Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւի հատուկ ջոկատը, գրոհ իրականացնելուց առաջ պետք է ֆեյսբուքի «ամենագետներից» հարցներ. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 27,2015 12:19

Մի կողմից, իհարկե, դժվար չէր կանխատեսել, որ որոշ շրջանակներ կփորձեն հերոսացնել նախօրեին Նորք-Մարաշում վնասազերծված եւ ձերբակալված զինված խմբավորման անդամներին՝ հատ-հատ եւ ընդհանուր վերցրած: Բայց որ դա նման անթաքույց ու ցինիկ ձեւով կարվի, ինչ-որ տեղ անսպասելի կարելի է համարել:

Տխուր է տեսնել, որ արտաքուստ կարծես մեղսունակ ու ադեկվատ մարդիկ եւս այդ շարքում, «մի ոտք առաջ» շտապում են պաշտպանության տակ առնել վնասազերծված խմբին՝ մեղադրական ճառեր կարդալով իրավապահ մարմինների հասցեին, այն բանի համար, որ… այդ զինված խմբին վնասազերծել են:

Մարդիկ կան, որ հազիվ թաքցրած ափսոսանքով, անգամ լավ էլ անթաքույց ափսոսում են, որ հանցախմբի, կներեք, ըստ իրենց՝ «ազնիվ հայրենասեր տղաների ու աղջիկների» ձերբակալության հատուկ գործողության ընթացքում զոհեր ու վիրավորներ չեն եղել: Երեւի կան մարդիկ, որ գիշանգղերի նման երջանկանում են, երբ արյուն է թափվում, պայմանով, որ դա իրենց արյունը չլինի:

Շատ հետաքրքիր է, թե որքան շատ են զանազան «ամենագետները»: Ու ինչ հարցեր են հնչեցնում: Ասենք, մարդիկ կան, որ զարմացել են, թե ինչո՞ւ էին ԱԱԾ հատուկ ջոկատայինները գրոհում առանձնատունը, որտեղ տվյալ պահին գտնվում էին վնասազերծված խմբի անդամները, ինչո՞ւ էին, ասենք, դուռ կամ պատուհան ջարդում՝ ներս մտնելու համար:

Շշմեցուցիչ լոգիկա է: Երեւի հատուկ ջոկատը, գրոհ իրականացնելուց առաջ պետք է ֆեյսբուքի «ամենագետներից» հարցներ, թե, ախր, ո՞նց ներս մտնեն: Եվ «ամենագետները» կասեին, որ պետք է դուռը բախել, զանգը տալ, եւ ներսում գտնվողները «համեցեք ներս» կասեին:

Ավելի լուրջ հարցեր էլ են տալիս. «բա էդ ո՞նց էր, որ ներսում էդքան զենք կար, բայց ոչ մեկը չկրակեց»: Ավելի ճոխացնենք հարցը, ներսում նաեւ գործադրման պատրաստ պայթուցիկ սարք է եղել, որ չի գործադրվել: Այն, որ գրոհը եղել է լուսադեմին, երբ մարդն առավել հակված է քնի եւ անզգոն է, այն, որ քնով անցած հանցախումբն ուղղակի չի հասցրել «ուշքի գալ» եւ դիմադրության անցնել, այն, որ մեր հատուկ ջոկատայինները լավ էլ պրոֆեսիոնալներ են, այլ ոչ թե «ամենագետների» պատկերացրած անեկդոտային կերպարներ, այդ նույն «ամենագետների» մտքով չի էլ անցնում: Կամ էլ՝ իրենց «ռոմանտիկ-հայրենասերների» հյուսվածք-վարկածի տեսանկյունից ձեռնտու չէ, որ մտքներով անցնի:

Նրանց մտքով չի անցնում, որ հատուկ ջոկատայինները կարող է տեւական ժամանակ հետեւել են, լավատեղյակ են եղել ներսի անցուդարձին, ամենայն հավանականությամբ՝ գաղտնալսել են ում եւ ինչ հարկն է, եւ այսպես շարունակ, «ամենագետների» մտքով չի անցնում ու չի անցնում:

Էլի են հարցեր հնչում, թե՝ ոնց կարելի էր ցույց տալ ձերբակալվածներին, բա որ հանցակիցներ ունենան: Այն, որ նման հասարակ բանը հատուկ ծառայությունները չէին կարող հաշվի չառնել, էլի չեն ուզում «մտածել», ինչպես այն, որ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ հիշատակվում էր 19 անձի մասին, իսկ բռնվածները դրա կեսն էին, էլի «ամենագետներին» չի հուշել, որ լավ էլ «հանցակիցներին» պարզել ու առնչվողների շրջանակը բացահայտել են:

Միակ տեղին հարցը թերեւս այն է, թե ի՞նչ կարիք կար լրագրողներին դեպքի վայր թողնել, ավելին՝ թույլ տալ, որ այն նկարահանվի: Դա իսկապես անհասկանալի է: Հասկանալի է, որ այն, ինչ քննության համար անհրաժեշտ է, իրավապահներն արդեն արձանագրել ու առգրավել են, բայց ամեն պարագայում դա դեպքի վայր է, որը պետք է որ անհասանելի մնար լրագրողներին: Հաջորդած մեկնաբանությունները նկատի ունենալով՝ առավել եւս:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30