Լրահոս
Օրվա լրահոսը

Սա համացանց է

Նոյեմբեր 27,2015 10:00

Երբ ինձ մոտիկ մարդիկ իրենց վրդովմունքն են հայտնում ֆեյսբուքում եւ այլ նման տեղերում գրված հիմարությունների կամ ցնդաբանությունների առթիվ եւ լրջորեն խրվում են այդ մակարդակի քննարկումների մեջ, ես միշտ պատասխանում եմ՝ սա համացանց է, այստեղ տեսակետի կշիռը փետուրից ծանր չէ, այստեղ գրում են ոչ այնքան նրա համար, որ դուք դա կարդաք, որքան՝ սեփական հոգեկան խնդիրները հաղթահարելու համար։ Երբ բոլոր այդ «ստատուսներին», «լայքերին» եւ մեկնաբանություններին մոտենում ես այդ չափանիշներով, կյանքն ավելի պայծառ է դառնում։

Մասնավորապես, ֆեյսբուքյան «հանրությունը» ֆրագմենտացված է՝ մարդն իր ընկերների շարքում պահում է առաջին հերթին իր համախոհներին եւ, բնականաբար, ցանկանում է արժանանալ հենց նրա՛նց դրվատանքին: Հետեւաբար, եթե դուք «ստատուս» եք գրում, ապա բնական է, որ ակնկալում եք, որ տակը կգրվի՝ «խզարեցիր», «պորտը տեղը դրեցիր», «դիմակը պատռեցիր», «սպանիր»: Քո գրությունը նախատեսված է հենց նման գնահատականի համար, եւ շատ բնական է, որ դրա ոճային ուղղվածությունը պետք է լինի «խզարելը»:

Խոսքն, ընդգծեմ, «օգտատիրոջ» ակտիվության մասին է, ոչ թե լրատվամիջոցի «կիսած» հոդվածի: Ես շահագրգռված եմ, որ իմ հոդվածը կարդան, ոչ թե հավանեն: Չնայած կան բազմաթիվ քարոզչական լրատվամիջոցներ, որոնց նպատակը նույնպես «դիմակ պատռելն» ու «պորտը տեղը դնելն է»: Դա էլ համապատասխանում է հայտնի լենինյան ձեւակերպմանը, որ թերթը ոչ միայն կոլեկտիվ պրոպագանդիստ է, այլեւ կոլեկտիվ կազմակերպիչ:

Բայց, բարեբախտաբար, կան նաեւ դասական լրատվամիջոցներ (նաեւ համացանցային), որոնց նպատակը տարբեր հայացքների մարդկանց մտածելու եւ քննարկելու նյութ տալն է: Ֆեյսբուքն այդ առումով տրամագծորեն հակառակ նպատակն ունի՝ ընտրել նույն հետաքրքրությունների, նույն մտածելակերպի, նույն քաղաքական դիրքորոշման մարդկանց եւ նրանց հնարավորություն տալ հիանալ մեկը մյուսով: Եթե պատահաբար մեկը հայտնվի «թշնամական միջավայրում», ապա մնացածն այնպես «վրա կտան», որ հաջորդ անգամ նա այլեւս չի փորձի այնտեղ «քիթը խոթել»:

Այդքան «ֆրագմենտացված» լինելու պարագայում ամեն մի խմբում ցանկացած «օգտատեր» վստահ է, որ իր եւ «ժողովրդի» կարծիքը մեկը մեկին համընկնում է: Դա շատ բնական է. եփվելով որոշակի կաթսայում՝ դու տեսնում ես միայն «այդ ժողովրդի» ներկայացուցիչներին եւ չես պատկերացնում, որ կարող է լինել «այլ ժողովուրդ»:
Մարդիկ ժամեր, օրեր, ամիսներ են վատնում համացանցային բանավեճերի վրա: Եթե խորանան, ողջ կյանքը դրա համար չի հերիքի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30