Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ոչնչություն սպառնում է մարզպետի գլուխը ջարդելով» արտահայտությունը «զրպարտություն հանդիսացող փաստացի տվյա՞լ» է

Նոյեմբեր 27,2015 14:30

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան են դիմել Տիգրան Կարապետյանը, նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Մուրադյանը: Դատական նախնական նիստին, որը տեղի է ունենալու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում, մասնակցելու համար երեկ «Առավոտը» ստացել է ծանուցագիր: Դեկտեմբերի 16-ի նիստին հրավիրվել ենք՝ որպես երրորդ անձ:

Այս գործով պատասխանող է ճանաչվել Վոլոդյա Հովհաննիսյանը: Դատավորն է Ի. Բեգլարյանը:

Հայցվորը դիմել է դատարան «Վիրավորանք հասցնելու համար լրատվության նույն միջոցով հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները լրատվության նույն միջոցով հերքելու եւ փոխհատուցում վճարելու մասին» պահանջով: Ըստ հայցվորի, վիճահարույց հրապարակումը «Սուրիկ Խաչատրյանին սպառնում են» հոդվածն է, որը լույս է տեսել www.aravot.am-ում այս տարվա մայիսի 12-ին:

Պատասխանողը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդականն է, Արցախյան ազատամարտի պահեստազորի գնդապետ:

Հայցվորը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն է եղել:

Լրատվամիջոցին տված զրույցի ժամանակ խոսք է գնացել մարզպետի շուրջ կատարվող երեւույթները միակողմանի գնահատելու, մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքին, ինչի կապակցությամբ Վոլոդյա Հովհաննիսյանն ասել էր. «Իսկ ո՞վ է հաստատել նրա տղայի մասնակցությունը ծեծկռտուքին: Բոլորն ասում են Տիգրանն է եղել պատճառը, բայց ոչ մի հստակ բան»:

Լրատվամիջոցի հակադարձմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ Տիգրանը երկրում չէ, Վ.Հովհաննիսյանը պատասխանել էր. «Իսկ ո՞վ է կանխարգելել նրա ազատ տեղաշարժի իրավունքը, որեւէ պետական մարմին նման կանխարգելիչ միջոցառում ձեռնարկե՞լ է, դա նրա անձնական գործն է, դա ոչ մի կապ չունի»:

Լրատվամիջոցով մեր զրուցակիցը զուգահեռ է անցկացրել Գագիկ Ծառուկյանի հետ կապված շրջանառու լուրերին եւս, երբ լրատվամիջոցներից շատերը պաշտպանում էին, իսկ՝ «պետական մարզպետին, որի վրա հոխորտում են, ոչ ոք չի պաշտպանում»: «Մարդու հեղինակության հետ են խաղում. մի ոչնչություն սպառնում է մարզպետի գլուխը ջարդելով, որ հետո էլ մարզպետին ներկայացնեն որպես մեղավոր՝ անհավասարակշիռ արարք կատարելու համար»,- ասել էր Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը:

Հայցվորը դատարան դիմելու դրությամբ նշել էր նաեւ կայքի դիտումների թիվը՝ 4144 անգամ:

Ի դեպ, դատարան է ներկայացվել «Առավոտ» ՍՊ ընկերության պաշտոնական գրությունը, հունիսի 1-ի թվագրմամբ: Մասնավորապես, մեր լրատվամիջոցը Տիգրան Կարապետյանին հայտնել էր. «Հարգելի պարոն Կարապետյան, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի մայիսի 12-ին  www.aravot.am-ում տեղադրված «Սուրիկ Խաչատրյանին սպառնում են» վերնագրով հոդվածում Տաթեւիկ Հարությունյանի կողմից մեջբերված են բացառապես Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքերը: Ձեր նշված արտահայտությունների կապակցությամբ, ձայնագրությունը պահպանված է»:

Հայցվորը վիրավորական էր համարել հետեւյալ արտահայտությունները. «լկտիանում», «իրենից ոչինչ չի ներկայացնում», «ցինիկ ու լկտի մարդու կողմից», «ոչինչ չունի այս աշխարհում արած», «մի ոչնչություն սպառնում է մարզպետի գլուխը ջարդելով», որոնք արատավորել են, ըստ հայցվորի ներկայացուցչի, մեր վստահորդի գործարար համբավը:
Հայցվորը հղում է կատարել դեռեւս գործող Սահմանադրության 3-դ հոդվածին, համաձայն որի՝ մարդու արժանապատվությունը բարձրագույն արժեք է, 14-րդ հոդվածին, համաձայն որի՝ արժանապատվությունը որպես մարդու իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:
Հայցվորի դիտարկմամբ, պատասխանող խորհրդականը ի սկզբանե «հայցվորի հեղինակությունը նսեմացնելու եւ նրան նվաստացնելու դիտավորություն է ունեցել», քանի որ «նա գիտեր եւ կամ ակնհայտորեն պետք է իմանար նման արտահայտությունների նշանակությունը, արատավորող իմաստը»:

Հայցվորը պահանջում է հերքել. «մի ոչնչություն սպառնում է մարզպետի գլուխը ջարդելով» արտահայտությամբ կատարված «զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալը», որպես փոխհատուցում բռնագանձել 1 միլիոն դրամ:

Դատարանում առկա էր նաեւ մի միջնորդություն եւս. արգելանք դնել Վոլոդյա Հովհաննիսյանի գույքի, դրամական միջոցների վրա: Քաղաքապետի նախկին թեկնածուի փաստաբանն այդ միջնորդությունը հիմնավորել էր նրանով, որ պատասխանողը կարող է օտարել կամ այլ կերպ թաքցնել բռնագանձումից իրեն պատկանող գույքը կամ դրամական միջոցները: Սա այն դեպքում, երբ դատաքննությունը դեռ չի սկսվել, դատական ակտ դեռ չի կայացվել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30