Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցում. Հայերի 52%-ը կարծում է, որ Սիրիայի իրավիճակի մեղավորն ԱՄՆ-ն է

Նոյեմբեր 27,2015 13:42

Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի ներկայացուցչությունը հոկտեմբերի 23-31-ը Հայաստանում հարցում է անցկացրել «Սիրիայում ռուսական ավիահարվածների վերաբերյալ ՀՀ բնակչության արձագանքը» թեմայով: Հարցմանն, ընդհանուր առմամբ, մասնակցել են 1104 հոգի:

Այսօր «Sputnik Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով արդյունքներն, ասաց, որ հարցվածների 92%-ն են տեղյակ եղել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի մասին:

Ըստ պարոն Նավասարդյանի՝ հարցվածների 52%-ը կարծում է, որ Սիրիայում տիրող իրավիճակի համար մեղավոր է ԱՄՆ-ն, 23%-ը՝ ահաբեկչական խմբավորումները, Թուրքիան՝ 15%-ը, Սիրիայի իշխանությունները եւ նախագահ Բաշար Ասադը՝ 15%-ը, Սիրիայի ընդդիմությունը՝ 8%, Ռուսաստանը՝ 6%, եվրոպական երկրները՝ 5% եւ այլն:

Սեպտեմբերի 30-ից Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին Ռուսաստանի կողմից հասցվող ավիահարվածներին լիովին դրական գնահատական են տվել հարցվածների 39%-ը: Ընդհանրապես բացասական գնահատական են տվել հարցվածների 8%-ը: Մնացածները տարբեր կարծիքներ են հայտնել:

Արամ Նավասարդյանը նշեց, որ հարցված քաղաքացիների 23%-ն են կարծում, որ Ռուսաստանի այս քայլը կնպաստի Սիրիայի քառամյա պատերազմի ավարտին:

Հարցվածներին խնդրել են պատասխանել, թե ո՞րն է Սիրիայում ռազմական գործողություններին Ռուսաստանի մասնակցության հիմնական նպատակը: 39%-ը պատասխանել են, որ Ռուսաստանը ցանկանում է Արեւելքում իր գերակայությունը հաստատել: 21%-ը կարծում են, որ նպատակն ԱՄՆ-ի դերը նվազեցնելն է: Այլ պատասխանների մեջ են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ուժերի բալանսավորում, Բաշար ալ Ասադի իշխանության պաշտպանություն եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների կարգավորում:

Արամ Նավասարդյանը նշեց, որ հարցվածների 55%-ը կարծիք են հայտնել, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում չեն անդրադառնա Հայաստանի վրա: 17%-ը մտահոգություն են հայտնել, որ Սիրիայի հայկական համայնքը կարող է թիրախավորվել, 8%-ը՝ կարծիք են հայտնել, որ Հայաստանը կարող է դառնալ ահաբեկիչների թիրախ:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30