Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանտիկ երիտասարդները կարող են շատ ավելի վտանգավոր լինել, քան կարելի է պատկերացնել. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 27,2015 11:36

«Ժողովուրդ»-ը փորձեց իր պաշտոնական աղբյուրներից պարզել, թե, ի վերջո, վնասազերծված հանցավոր խումբը ի՞նչ պլաններ է ունեցել, ինչո՞վ է այդքան վտանգավոր եղել, որ լուսադեմին կոշտ գործողությամբ վնասազերծվեց խումբը։ Իհարկե, ռոմանտիկ երիտասարդները կարող են շատ ավելի վտանգավոր լինել, քան կարելի է պատկերացնել, նրանք հանուն հեղափոխության ամեն ինչի պատրաստ են։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը եւս հանգիստ կենցաղով էր ապրում եւ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Հայաստանում ահաբեկչական խմբավորման պարագլուխ կարող էր դառնալ։

Եվ, ահա, այս նախադեպը աչքի առաջ ունենալով՝ ԱԱԾ-ն վնասազերծել է խմբին, քանի որ, ըստ տեղեկատվական արտահոսքի, տվյալներ է ունեցել, որ խմբի 19-ը անդամները նպատակ են ունեցել մահափորձեր իրականացնել գործարարների, պաշտոնյաների շրջանում, ինչպես նաեւ՝ պետական գերատեսչությունների մասնաշենքերում պայթուցիկ սարքեր նետել՝ այդ կերպ անհնազանդություն դրսեւորելով։ Այլ մանրամասներ մեր աղբյուրները դեռեւս չգաղտնազերծեցին։

«Ժողովուրդ»-ը փորձեց վնասազերծված եւ ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ կասկածվող հանցախմբի անդամների հարազատներից պարզել, թե ինչ են նրանք մտածում ստեղծված իրավիճակի մասին։ Ձերբակալված անդամներից Արթուր Եղիազարյանի եղբայրը՝ Նորիկ Եղիազարյանը, վստահեցրեց, որ իր եղբայրը չէր կարող ահաբեկիչ լինել. «Եղբայրս ամուսնացած է, երկու դուստ ունի։ Երկու օր առաջ եմ տեսել, քաղաք էր գնում, որ աշխատանք գտներ։ Ասում էր՝ բանջարեղենի գործ է ուզում սկսել։ Ոչ միայն իմ եղբորից, նաեւ մեր մյուս երկու համագյուղացիներից՝ Վաղինակից ու Ավետիսից եւս նման բան չեմ սպասում։ Եղբայրս ոչ մի ընդդիմադիր ուժի կողմնակից չի եղել, անգամ գյուղում ընտրություններին չի խառնվել։ Արթուրը 4 տարի առաջ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, բայց դրանից հետո էլ որեւէ ուժի հետ կապ չուներ։ Ինչ ասեմ, ԱԱԾ-ն եկավ, մեր տունը խուզարկեց, հայրիկիս դանակն ու որսորդական օրինական զենքը տարան»։

Արմավիրի մարզի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի փոխտնօրեն Անդրանիկ Բարեյանը եւս չի հավատում, որ իր հարազատ եղբայրը՝ Ավետիս Բարեյանը, կարող էր ահաբեկիչ լինել. «Պետական մտածողություն ուներ նա, հայրենիքի համար կռված տղա է, ո՞նց կարող էր ահաբեկիչ լինել։ Ճիշտ է՝ իր գործերից չէր պատմում, բայց նա չէր կարող հանցագործություն անել»։

Շիրակի մարզի Փանիկ համայնքի ղեկավար Հրաչիկ Սալնազարյանի խոսքով էլ՝ ձերբակալված անձանցից երկուսը՝ Տիգրանն ու Գեւորգ-Արեգ Ջնդոյանը, նորմալ անձնավորություններ են. «Տիգրանը խեղճ ընտանիքի տղա է, սովորում է Երեւանի պետական համալսարանում, ոչ ոք չի հավատում, որ նա կարող էր գնալ այդ քայլին, իսկ, ահա, Գեւորգը ժամանակին հոգեւոր գործունեությամբ է զբաղվել, Իտալիայում եղել է կաթոլիկ եկեղեցու սպասավոր։ Բիզնեսներ ուներ, Երեւանում, ասում են, վարսավիրանոց ունի։ Աստվածապաշտ տղա է, մասնագիտությամբ լրագրող»:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30