Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ղազինյան. «Դեսպանի ասածները նորություն չեն»

Նոյեմբեր 27,2015 12:12

«Որեւէ իրավակարգավորում վերջնական լուծումների չի կարող բերել, քանի դեռ մենք չենք ապահովում դրանց պատշաճ կիրառությունը»,- այսօր ՀՀ արդարադատության ակադեմիայում, ոլորտի բարեփոխումների թեմայով կազմակերպված սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումից առաջ պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը:

Պարոն Ղազինյանից հետաքրքրվել էինք, նախագծում առաջարկվող փոփոխություններն արդյոք վերջնական լուծումներ առաջարկո՞ւմ են այն հարցերին, որոնք առկա են ՀՀ արդարադատության համակարգում, որոնց մասին, ի դեպ, օրերս, բավական կոշտ դիտարկումներ արեց նաեւ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Պարոն Ղազինյանը նկատեց, որ դեսպանի ասածները նորություն չեն, ինքներս էլ`«առողջ մտածող մարդիկ ու մասնագետները, հասարակության ներկայացուցիչները, ում սիրտը ցավում է մեր արդարադատության, երկրի համար, ոչ թե միայն քննադատում են», անընդհատ խոսում այդ խնդիրների մասին:

Այդ բազմաբովանդակ խնդիրների լուծումը միայն իրավական կարգավորումներով, պարոն Ղազինյանը բացառում է. «Հիմնական խնդիրը ոչ այնքան իրավակարգավորումների, այլ դրանց կիրառման մակարդակի բարձրացման մեջ եմ ես տեսնում: Իսկ դրա համար պետք է, որպեսզի ունենանք լավ իրավակիրառող եւ ոչ պակաս լավ իրավակիրառվող` քաղաքացիական հասարակություն` համապատասխան իրավական մշակույթին տիրապետող, համապատասխան իրավագիտակցության աստիճան ունեցող եւ պահանջատեր: Քանի դեռ չի լինի արդարադատության նկատմամբ հանրային պահանջ, որեւէ արդյունք չեն ունենա»:

IMG_5677

Առավել կոնկրետ անդրադառնալով նախագծի`դատական իշխանության մասին վերաբերող իրավակարգավորումներին, ըստ Գագիկ Ղազինյանի, վերոնշյալ պայմանների առկայության դեպքում հնարավորություն տալիս են ավելի լավ արդարադատություն ունենալ:

Մեր հաջորդ հարցին`ի դեմս սահմանադրական բարեփոխումները նախաձեռնողի`ՀՀ նախագահի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի`ՀՀԿ-ի, իրավակիրառողի խնդրի լուծումը տեսնո՞ւմ է, պարոն Ղազինյանը չպատասխանեց`ասելով, որ քաղաքական բաղադրիչն իր ոլորտը չէ, ինքն այդ մասով իրազեկ չէ, իրավասու չէ, ոչ էլ ցանկություն ունի խոսելու:

Լրագրողներից մեկի դիտարկմանը`իր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանում հանգիստ կարելի էր կիրառել գործող Սահմանադրությունն`առանց փոփոխությունների գնալու, եթե ունենայինք պատշաճ իրավակիրառողներ, Գագիկ Ղազինյանը կասկածից դուրս համարեց, որ պատշաճ իրավակիրառողի պարագայում նաեւ գործող սահմանադրության պարագայում ավելի լավ արդյունքներ կունենայինք: Բայց`փոփոխությունների չգնալ եւ հասնել ակնկալվող արդյունքին`ոչ. «Հենց միայն դատական իշխանության մասով, մենք ունենք այնպիսի հեղափոխական լուծումներ, որոնք որ գործող օրենսգրքով շատ լուծումներ ուղղակի արգելակում են ոլորտի`մեր ցանկալի արդյունքները ցույց տալը»:

Հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են փաստաբանները շարունակում պնդել, որ նախագծով չի ապահովվում դատական իշխանության անկախությունը, մասնավորաբար, այն, որ Վճռաբեկ դատարանի դատավորները պետք է ընտրվեն խորհրդարանի կողմից, որտեղ դոմինանտ դերակատարում է ունենալու իշխող քաղաքական ուժը: Այսինքն, Վճռաբեկի դատավորները կարող են ընտրվել մեկ կուսակցության կողմից: Գագիկ Ղազինյանը հարցը մի քիչ պարզեցված է համարում, բայց խնդիր տեսնում է: Ինքն էլ կասկածներ ունի ու նախագծի`դատաիրավական ոլորտի, միակ «մի քիչ» կասկած առաջացնող հարցը հենց դա է համարում:

Ի դեպ, այդ կետին հղում է կատարել նաեւ Վենետիկի հանձնաժողովը`նկատելով, որ խնդիրը մի փոքր ավելի է քաղաքականացվում:

«Այդ խնդիրը կա: Ինքս էլ միանշանակ չեմ ընկալում դա: Այնպես չի, որ հանձնաժողովում ցանկացած հարց անցել է կոնսենսուսով կամ միաձայն համաձայնությամբ: Եղել են կասկածներ, վեճեր, ուղղակի գերակշռել է այդ տեսակետը, որ այս դեպքում հրապարակային, մրցույթային կարգով ենք անում: նաեւ`հույս ունենալով, որ ապագա խորհրդարանը, չգիտեմ որքանով է հիմնավոր այդ հույսը, կլինի ավելի բարձրակարգ, բարձորակ եւ վեր կկանգնեն քաղաքական, կուսակցական, անձնական ամբիցիաներից եւ կընտրեն լավագույններին: Այդ դեպքում, միգուցե, իր նպատակին կծառայի: Հակառակ դեպքում, կարող ենք համարել, որ լուծումն այնքան էլ հաջող չէր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30