«Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի» շրջանակներում` Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ, հուլիսի 1-ից առողջապահության նախարարության կողմից ներդրվել է տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության նոր, փորձարարական ծրագիր` նախկինում իրականացվող միջոցառումների փոխարեն:
Նոր ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» կողմից հիվանդների հետ կնքվել են համաձայնագրեր, բացվել են բանկային հաշիվներ և տրամադրվել բանկային քարտեր: Այսպիսով` հանրապետության մարզերում և Երևանում բուժման ամբուլատոր փուլում գտնվող տուբերկուլոզով բոլոր հիվանդները ստանում են ֆինանսական աջակցություն:
ՀՀ մարզերում և Երևանում տուբերկուլոզի ախտորոշում և բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունները Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին յուրաքանչյուր ամիս տրամադրում են ամբուլատոր փուլում գտնվող տուբերկուլոզով հիվանդների բուժման հետևողականության վերաբերյալ տեղեկատվություն: Մասնավորապես` 90% բուժման հետևողականության ապահովման դեպքում դեղազգայուն հիվանդին ամսական փոխանցվում է 8000 ՀՀ դրամ, իսկ դեղակայուն հիվանդին` 13000 ՀՀ դրամ: Փոխհատուցվում են նաև պոլիկլինիկա այցելած բոլոր հիվանդների տրանսպորտաին ծախսերը` ելնելով պոլիկլինիկայի և բնակավայրի միջև ընկած հեռավորությունից և օգտվող տրանսպորտային միջոցների քանակից:
Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» մշտադիտարկման խմբի կողմից պարբերաբար վերահսկվում է բուժման հետևողականության վերաբերյալ տեղեկատվության հավաստիությունը և ծրագրի իրականացման արդյունավետությունը:
Նշենք նաև, որ Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցների ավելացման պայմաններում նախատեսվում է տուբերկուլոզով հիվանդներին տրամադրվող գումարների ավելացում:
ՀՀ առողջապահության նախարարություն