ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները եւ ցուցակում ընդգրկել նաեւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին: Պատճառը Իլյումժինովի եւ ԱՄՆ-ի կողմից անօրինական հայտարարված Սիրիայի կառավարության կապերն են, ՖԻԴԵ-ի նախագահի հանդիպումը Բաշար Ասադի հետ:
ԱՄՆ-ի ֆիննախը Իլյումժինովին մեղադրում է Սիրիայում նավթի գնման բանակցություններին խառնված լինելու մեջ, ինչին ՖԻԴԵ-ի նախագահը պատասխանել է ruschess.ru-ին տված հարցազրույցում: «ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում իմ գլխավոր առաքելությունն ամբողջ աշխարհում շախմատի մասսայականացումն է: Այդ գործում մենք ռասայական, ազգային կամ այլ հատկանիշներով խտրականություն չենք դնում: Ես, ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, մերժում եմ միակողմանի պատժամիջոցները եւ դրանք համարում անօրինական ու անընդունելի: Տպավորություն է ստեղծվում, որ դրա պատճառն ակտիվ քաղաքական գործունեությունն է, որ ես իրականացնում եմ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում: Ես տարվա ընթացքում բազմաթիվ երկրներում եմ լինում: Օրինակ, 2012-ին այցելել եմ շուրջ 100 երկիր, այդ թվում՝ Սիրիա եւ հանդիպել դոկտոր Բաշար Ասադին ու կրթության եւ սպորտի նախարարին: Քննարկվել են բացառապես այդ երկրի տարածքում շախմատի զարգացման հետ կապված հարցեր եւ ձեռք բերվել որոշակի պայմանավորվածություններ: Հակառակ ԱՄՆ ֆիննախի պնդումների, ես Սիրիայի տարածքում կոմերցիոն ոչ մի շահ չունեմ եւ երբեք նավթի գնման միջնորդական ծառայություն չեմ մատուցել ու մատուցում ոչ մի երկրի կամ ֆիզիկական անձի», – հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ruschess.ru-ի