Այսօր մենք երկնային ճանապարհ կուղեկցենք մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին։ Այդ ճանապարհին նա, հավանաբար, կգտնի թատրոնի ու կինոյի իր նախկին խաղընկերներին, որոնցից շատերը ժամանակից շուտ հեռացան կյանքից։ Նրանց մեջ կլինի նաև Ֆրունզիկ Մկրտչյանը, և, գուցե թե, երկուսով կվերհիշեն իրենց շուրջ հյուսված այն կիսահումորային պատմությունը, որ մենք այստեղ անվանում ենք Ֆրունզի և Վարդուհու «սիրավեպը»։
Այդ պատմություններից մեկը դահլիճում ներկայացնում էր դերասան Վարդգես Հակոբյանը.
«Ներկայացումից հետո Ֆրունզն ինձ առաջարկեց գնալ Վարդուհու պատուհանների տակ եւ երգել, որպեսզի Վարդուհին դուրս գա:
Ես իրան ասի.
Կարդացեք նաև
– Ֆրունզ ջան, ամոթ չէ՞, մենք, ախր, դերասաններ ենք, ինչըղ կեղնի, որ երթանք փողոցում երգենք:
– Հեչ էլ վատ չի եղնի,- ասավ Ֆրունզը,- ես Վարդուհու հետ էդպես եմ պայմանավորվե։
Դե, Ֆրունզիկին մերժել չէր լինի։
Գնացինք։ Երբ հասանք Վարդուհու պատուհանների տակ, Ֆրունզիկը շուռ եկավ դեպի ինձ.
– Սկսե։
Եվ ես սկսեցի երգել՝
«Զով գիշեր է, դուրս եկ,
Լուսնյակը նորել է,
Անուշ յար, քո սիրուց,
Հանգիստս կորել է…»։
Բայց, հակառակ մեր սպասածի, բալկոն դուրս եկավ ոչ թե Վարդուհին, այլ նրա մայրը՝ ավելն էլ ձեռքին։
– Ի՞նչ կուզես դու մեզնե,- ջղայնացած դիմեց Ֆրունզին,- կորսվե հոսկե, ինչո՞ւ կանհանգստացնես մեզի։
Ֆրունզիկը զարմանալի հանգստությամբ պատասխանեց.
– Մենք կսիրենք իրար, պիտի առնինք իրար։
Վարդուհու մայրն, ավելի կատաղեց.
– Դո՞ւ, դուն ո՞վ ես, կորսվե հոսկե։ Իմ Վարդուհին մեծ դերասանուհի պտի ըլլա, հլա դու քեզի աշե, կերպարանքիդ աշե…
Ասաց, դուռը շրխկացրեց ու ներս գնաց։
Ես շատ վատ զգացի, մտածեցի, Ֆրունզիկն էլ փիս ազդվեց, բայց, հավատարիմ իր հումորին, տիրապետեց իրեն ու, շուռ գալով դեպի ինձ, ծիծաղելով ասաց.
– Սատանեն կըսե էս կնգա ջիգրու շատ մեծ դերասան դարձի»։
Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում