Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանք են ընդդիմության գծած հիմնական սցենարները. «Իրատես de facto»

Նոյեմբեր 27,2015 11:40

Ընդդիմության մարտավարական տարաձայնություններին անդրադառնալիս ուրվագծվում է պայքարի առնվազն 4 շերտ։

Մարտավարություն առաջին. կան ուժեր, որոնք, պասիվ բոյկոտի կոչ անելով, հորդորում են հանրությանն ընդհանրապես չմասնակցել հանրաքվեին։ Այստեղ ամեն ինչ հասկանալի է. եթե քիչ թե շատ հաջողվում է այդ բոյկոտը, այսինքն՝ ստանում են 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի «ուրվականների քաղաքի» սցենարը, կարողանում են դիվիդենդներ սեփականաշնորհել։ Իսկ չհաջողելու դեպքում միշտ էլ կարելի է ասել, թե իրականում «ուրվականների քաղաքի» ֆոնին գրանցվեցին կեղծիքներ՝ ինչպես 2005 թվականին։

Մարտավարություն երկրորդ. ընդդիմության մյուս թևը փաստացի նույնպես բոյկոտի, բայց նրա ակտիվ տեսակի կողմնակից է։ Դրա վառ ներկայացուցիչ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ անունը կրող թևն առաջարկում է կոշտ պայքար տանել փողոցում, ցուցաբերել ակտիվ դիմադրություն, քաղաքացիական անհնազանդություն և այլն՝ հերթական անգամ հանրությանը խոստանալով հեղափոխական սցենարներ։

Մարտավարություն երրորդ. այս ճակատը հանդես է գալիս հիմնականում ՀԱԿ-ՀԺԿ դուետի տեսքով, որի ասելիքը հետևյալն է՝ պետք է մասնակցել սահմանադրական հանրաքվեին, բայց գնալ ընտրատեղամասեր և մերժել նախագիծը՝ այդպիսով Ո՛Չ ասելով ռեժիմին, Ո՛Չ իշխանության վերարտադրությանը, Ո՛Չ Սերժ Սարգսյանին։ Այս դուետի ամբողջ, գաղափարախոսությունը, այդ թվում՝ երբեմն շատ կրեատիվ հեռուստատեսային քարոզչությունը, հիմնված է այդ գաղափարի վրա։

Մարտավարություն չորրորդ. սրա կրողները, այսպես կոչված, տիտղոսային ընդդիմության մեջ չմտնող, առավելապես անհատներից կազմված ՈՉ-ի կողմնակիցներն են, ովքեր, օգտվելով «ԱՅՈ և ՈՉ» իրապատման հեռուստատեսային նախագծի ընձեռած հնարավորությունից և մասնակցելով ռեալիթի շոուի հետաքրքիր ձևաչափով քարոզչությանը, օրական 10-12 ժամ առցանց ռեժիմով, ուղիղ եթերում ոչ միայն բարձրաձայնում են իրենց ՈՉ-ը, այլև փաստացի բավականին լուրջ քարոզչական քայլ են անում ապագա խորհրդարանական ընտրությունների համար։ Հասկանալի է, որ 10-12 ժամ եթերում գտնվող հանրությանը համեմատաբար անհայտ մարդը նույնիսկ մեկ շաբաթից կարող է դառնալ ճանաչելի։ Իսկ արդեն քաղաքական կապիտալ ունեցողը, ինչպես, օրինակ, Հրանտ Բագրատյանն է, կարող է է՛լ ավելի մեծացնել վարկանիշը։

Մարտավարական այս խայտաբղետ ներկապնակում փոքր-ինչ առանձնանում է ընդդիմության այն հատվածը, որը, սահմանադրական հանրաքվեի շուրջ գործընթացներն ի սկզբանե բնութագրելով որպես կեղծ քաղաքական օրակարգ, հայտարարեց, որ չի մասնակցելու քաղաքական այդ միջոցառմանը։ Եվ ինչպես այդ ուղղության կրող «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության ոչ ֆորմալ առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է ասում, մինչ խորհրդարանական առաջիկա ընտրությունները զբաղվելու են ինստիտուցիոնալ ընդդիմադիր ուժի ձևավորմամբ։

Սրանք են թերևս ընդդիմության գծած հիմնական սցենարները, որոնց հիմքում, ինչպես տեսնում ենք, մարտավարական բավականին լուրջ տարաձայնություններ կան, ինչն ի վերջո գրեթե անխուսափելիորեն բերում է ընդհանուր ռազմավարության բացակայության։

Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»/Էդուարդ Սեպետչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30