Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական գամբիտ, կամ՝ ինչպես ռուսները սկսեցին գուրգուրել հայերին

Նոյեմբեր 27,2015 16:00

«Սա թիկունքից հարված էր, որ միանշանակորեն ազդելու է ռուս-թուրքական հարաբերությունների վրա»,- մեկնաբանելով ռուսական «Սու-24» օդանավի կործանումը՝ հայտարարեց օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի պնդմամբ՝ հարվածի պահին ռուսական օդանավը գտնվել է թուրքական սահմանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա` Սիրիայի օդային տարածքում, եւ օդանավը որեւէ կերպ չէր սպառնում Թուրքիային, եւ որ օդային հարվածների թիրախը «Իսլամական պետություն» խմբավորման` Լաթաքիա նահանգի հյուսիսում կենտրոնացած զինյալներն էին, որոնց հիմնական մասը Սիրիա է ժամանել ՌԴ-ից:

Պուտինը հասկացնել տվեց, որ Թուրքիան, ռուսական օդուժի դեմ գործողությունների դիմելով, տնտեսական շահ է հետապնդում. «Մենք վաղուց էինք արձանագրել, որ Թուրքիայի տարածք մեծ քանակությամբ նավթ եւ նավթամթերք է արտահանվում «Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետության» կողմից գրավված տարածքներից: Այստեղից էլ այդ կազմակերպության ֆինանսական սնուցումն էր, այժմ էլ ահա հարվածներ մեր թիկունքին, հարվածներ օդանավերին, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ»:

Տեղի ունեցածն, իհարկե, կազդի Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունների վրա, եւ ոչ միայն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը՝ մի կողմից, կարծես, հիմա մի նոր լրջագույն խնդիր առաջ եկավ, որտեղ արդեն տարածաշրջանում խաղացողները միմյանց մեջ հարաբերություններ ճշգրտելու նոր հրամայականի առջեւ են կանգնել, ինչը նախեւառաջ բարդացնում է փոխհարաբերություններում վստահության աստիճանը:
«Այսօրվա ողբերգական իրադարձությունը լուրջ հետեւանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար: Մենք միշտ Թուրքիան ընկալում էինք ոչ թե որպես մերձավոր հարեւան, այլեւ որպես բարեկամ պետություն: Տեղի ունեցածից անմիջապես հետո, սակայն, Թուրքիան, մեզ հետ ուղղակի կապ հաստատելու փոխարեն, մեր ունեցած տեղեկություններով, դիմել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին՝ առաջարկելով քննարկել ստեղծված կացությունը: Կարծես թե մենք ենք թուրքական օդանավ խփել, այլ ոչ թե իրենք՝ մերը: Ի՞նչ է, նրանք ուզում են ՆԱՏՕ-ն ծառայեցնել «Իսլամական պետության» շահերի՞ն»,- նշել էր Պուտինը:

Պաշտոնական Անկարայի արձագանքը հիմնվում է երկրի սահմանների անվտանգությունը պաշտպանելու կետից: Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ` նկատելով, որ իր սահմանները պաշտպանելու Թուրքիայի իրավունքը պետք է հարգեն բոլորը: Էրդողանն արտահերթ խորհրդակցություն էր անցկացրել անվտանգության հարցերով՝ ռուսական «Սու-24» ռազմական օդանավը խոցելուց հետո, այնուհետեւ հայտնել, որ ռուսական ինքնաթիռն անտեսել է «5 րոպեում 10 անգամ» ստացված զգուշացումները: Նրա խոսքով` թուրքական կործանիչները գործել են ուժերի ներգրավվածության բոլոր կանոններով: Իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանելով Սիրիայի հետ սահմանին «Սու-24» ինքնաթիռի միջադեպը՝ հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի պատասխանելու իր օդային տիրույթի խախտման դեպքերին։ Դավութօղլուն այդ հայտարարությունն արել է նոր կառավարության կազմը հրապարակելիս։ Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան կանի ամեն անհրաժեշտ բան՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Նրա խոսքերով՝ Թուրքիան «աչք չունի» որեւէ երկրի տարածքների նկատմամբ եւ իրավասու է ամեն կերպ արձագանքել իր ցամաքային ու օդային սահմանների խախտումներին։

Ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունը, ինչպես եւ կարելի էր կանխատեսել, մեծ թոհուբոհ է առաջացրել հայաստանյան իրականությունում: Վերլուծություններ են արվում, մեկնաբանություններ են հնչում Թուրքիայի պահվածքի եւ ռուս-թուրքական հարաբերությունների սրման պատճառների մասին:

Ռուսական քարոզչամեքենան «Սու-24» օդանավի կործանումից ժամեր անց գործի դրվեց, եւ, իհարկե, ի ցույց դրվեց Մոսկվայի սերը հայերի ու Հայաստանի նկատմամբ: Ռուսական քարոզչության «տիտան», «Ռուսաստանն այսօր» հաղորդման հեղինակ Դիմիտրի Կիսելյովը խորհուրդ տվեց ռուսներին Թուրքիայի փոխարեն հանգստանալ Հայաստանում՝ մոռանալով, թե ոչ վաղ անցյալում ինչպես էր վիրավորվել այն փաստից, որ հայ տաքսիստը ռուսերեն խոսել չգիտի, ու «մուննաթ» էր գալիս այդ առիթով:

Իսկ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին «Вечер с Владимиром Соловьевым» հաղորդման հատուկ թողարկման ընթացքում մոռացավ, թե ինչպես էր վերջերս հիանում «հիասքանչ» երկիր Ադրբեջանով եւ նրա «հավատարիմ» ու «կանխատեսելի» գործընկեր, նախագահ Ալիեւով: Ժիրինովսկին արդեն ոչ միայն քննադատում է Թուրքիային` ռուսական ինքնաթիռի խոցման համար, այլեւ հիշեցնում է, որ Թուրքիան պատմության ողջ ընթացքում միշտ ատել է Ռուսաստանին եւ գործել նրա դեմ: Հետեւաբար նա առաջարկում է Թուրքիայի վերջը տալ մեր ձեռքով. «Թուրքիայի հարցերը պետք է լուծել, անել դա ուրիշի ձեռքով: Հայերն ատում են թուրքերին, եթե մենք նրանց թույլ տանք ազատագրել իրենց արեւմտյան տարածքները, նրանք հաճույքով կազատագրեն: Հայերը դա արդեն արել էին 1918-ին, սակայն Մոսկվան չօգնեց, նորից անցավ Թուրքիայի կողմը»:

Այսինքն՝ հիմա արդեն Ռուսաստանը Հայաստանի «կողմում» է: Դրա համար, փաստորեն, հարկավոր էր ընդամենը «Սու-24» օդանավի կործանում: Հայաստան-Ռուսաստան «ռազմավարական» հարաբերություններին, հուսանք, այլեւս ոչինչ չի խոչընդոտի: Իսկ եթե մի իրադարձություն էլ ռուս-ադրբեջանական բազմամիլիարդանոց զենքի վաճառքի պայմանագրերի կատարումը խափանի, ինչպես ասում են, մենք մեզ լիարժեքորեն կարող ենք դրախտում զգալ: Թեկուզ մի կարճ ժամանակահատված:

Իսկապես հասունացել է պատմական պահը` Պուտինին կրկին երկարաշունչ նամակներ գրելու: Պետք է շտապել, քանի դեռ Ռուսաստանն ու Թուրքիան չեն «բարիշել»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30