Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպանություններ նախապատրաստող մարդուն ես չեմ կարող հերոսացնել». ԱԱԾ-ն՝ Մոնթեի հետ համեմատության մասին

Նոյեմբեր 27,2015 13:31

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն այսօր «Արմենպրես» մամուլի սրահում անդրադարձավ կազմակերպված հանցավոր խմբակցության ձերբակալության գործողություններին: Նա ասաց, որ արդեն գրավոր ցուցմունքներ ունեն, թե այդ խումբն ինչ գործողություններ է ծրագրած եղել:

Նախ` լրագրողների դիտարկմանը, որ դուք անմիջապես չեք մտել, ինչո՞վ եք բացատրում այն, որ դիմադրություն չի եղել հանցավոր խմբի կողմից, կադրերում երեւում է, դուք ինչպես եք մտել՝ նա պատասխանեց. «Դուք սխալվում եք, ամբողջ միջոցառումը տեւել է վայրկյաններ: ԱԱԾ եւ ոստիկանության համատեղ ուժերն այդ գրոհը մանրակրկիտ ուսումնասիրել են: Գիտեք, բնակարան մտնելը, տարբեր սենյակներում գտնելը զինված մարդկանց, դա ուղղակի բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունք է»:

Հարցին՝ ԱԱԾ-ն փոխհատուցելո՞ւ է առանձնատանը հասցված վնասը՝ նա ասաց, որ վնասի չափը հաշվարկվում է, եւ վնասի փոխհատուցման չափը լուծվելու է համապատասխան ընթացակարգով:

Թե հանցավոր խումբը զենքերը որտեղի՞ց է ստացել՝ նա պատասխանեց. «Մենք այդ ուղղությամբ մանրակրկիտ քննություն ենք կատարելու: Ձեռք բերված եւ հայտնաբերված զենքը խմբին չի բավարարել, պատրաստ են եղել բավականին խոշոր գումար վճարելու՝ այլ աղբյուրներից զենք ձեռք բերելու: Այսօր ստանում ենք ցուցմունքներ, եթե գտնենք մարդիկ, որոնք կապ ունեն հանցագործության հետ, կընդգրկեն քրգործում»:

ԱԱԾ աշխատակիցն ասաց, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ այդ խմբի՝ բնակարանի վարձակալության ժամանակն ավարտվելու էր 3 օրից, եւ օրեր անց խումբը գործելու էր եւ իրականացնելու էր իր հանցավոր մտադրությունը:

Հարցին՝ որքա՞ն ժամանակ է խումբը եղել ձեր հսկողության տակ՝ նա ասաց. «Արթուր Վարդանյանը ՀՀ-ից մեկնել է, բնակություն է հաստատել Իսպանիայում, հետո եկել է Հայաստան: 2015-ի ապրիլից գտնվել է ՀՀ տարածքում, արդեն ձեւավորվել է խումբը, պրոցեսների ընթացքում ԱԱԾ-ի տեսադաշտում է արդեն հայտնվել: Խումբն ամեն ինչ արել է, որ չհայտնվի տեսադաշտում, որ խումբը չբացահայտվի, չնկատվի, բայց դա նրանց չի հաջողվել»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ Արթուր Վարդանյանի հրապարակված ձայնագրության մեջ նա ասում է, որ գալիս է փրկելու հայ ժողովրդին այս իշխանություններից, եւ դրա արդյունքում սոցցանցերում նրան շատերը հերոսացնում են, համեմատում են Մոնթեի հետ՝ Միքայել Համբարձումյանն արձագանքեց. «Սպանություններ նախապատրաստող մարդուն ես չեմ կարող հերոսացնել»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ կոնկրետ Արթուր Վարդանյանը ինքնախոստովանական ցուցմունք տվե՞լ է, բայց Միքայել Համբարձումյանը չպատասխանեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30