«Կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերն ավելի քիչ են, քան դրանց մասին խոսում են, բայց առկայությունն արդեն իսկ մտահոգիչ է»,-այսօր «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» թեմայով համաժողովի ընթացքում ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա արձանագրեց, որ կոռուպցիան բացառելու համար այս պահին դեռեւս չի ձեւավորել հանրային ճակատ. «Մյուս կողմից էլ՝ կոռուպցիոն երեւույթները շատ հաճախ քաղաքականացվելու եւ իշխանություն-ընդդիմություն բեւեռացման ճանապարհին դառնում են փոխադարձ մեղադրանքների զինանոց: Այս դեպքում հնարավոր չէ խոսել կոռուպցիոն երեւույթների դեմ արդյունավետ պայքարի մասին: Դա մեկ գերատեսչության միանձնյա լուծելիք խնդիրը չէ: Հակակոռուպցիոն ծրագրի մշակման եւ իրականացման համար անհրաժեշտ է ձեւավորել քաղաքացիական ճակատ: Այն պետք է միավորի բոլոր հանրային նախաձեռնությունները, որոնք կոռուպցիոն երեւույթները կործանարար են համարում: Եթե կրթական ծառայությունների սպառողը չի դառնում մեզ դաշնակից, դժվար է խոսել կոռուպցիոն պայքարի արդյունավետության մասին»:
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ նախարարությունը «Թրանսփերենսի ինտերնեյշնլ»-ի հետ հանրակրթության ոլորտում իրականացնելու է կհակակոռուպցիոն ծրագիր, իսկ Եվրոպայի Խորհրդի-ի հետ՝ բարձրագույն կրթության ոլորտում համապատասխան ծրագիր արդեն իսկ կյանքի է կոչվում:
Կարդացեք նաև
ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության գործունեության առանցքային ուղղություններից է. «Համապատասխան ռազմավարությամբ փորձել ենք վերաիմաստավորել կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներն ու լուծման հնարավորությունները հետեւյալ ուղղություններով՝ առողջապահություն, կրթություն, ֆինանսներ եւ հարկահավաքություն, ոստիկանության կողմից ծառայությունների մատուցում: Այս ոլորտներում կառավարության եւ պաշտոնյաների հետ շփումը քաղաքացիների հետ ավելի շատ է»:
Փոխնախարարը նշեց, որ ռազմավարության առանցքում են մի քանի թիրախային խնդիրներ՝ հանրային ծառայողների դասի եւ թափանցիկ կառավարման ձեւավորում, հասարակության ներգրավվածություն, վստահության բարձրացում հակակոռուպցիոն պայքարի նկատմամբ. «Մենք նախատեսում ենք բազմաթիվ միջոցառումներ, կրթական եւ վերապատրաստման ծրագրեր, որոնք վերաբերում են ոչ միայն հանրակրթական եւ բարձրագույն կրթության համակարգերին, այլեւ հանրային ծառայողներին»:
Համաժողովը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպությունը: Համաժողովի ընթացքում ներկայացվելու է «ԲՀՀ Հայաստան»-ի աջակցությամբ 2014 թվականին Կիրառական քաղաքականության կենտրոնի կողմից կրթության ոլորտում բարեվարքության և կոռուպցիայի հարցերով միջազգային փորձագետ Միհայլո Միլովանովիչի իրականացրած «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» հետազոտության զեկույցը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ