Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղողի գումարները չեն կարողանում վերցնեն, որ փոքրիկին վիրահատության տանեն

Նոյեմբեր 27,2015 15:00

Փոքրիկ Ալլային պետք է 9-րդ անգամ վիրահատեն, որպեսզի երեխայի աչքի լույսը գոնե այս վիրահատությունից հետո վերադառնա: Ալլան ընդամենը 6 տարեկան է, բայց այս վեց տարիների ընթացքում երեխան արդեն 8 վիրահատություն է տարել:

Ալլան տեսողությունից զրկվել է նորածին ժամանակ, տատիկի՝ Ալվարդ Սահակյանի խոսքերով, երբ անհասության պատճառով փոքրիկին հատուկ սարքի մեջ են պահել:
Տիկին Ալվարդն ասում է, որ հետագայում են հասկացել, որ երեխան չի տեսնում, լույսին ու մթին չի արձագանքում: Երեխային հետազոտած բժիշկներն ասել են, որ երեխայի տեսողությունը սարքավորման ուժեղ լույսի պատճառով է վնասվել:

6-7 վիրահատությունից հետո աջ աչքը սկսել է փոքր-ինչ տեսնել, բայց իր խաղալիքները, ծնողներին, տատիկ-պապիկին ու իրեն շրջապատող առարկաներն ու գույներն ընդհանրապես չի տեսնում: Տատիկի խոսքերով՝ միայն լույսին է արձագանքում:

Ալլայի վիրահատությունը ամեն անգամ կատարվում է Սանկտ Պետերբուրգում, քանի որ իր բնույթով բարդ է: Պետերբուրգցի բժիշկները 8-րդ վիրահատությունից հետո հույս էին տվել, որ երեխան տեսնելու է, սակայն վիրահատությունից երեք տարի անց: Երեկ «Առավոտի» խմբագրություն եկած Ալվարդ Սահակյանն ասաց, որ երեք տարին արդեն լրացել է, բայց փոքրիկի տեսողությունը դեռ չի վերականգնվել: Հայաստանում օրերս երեխային հետազոտել են եւ ասել, որ պետք է կրկին վիրահատվի: Նույն ախտորոշումը տվել են նաեւ Պետերբուրգի բժիշկները, որոնք հետազոտման արդյունքներին ծանոթացել են հեռակա: Տիկին Ալվարդն արդեն քանի օր է՝ ընկած դռնեդուռ օգնություն է հայցում, որ երեխային տանի վիրահատության, այս վիրահատությունը ծնողների վերջին հույսն է:

Տիկին Ալվարդի խոսքերով՝ վիրահատությունը թանկ արժե՝ 3-4 հազար դոլար, իսկ իրենք գյուղացի մարդիկ են եւ այդքան գումար մեծ դժվարությամբ են հայթայթում:

Փոքրիկ Ալլայի ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում: Ամեն անգամ երեխային վիրահատության տարել են բարերարների օգնությամբ եւ ամեն տարի մշակած խաղողից եւ այլ բերքից ստացած գումարներով:

Այս անգամ երեխայի հարազատները գումարի փոքրիկ մասը հավաքել են, սակայն մեծ մասը պակասում է: Հույսները մթերման հանձնած խաղողի գումարներն էին, որի դիմաց մթերող ընկերությունը Ալվարդ Սահակյանին պարտք է մնացել: Տիկին Ալվարդն արդեն մի քանի անգամ դիմել է գումարները վաղօրոք ստանալու, սակայն գործարանը մերժել է: Նրա խոսքերով՝ գումարները տալու պայմանավորվածությունը ապրիլ ամսվա վրա է, սակայն չկանխատեսված Ալլայի վիրահատության հարցն է առաջ եկել. Պետերբուրգի կլինիկայի հետ պայմանավորվածությունն արդեն ձեռք բերված է, եւ ընտանիքն ուզում է ամեն գնով հասցնել եւ երեխային տեղափոխել:

Տատիկի ներկայացմամբ՝ դեկտեմբերի 7-ին Ալլայի վիրահատությունն է նշանակված, սակայն ընտանիքը կանգնած է անելանելի վիճակի առաջ:

«Հիմա նորից պետք է վիրահատեն էրեխուն, բայց գումար չունենք, ոչ էլ գիտենք՝ ումից պարտք անենք: Հիմա միակ հույսներս էլի բարերարներն են»:
Ալվարդ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն անգամ Պետերբուրգ մեկնելիս առողջապահության նախարարությունը վճարում է ինքնաթիռի տոմսերի արժեքը. «Բժիշկների ասելով՝ սա վերջին վիրահատությունն է, եւ շատ հնարավոր է, որ Ալլան սկսի տեսնել, գույները տարբերել»:

Բժիշկները նման վիրահատությունների արդյունավետությունը երաշխավորել են 60-70%-ով, այն էլ, երբ վիրահատությունը կատարվում է տարիքային առումով ճիշտ ժամանակահատվածում: Այդ է պատճառը, որ երեխայի ծնողները, հարազատները մեծ հույս ունեն, որ Ալլայի աչքի լույսը վերադառնալու է: Ալվարդ Սահակյանն Արմավիրի մարզպետին էլ է դիմել. ամեն անգամ մարզպետարանը որոշ գումարով օգնել է: Տիկին Ալվարդը խնդրել է միջամտել, որպեսզի մթերող ընկերությունը գումարները պայմանավորված ժամանակից շուտ տա, սակայն մարզպետարանում ասել են, որ ոչնչով չեն կարող տիկնոջն օգնել, քանի որ խաղողը մթերած ընկերությանը մի կերպ են համոզել, որ խաղողն ընդունի:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30