Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էյր Արմենիայի» պարտատերերի մեծ մասը կմնան կարոտ իրենց պարտքերին

Նոյեմբեր 27,2015 15:30

Դատարանը «Էյր Արմենիային» HSBC բանկի հայցադիմումի հիման վրա սնանկ է ճանաչել: Ավիաընկերությունը HSBC բանկին պարտք է 2 միլիոն 150 հազար եվրո, այս պարտքի պահանջով էր բանկը դիմել դատարան եւ պահանջել սնանկ ճանաչել: «Էյր Արմենիայի» սեփականատեր Արսեն Ավետիսյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք հակընդդեմ հայցով էին ներկայացել, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է եւ որոշել առաջին ատյանի որոշումը թողնել ուժի մեջ: Այսինքն՝ ավիաընկերության սնանկացման գործընթացը սկսվում է:

«Ցավոք, ՀՀ օրենսդրությամբ՝ եթե 90 օրից ավելի 2 միլիոն դրամից ավելի պարտք ունես, անկախ նրանից՝ ինչ ակտիվներ, հարստություն ունես, օրենքը սնանկ է ճանաչում: Մերժել են մեր հայցը: Էլ դուռ չկա ծեծելու»,- ասաց Արսեն Ավետիսյանը:

Ավիաընկերության ղեկավարի խոսքերով՝ հիմա իրենց մնում է մեկ ճանապարհ՝ առողջացման ծրագիր ներկայացնել, այն էլ հարց է՝ արդյոք պարտատերերը կհամաձայնվե՞ն դրան: Ավետիսյանն ասաց, որ ավիաընկերությունը 68 միլիոն դոլարի արժեթղթեր ունի, որոնք պետք է ֆինանսի վերածեն: Հիշեցնենք, որ օգոստոս ամսին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ Ավետիսյանի միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպից (Հայրապետյանը ծեծի էր ենթարկել Ավետիսյանին) օրեր առաջ միջազգային East Prospect Fund-ը 68 միլիոն դոլարի արժեթղթերի ներդրում էր կատարել ընկերության բալանսում, որից հետո Ավետիսյանը վստահեցրել էր, որ այդ գումարով կկարողանա ավիաընկերությունը ոտքի կանգնեցնել: Դեռ ամիսներ առաջ «Առավոտն» անդրադառնալով այդ ներդրմանը՝ կասկածի տակ էր առել, որ Ավետիսյանն այդ արժեթղթերը կկարողանա շոշափելի ֆինանսների վերածել: Երեկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց. «Մենք չենք կարողանում դրանք դարձնել գումար: Եթե պարտատերերը համաձայնեն մեր առողջացման ծրագրին, ապա «Էյր Արմենիան» կապրի, եթե ոչ՝ իրոք կգնա սնանկացման: 50 օր ժամանակ ունենք: Ես, իհարկե, չեմ ուզի սնանկանալ, եթե գնամ սնանկացման՝ կկորցնեմ իմ բնակարանը, տունը, գրասենյակը, մեքենաները, իմ անունը, իմ ժողովրդի վստահությունը, ո՞նց գնամ սնանկացման»:
Արդյոք ավիաընկերության գույքի արժեքն այնքա՞ն է, որ անգամ սնանկ ճանաչվելուց հետո պարտատերերն ամբողջությամբ իրենց պարտքը ստանան գույքի վաճառքից, մեր այս հարցին ի պատասխան՝ Ավետիսյանն ասաց. «Ոչ, ոչ մի դեպքում»: Ավետիսյանը վստահ է, որ առողջացման ծրագրին, իսկ այլ կերպ ասած՝ ավիաընկերության վերագործարկման փորձին դեմ են լինելու այն պարտատերերը, որոնք գրավ ունեն տրամադրած գումարի դիմաց. «Դեմ կլինեն նրանք, որոնք վստահ են՝ գույքի վաճառքից հետո 100%-ով հետ կստանան իրենց փողերը: Այն բանկերը, որոնք գրավով ապահովված են»: Նշենք, որ HSBC-ում գրավադրված է Արսեն Ավետիսյանի շքեղ առանձնատունը՝ Ծարավ Աղբյուրի փողոցում, եւ ավիաընկերության գլխավոր գրասենյակը:

Ավետիսյանը վստահեցրեց, որ իր անձնական եւ ավիաընկերության ավտոմեքենաները կալանքի տակ են:

Մեր այն հարցին՝ առանձնատունն այդքան թանկարժե՞ք է, որ HSBC բանկի 2 միլիոն 150 հազար եվրոյի պարտքը փակվի, Ավետիսյանն ասաց. «Բա կենտրոնի մեր գրասենյակն էլ հետը այդ 2 միլիոնը փակում է»: Թե ինչ արժե Ավետիսյանի առանձնատունը, մեր հարցին Ավետիսյանը չպատասխանեց, միայն նշեց, որ գրասենյակն ու առանձնատունը միասին գնահատվել է 1 միլիարդ 100 միլիոն դրամ: «Համոզված եմ՝ եթե բանկը վաճառի այդ գույքը, ինքը զրոյով դուրս կգա, եթե տույժ-տուգանքները հանի, իր տված գումարը կվերականգնի»,- ասաց Ավետիսյանը:

Եթե ավիաընկերության ներկայացրած առողջացման ծրագիրը չընդունվի, ապա, ինչպես Ավետիսյանն ասաց, ավիաընկերության եղած-չեղածը հանվելու է վաճառքի, որից ստացած գումարներից առաջնահերթ վճարվելու են սնանկացման գործով կառավարչի եւ ընթացիկ ծախսերը, հետո՝ հարկերը, վերջում, եթե, իհարկե, գումար մնա, ավիաընկերության աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը, որը մոտ 76.5 միլիոն դրամ է: Ավիաընկերությունը պարտք է «Ալա ինթերնեյշնլին» 2.5 միլիոն դոլար: «Էյր Արմենիան» 400 հազար դոլարի պարտք է նաեւ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Ավիասնունդ» ընկերությանը, փոքր չեն պարտքերը նաեւ «Զվարթնոց» օդանավակայանին, «Ամերիա» եւ «Կոնվերս» բանկերին, պարտատերերի ցանկում են «Ինգո Արմենիան», «Ռիմ ընդ Ար», «Էֆ Էմ Թայմս», «Յումակս», «Արմյանսկոյե բյուրո պուտեշեստվիյ» ՍՊԸ-ները, «Աքիլա տեխնիքսը»: «Էյր Արմենիայի» ընդհանուր պարտքը դեռ 2 ամիս առաջ 16 միլիոն դոլար էր: Պատմությունը կրկնվում է. «Արմավիայի» օդաչուներն ու այլ աշխատակիցները, որոնց մի մասը գործի էր անցել «Էյր Արմենիայում», նորից հայտնվեցին «կոտրած տաշտակի» առջեւ, նրանք «Արմավիայի» սնանկացումից հետո աշխատավարձերի պարտքերն այդպես էլ չստացան, հիմա էլ հույս չկա, որ այս ավիաընկերությունից կստանան:

Թե ինչ է նախատեսվում ավիաընկերության առողջացման ծրագրով՝ Ավետիսյանն ասաց, որ նախ՝ 4 օդանավ, 2-ը՝ մեծ, 2-ը՝ փոքր, բնականաբար, ֆինանսական ներդրումներ՝ սկզբում ոչ շատ մեծ ծավալի. «Այսպես ասեմ՝ եթե մինչեւ սնանկացումը ինձ անհրաժեշտ էր 7 միլիոն դոլար, որպեսզի գործը վերսկսեմ, առողջացման ծրագրով առաջարկում եմ՝ քանի որ իմ պարտքերը սառեցվում են, գրում եմ՝ հին պարտատերերը պետք է սպասեն, ենթադրենք, մինչեւ 2017 թվականը, մինչեւ 17 թիվը պարտատերերից որեւէ մեկը իրավունք չունի արգելի իմ գործունեությունը, ես կատարում եմ իրենց ընթացիկ ծախսերը, 2017-ից սկսում եմ փակել հին պարտքերը: ԱՄՆ-ում այդպես է, շատ ավիաընկերություններ են այդ ճանապարհով անցել: 2 տարով կասեցնում են պարտքերի մարումը, եթե պարտքերի մարման օր գա ու հնարավոր չլինի վճարել, քրեական պատասխանատվության են ենթարկում ու ընկերությանը տանում լուծարման»:

Իսկ եթե, այնուամենայնիվ, ավիաընկերության առաջարկած առողջացման ծրագիրը չընդունվի պարտատերերի կողմից, եւ ընկերության սնանկացման գործընթացը սկսվի, ի՞նչ է անելու Ավետիսյանը, ինչո՞վ է զբաղվելու, արդյոք կարտագաղթի՞, Ավետիսյանն ասաց. «Անկեղծ լինեմ՝ «Էյր Արմենիայի» սնանկացումից հետո Արսեն Ավետիսյանի սնանկացումն է սկսվելու: Քանի որ ես բոլոր բանկերում ունեմ անձնական երաշխիքներ տված, եթե ընկերության գումարները չեն բավարարում բանկերի վարկերը փակելուն, «Կոնվերս բանկն է», «Ամերիան է», արդեն անձնական երաշխիք տվողները պետք է վճարեն այդ գումարները: Ես, բնականաբար, ի վիճակի չեմ լինելու վճարել այդ գումարները, ուստի գնալու է Ավետիսյանի սնանկ ճանաչումը: Սրանից հետո ի՞նչ եմ անելու, միանշանակ, արտագաղթելու եմ: Բայց ես չպետք է սնանկանամ, ես չեմ թողնի իմ էրեխեքը սնանկ պապա ունենան: Իրավիճակը դզելու ենք»:

Արսեն Ավետիսյանն ասաց, որ ավիաընկերության անհաջողության համար ինքը առաջին հերթին իրեն է մեղավոր ճանաչում. «Ես փորձել եմ անել մի բան, որը որեւէ մեկը չէր անի, ուժերս չեն հերիքել, ցավոք»: Մինչդեռ, հիշեցնենք, «Առավոտի» սեպտեմբերի 23-ի «Բաց երկի՞նքը փակեց «Էյր Արմենիայի» օդերը» հրապարակման մեջ Ավետիսյանը հայկական ավիաընկերության ձախողման համար մեղադրում էր բաց երկնքի քաղաքականությունը:
«Էյր Արմենիայի» սեփականատեր էր նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանը: Ինչպե՞ս հաջողացրեց ու իր բաժնեմասը ժամանակին վաճառեց Հարությունյանը եւ փրկվեց այս պարտքերի բեռից, արդյոք գիտե՞ր՝ ինչ էր սպասվում, այս հարցին Արսեն Ավետիսյանն ասաց. «Կարծում եմ՝ մեր հաջողությանն ուղղակի չէր հավատում, բայց ես իմ հավատը չեմ կորցրել, իմ թիմով իրավիճակն ուղղելու եմ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30