Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր ուժերին տրված են քարոզչության հավասար հնարավորություններ

Նոյեմբեր 27,2015 16:30

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ

– Տիկին Նաղդալյան, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավին տրամադրված ժամանակի կեսն արդեն անցավ, ի՞նչ տպավորություններ ունեք, ինչպե՞ս կբնութագրեք: Պասիվություն չի՞ նկատվում:

– Համաձայնեք, որ այսօր մեր հասարակության առջեւ դրված հարցը՝ Սահմանադրության նախագծին «այո» կամ «ոչ» ասելու որոշումը, այն հարցերի շարքից է, երբ «իմ եւ քո» չկա` ընդունվում է երկրի մայր օրենքի փոփոխություն, որը հավասարապես վերաբերում է բոլորին, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու եւ քաղաքական դաշտում նույնպես թե իշխանական եւ թե ընդդիմադիր ուժերին: Այսինքն՝ այնպես չէ, որ ինչ-որ մեկը այս խնդրի տերն ու շահագրգիռն է, յուրաքանչյուր քաղաքացու եւ քաղաքական ուժի վերաբերում է հավասարապես: Սա, կարծում եմ, իր կնիքն է թողնում ընթացող ընտրարշավի վրա:

Թե օրենքով եւ թե գործող կարգերով եւ գոյություն ունեցող պրակտիկաներով բոլոր ուժերին տրված են քարոզչության հավասար հնարավորություններ: Բարձր եմ գնահատում մեր բոլոր քաղաքական ուժերի` թե «այո»-ի եւ թե «ոչ»-ի ճամբարում ներգրավված քաղաքական գործիչների ինտելեկտուալ հնարավորությունները` վարելու կոռեկտ եւ կառուցողական բանավեճ, ժողովրդին ճշգրիտ հասցնելու իրենց խոսքն ու համոզմունքը:
Կարծում եմ՝ ակնհայտ է նաեւ Սահմանադրության բարեփոխման կողմնակից քաղաքական ուժերի (իշխող ուժի եւ բազմաթիվ այլ ուժերի, ովքեր տեսնում եւ գիտակցում են բարեփոխումների անհրաժեշտությունը) հակվածությունը եւ պատասխանատվությունը ոչ միայն Սահմանադրության նախագծի նախապատրաստման եւ քննարկման ընթացքում հասարակական-քաղաքական ուժերի լայն մասնակցության, այլեւ հանրաքվեի քարոզչական փուլում հանրային լայն իրազեկում եւ կոնսոլիդացիա ապահովելու ուղղությամբ:

Եվ որպես առանձնահատկություն այս քարոզարշավի եւ նաեւ ընտրողին բազմակողմանի իրազեկման հնարավորություն՝ ուզում եմ առանձնացնել «այո»-ի եւ «ոչ»-ի հավասար պայքարի ապահովման նոր նախաձեռնությունը՝ «ռեալիթի շոուն», որը նոր քաղաքական մշակույթի տարր է ու հնարավորություն՝ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ բնակավայրերի բնակչությանը մեկ հարթակում, համատեղ, տարբեր մոտեցումներ ունեցող կողմերի բանավեճերն ու փաստարկները լսելու, այդ բանավեճերին նաեւ մասնակցելու եւ սեփական կարծիք կազմելու ու որոշում կայացնելու համար: Սա հատկապես լավ հնարավորություն է չկողմնորոշված քաղաքացիների համար: Կարծում եմ՝ մեզ փոքր-ինչ պակասում է այս՝ ընդհանուր-միասին ճանապարհ ընկնելու, ճանապարհ անցնելու նոր քաղաքական մշակույթը եւ մեզ բնորոշ «սեւ եւ սպիտակ»-ից ձերբազատվելու եւ «իմ ու քո»-ի փոխարեն՝ արմատավորելու մեկ այլ մտածելակերպ՝ համազգային, համապետական խնդիրների մեջ միասնականության եւ իրար ականջալուր լինելու ունակությունը:

Քարոզչության մեկ այլ ՝ բավական արդյունավետ եւ նորովի գործիք է հանրաքվեի կայքէջը, որը շատ ակտիվ է գործում եւ եւս նոր ոճ է այս աշխատանքների մեջ եւ նույնպես նպատակաուղղված է քաղաքացիներին բազմակողմանի եւ անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելուն: Մեր քաղաքացիների համար լայն հնարավորություն են նաեւ իրազեկման կենտրոնները եւ այլն:

– Նման իրավիճակում ինչպե՞ս կգնահատեք ընդդիմադիրների որդեգրած մարտավարությունը:

– Քարոզարշավի ողջ ընթացքում այդ մարտավարությունը նկատելի է, հատկապես որոշ ընդդիմադիր ուժերի ընտրած քաղաքականությունը եւ գործելաոճը նույնպիսին էր նաեւ նախագծի քննարկման փուլում: Նկատի ունեմ, որ ոչ թե քննարկվում եւ մերժվում են առաջարկվող նախագծի տեքստը եւ բովանդակությունը, տեղ գտած լուծումները, այլ բացառապես կենտրոնացած են երկրում առկա սոցիալ-տնտեսական դժվարությունների վրա: Ընդդիմությունը Սահմանադրության հանրաքվեն դարձրել է անձնականացված հարթության մեջ իշխանության դեմ պայքարի գործիք, պերսոնիֆիկացված ճանապարհով վիճարկելով իշխանության լեգիտիմությունը եւ որպես հնարք օգտագործում է որեւէ արգումենտացիա չունեցող եւ որեւէ քննադատության չդիմացող հանգամանքը, թե իշխանությունը իրավունք չուներ նման նախաձեռնությամբ հանդես գալու:

Գլխավոր կռվանը այդ մարտավարության մեջ՝ հիմնվելով երկրի եւ մարդկանց սոցիալական ծանր վիճակի վրա, քննարկվող ֆունդամենտալ խնդիրը փոխարկել լոկալ կամ թեկուզ հիմնարար, բայց ածանցյալ խնդիրների եւ նրանց հետեւանքների հետ՝ բնականաբար, շատ լավ հասկանալով, որ Սահմանադրությունը ո՛չ «հացի գին» որոշողն է, ո՛չ էլ փոխարինում է տնտեսական կամ դատաիրավական բարեփոխումներին: Այս իմաստով անտեսվում են առաջարկվող նախագծում տեղ գտած սոցիալական իրավունքների եւ այս ոլորտում պետության նպատակների սահմանադրական ամրագրման գործում որդեգրած նոր մոտեցումները, որը թույլ կտա սոցիալական իրավունքների ճանաչման եւ պաշտպանության պատրանքից գնալ դեպի դրանց երաշխիքներ:
Երբեմն-երբեմն հիշողության կորուստների կլինիկական դեպքեր հիշեցնելով ` քաղաքական դաշտի մեր գործընկերները որպես փաստարկ կիրառում են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրային պահանջի բացակայությունը, թեեւ բավական երկար ժամանակ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի զգալի, կարելի է ասել, ճնշող մասի հիմնական ծրագրային դրույթը, հիմնական պահանջը եւ քննադատության երկարաժամկետ թիրախը եղել է հենց նշված հանգամանքը:

Մասնավորապես՝ գործող Սահմանադրության պայմաններում մեծամասնական ընտրակարգի գոյության արդյունքում իշխող ուժի ստացվող բոնուսը, քաղաքական ներկայացուցչական մարմնի ոչ բավարար դերակատարությունը, քաղաքական փոքրամասնության նվազ դերակատարումը եւ բազմաթիվ այլ հանգամանքներ, ինչպես նաեւ այս ամենի հետեւանք հանդիսացող քաղաքական առճակատումները եւ, վերջին հաշվով, բացասական ազդեցությունը երկրի կայուն զարգացման վրա:

Ինչ վերաբերում է կառավարման ձեւին, ապա մեր երկիրը հետեւողականորեն ընթանում է աստիճանական զարգացման ուղով: Նկատի ունեմ, որ պետականության ստեղծման առաջին փուլում գոյություն է ունեցել պետական կառավարման հենց այսպիսի՝ խորհրդարանական հանրապետության ձեւը, որը քաղաքական եւ անձնական ամբիցիաների ազդեցության ներքո, պայքարի արդյունքում վերածվեց նախագահականի (լինելով կոշտ նախագահական), որից հետո կատարվեց անցում դեպի կիսանախագահական ձեւի, եւ այդ ընթացքի տրամաբանական շարունակությունն են այսօրվա բարեփոխումները:

– Կնշե՞ք մի քանի դիպուկ առավելություն, թե ինչու ժողովուրդը պետք է «այո» ասի ներկայացվող նախագծին:

– Բոլոր վերը թվարկված եւ բազմաթիվ այլ խնդիրներ լուծվում են առաջարկվող նախագծով, որը հիմք կարող է հանդիսանալ պառլամենտարիզմի կայացման եւ զարգացման, պետական կառավարման առավել արդյունավետ համակարգի արմատավորման, կառավարության՝ Ազգային ժողովի առջեւ հաշվետվողականության եւ վերահսկելիության, դատական իշխանության իրական անկախացման եւ այլ բարեփոխումների համար: Առաջարկվող այս համակարգը, վստահաբար, առավել համահունչ է ժողովրդավարության եւ իրավական պետության պահանջներին, իսկ եթե ցանկանում եք դիպուկ առավելությունների օրինակներ նշեմ, ապա կուզենայի նշել՝ խորհրդարանում առճակատումների փոխարեն կոմպրոմիսների ճանապարհով խնդիրների լուծման հեռանկարը, կամ հենց միայն այն, որ քաղաքացիական հասարակությունը եւս ստանում է հնարավորություն՝ մասնակցություն ունենալու օրենսդրական աշխատանքներին՝ ընտրական իրավունք ունեցող 50 հազար քաղաքացու Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունքով, որը, խոշոր հաշվով, բերելու է երկրում տարբեր առիթներով հնարավոր լարվածությունների եւ սրացումների թուլացման եւ վերացման:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30