Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիրելի Ռուսաստան, բացառված չէ, որ ձեր ինքնաթիռը խոցված լինի հենց ձեր իսկ տված զենքով

Նոյեմբեր 27,2015 13:11

Օրեր առաջ Թուրքական պետության կողմից Ռուսական ինքնաթիռի խոցումը անսպասելի պատահար չէր, քանի որ դրան նախորդած՝ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայի հակահետախուզության ղեկավարը ի լուր աշխարհի հայտարարեց, որ այդ քայլը Սիրիայում կատարվածի պատասխանն է, հետևաբար կատարվածը լիովին արդարացված է: Ավելին, նա հայտարարեց, որ Իսլամական պետությունից փրկվելու միակ ճանապարհը այդ պետության միջազգային ճանաչումն է և Իսլամական պետության առաջին դեսպանատունը կհիմնվի հենց Թուրքիայում:

Նվազագույնը զարմանալի է. մի՞թե աշխարհի ղեկավարները այնքան խուլ ու կույր են, որ Թուրքիայի նման ռանգի ղեկավարի ակնհայտորեն և բացահայտորեն արված հայտարարությունից չհասկացան, որ Իսլամական պետության թիվ մեկ հովանավորը հենց Թուրքիան է և եթե նրանք ունակ չեն պատժելու այդ ինքնակոչ պետությանը, ապա բոլորը միավորված պետք է ամենախիստ ձևով պատժեն Թուրքիային, որի արդյունքում պատժած կլինեն Իսլամական պետությանը, քանզի նրա ֆինանսական և մնացած այլ ուղղություններով հովանավորներից գլխավորը հենց Թուրքիան է, դրանով ի հնարավորին կտրելով Թուրքիայի կողմից Իսլամական պետությանը արվող բազմաբնույթ ներարկումները:

Աշխարհի խոշոր երկրների պարոնայք ղեկավարներ. էլ ինչ և ինչքան լինի, որ դուք վերջապես հասկանաք, որ այդ ինքնահռչակ պետությունը անարգում է ողջ մարդկությանը, որի համար ամենամեծ մեղավորը Թուրքիան է, քանզի հենց նա է թիվ մեկ /եթե ոչ միակ/ պատվիրատուն, իսկ դուք համառորեն ոչ մի լուրջ՝ գործնական քայլ չեք ձեռնարկում, այլ ընդամենը պատեհ առ պատեհ հերթապահ հայտարարություններ եք անում:

Երբեմն տպավորություն է ստեղծվում, այդ ամենը Իսլամական պետության կողմից իրականացվում է խոշոր պետությունների գծած սցենարով, քանզի լիովին անհասկանալի է այդ պետությունների անլուրջ արձագանքը:

Տեսականորեն կա նաև մեկ այլ տարբերակ. միգուցե աշխարհի խոշոր պետությունների փունջը՝ միասին վերցրած վախեցած է Իսլամական պետությունից և Թուրքիայից, քանզի միայն այդ դեպքում է արձագանքն այդպիսին լինում: Եթե այս քիչ հավանական տարբերակն է ճշմարիտը, ապա Վանգայի կանխագուշակումներն իրոք ճշմարիտ են, սակայն մի տարբերությամբ. ուղղակի, նա սխալվել է ժամանակի առումով և աշխարհի կործանումը շատ ավելի շուտ կլինի:

Իսկ այժմ դիմում եմ Ռուսաստանին: Սիրելի Ռուսաստան, մեր քրիստոնյա և մեծ եղբայր, որ ժամանակին Հայաստանը և աշխարհի ողջ հայությունը տարբեր հարթակներից բազմաթիվ անգամներ հայտարարում և իրենց զարմանքն էին հայտնում առ այն, որ առնվազն տարօրինակ է այն փաստը, որ Ռուսաստանը շարունակաբար և ահռելի քանակներով՝ բիզնեսի անվան տակ զինում է Ադրբեջանին ու այդ ամենն այն դեպքում, երբ Ադրբեջանը բացահայտ պատերազմ է վարում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, իսկ Հայաստանը համարվում է ՀԱՊԿ անդամ և Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, այդ ժամանակ ինչու այդ ամենում դուք տարօրինակ ոչինչ չէիք տեսնում և միայն պատասխանում էիք, որ դուք ընդամենը բիզնես միջավայրում եք համագործակցում, իսկ բիզնեսը դուրս է դիվանագիտական հարաբերություններից: Անվարան կերպով կարող եմ պնդել, որ դուք միգուցե բիզնեսային հարաբերություններում չսխալվեցիք, սակայն դիվանագիտության մեջ հաստատ սխալվեցիք, քանզի բացառված չէ, որ ձեր ինքնաթիռը խոցված լինի հենց ձեր իսկ տված զենքով:

Այստեղ ուզում եմ կանգառ տալ և ընդամենը հիշեցնել իմաստուն ժողովրդական ասացվածքներից երկուսը. փոս փորողը ինքն է փոսն ընկնում և ով ինչ անի, իրեն կանի…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30