Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավի վերաբերյալ հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Հանրաքվեի շուրջ հասարակական հարցումների արդյունքները տարբեր են, սկսած նրանից, որ հարցվածների 60 տոկոսը չի էլ լսել այդ մասին, վերջացրած նրանով, որ 52 տոկոսը պատրաստ է կողմ քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին։ Ձեր դիտարկմամբ, որքանո՞վ են արժանահավատ այդ տվյալները։
-Քարոզարշավի անցած փուլը կարելի է համարել հետախուզական փուլ, որի ընթացքում «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցները փորձում էին շոշափել տրամադրությունները։ Եվ իրոք, անտարբերությունը՝ հիմնականում նյութի չիմացության պատճառով, բավական մեծ է. տեղեկատվության պակաս կա, եւ դա ինչ-որ տեղ հասկանալի է։
Եթե հիմա որեւէ մեկին փողոցում կանգնեցնենք եւ հարցնենք՝ ինչ գիտեք 1995թ. ընդունված սահմանադրության կամ 2005թ. սահմանադրական փոփոխությունների մասին, ավելի խայտառակ պատկեր կարձանագրենք։ Այս անգամ մի փոքր նորամուծություն արվեց՝ ձեւավորվեց քաղաքական նոր մշակույթ՝ ի դեմս «Այո»-«ոչ»-ի «ռեալիթի-շոուի»։
Կարդացեք նաև
-Այնուամենայնիվ այս ընթացքում տրամադրությունների ի՞նչ դինամիկա եք արձանագրել։
-15 օրվա արդյունքներով կարող եմ ասել, որ զգալի փոփոխություններ են արձանագրվել իրազեկվածության տեսանկյունից. մեր քարոզչական խմբերը, եթե ոչ ամբողջությամբ, ապա հիմնական գծերով կարողացան իրազեկել մարդկանց, ներկայացնել նախագծի առանցքային դրույթները եւ հիմնական նպատակադրումները։
Ձեր նշած 60 տոկոսը չեմ ուզում կասկածի տակ դնել, բայց հարցումներն առնվազն մեկ շաբաթ առաջ են անցկացվել՝ այդ տվյալներն արդեն հնացած են։ Մեր խնդիրն է մինչեւ հանրաքվե հնարավորինս լրացնել այդ բացը, որովհետեւ տեղեկատվության պակասը բերում է անտարբերության։ Մենք ընդգրկուն քարոզարշավ ենք իրականացնում երկրի ողջ տարածքում, այսպես ասած, լսարանային քննարկումների ձեւով։
Իհարկե, կարող էինք հանրահավաքներ էլ անել, բայց 10-15 կամ 5 հազար մարդ փողոց դուրս բերելը ինչ-որ տեղ ինքնանպատակ եմ համարում՝ ուժերի ցուցադրություն. իբր՝ տեսեք, ինչքան մարդ կարող ենք հավաքել։ Հանրահավաքային ձեւաչափով դժվար է իրազեկել հանրությանը, հարցուպատասխանի միջոցով պատասխանել մարդկանց հուզող հարցերին։ Լսարանային հանդիպումները, որոնց մինչեւ 200, 300 մարդ է մասնակցում, այդ առումով ավելի արդյունավետ են։
Մենք գնում ենք հանդիպումների, որպեսզի քաղաքացիների ակտիվությունը բարձր լինի, ավելին՝ ուզում ենք դահլիճում «Ոչ»-ի կողմնակիցները շատ լինեն։ «Ոչ» ասողները որեւէ հիմնավոր փաստարկ չեն բերում, եւ մենք շահագրգիռ ենք՝ հիմնավորելու մեր «այո»-ն, որ մարդիկ կա՛մ ավելի ամրապնդվեն իրենց «ոչ»-ի մեջ, կա՛մ հասկանան, որ մոլորության մեջ են՝ իրենց ունեցած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում