պետք է գիտական լուրջ միտք մոբիլիզացնել եւ Հայաստանի քաղաքակրթական յուրահատկությունն աշխարհի համար դարձնել գիտակցություն: Այդ նպատակին է ծառայում, օրինակ, «Գրական տապան» միջազգային փառատոնը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ