ԱԱԾ-ի կողմից ահաբեկչական գործողություններ կատարելու մտադրություն ունենալու կասկածանքով ձերբակալված Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը (լուսանկարում) զրուցել է իր պաշտպանյալի հետ ու ասաց, որ Արթուրը չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքը:
Ըստ փաստաբանի, Արթուր Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասի եւ 235 հոդված երրորդ մասի հատկանիշներով: Այսինքն, մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, ռազմամթերք, սարքեր ձեռք բերելու ու իրացնելու մեջ: Այս հոդվածներով նախատեսված է ազատազրկում մի դեպքում 8-12 տարի, մյուս դեպքում՝ 3-8 տարի:
Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում փաստաբանը պատմեց, որ Արթուր Վարդանյանի հայրը եղել է ազատամարտիկ, հետախույզ, անցել թշնամու թիկունք ու խոսում էին, որ մահացել է եւ նրա դին փոխանակել են ադրբեջանցի գերու դիակի հետ. «Արթուրը կրթություն է ստացել Եվրոպայում, բարեկեցիկ կյանքով է ապրել, երեք անչափահաս երեխա ունի, բայց այդ ամենը թողել է ու Քեսաբի ազատագրմանն է մասնակցել: Վաղը պատմությունը կտա իր գնահատականը, թե ինչ լումա ունի Արթուրը Սիրիայում հայկական համայնքում հայապահպանման հարցում»:
Փաստաբանի տեղեկություններով, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կքննվի Արթուրի ու նրա ընկերների նկատմամբ խափանումը կալանք կիրառելու մասին միջնորդությունը:
Կարդացեք նաև
Այլ տեղեկություններ փաստաբանը չներկայացրեց՝ նախաքննության շահերից ելնելով: Ասաց նաեւ, որ ձերբակալվածներից եւս մի քանի հոգու փաստաբանն է, բայց դեռ անուններ չի ասի, որովհետեւ նրանց կողմից չունի լիազորություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ