ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտին հայտնի է դառնալու, թե որ երկրները 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում քանի մասնակից են ունենալու:
Այսօրվա դրությամբ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների 11 անդամներից պայքարն ավարտել են հինգը: Մեր ծանորդներից առայժմ լավագույն արդյունքը ցույց է տվել երեկ մրցահարթակ մտած 77 կգ քաշային, աշխարհի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի մեծահասակների բրոնզե մեդալակիր, պատանիների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Անդրանիկ Կարապետյանը:
Հյուսթոնում 19-ամյա մեր ծանրորդը ընձեռված վեց մոտեցման հնարավորությունից արդյունավետ օգտագործել է չորսը: Պոկում վարժությունում սկսելով 164 կիլոգրամից՝ Անդրանիկը երրորդ մոտեցումով սանձել է 167 կգ ծանրաձողը, որը նրան բերեց փոքր բրոնզե մեդալ: Պայքարն ավելի լարվել է հրում վարժությունում: Ա. Կարապետյանը երկրորդ մոտեցումով բարձրացրել է 191 եւ ի վերջո ցույց տվել 196 կգ՝ հինգերորդ ցուցանիշն այս վարժությունում: Երկամարտում Անդրանիկը վաստակել է 363 կիլոգրամ, նույնքան, որքան բրոնզե մեդալի արժանացած եգիպտացի Յուսուֆ Ահմադ Մոհամադը եւ միայն անձնական ավելի ծանր քաշի պատճառով է պատվո պատվանդանի երրորդ աստիճանը զիջել նրան՝ գրավելով չորրորդ տեղը:
Այս քաշային կարգում հայ մարզասերները ավելի մեծ ակնկալիք ունեին օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի նախկին ու Եվրոպայի գործող չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանից, սակայն գյումրեցի ծանրորդը, որը պիտի պայքարեր անգամ ոսկե մեդալի համար, բոլորի համար անսպասելի պոկում վարժությունում երեք անգամ ձախողվեց իր իսկ պատվիրած 163 կիլոգրամում եւ զրո ստանալով չմասնակցեց նաեւ հրում վարժությանը:
Ընդհանրապես, 77 կգ քաշային կարգը ամենալարվածն ստացվեց: Բավական է ասել, որ Տիգրան Մարտիրոսյանի տխուր օրինակին «հետեւեց» նաեւ օլիմպիական չեմպիոն, Չինաստանի ներկայացուցիչ Լյու Քսյույուն, որը մեծ առավելությամբ պոկում վարժության փոքր ոսկին նվաճելուց հետո իր հերթին հրումում երեք անգամ չկարողացավ բարձրացնել 201 կգ-ն ու «ընկերացավ» իր գլխավոր մրցակցին: Ավելին, այս քաշային կարգի C, D, B, A խմբերում ընդհանուր առմամբ զրո արդյունք ցույց է տվել տասը ծանրորդ:
Կարդացեք նաև
Տղաներից Վանիկ Ավետիսյանը 69 կգ քաշային կարգում երկամարտի 317 (140+177) կիլոգրամով 12-րդն է: Աղջիկներից ասպարեզ մտած մեր երկու մարզուհիները հանդես էին գալիս «B» խմբում եւ նրանցից սպասելիքները համեստ էին: 58 կգ քաշային կարգում Իզաբելլա Յայլյանը 201 (89+112) կիլոգրամով հանգրվանել է 15-րդ տեղում, իսկ դրանից առաջ Աննա Գովելյանը 53 կիլոգրամ քաշային կարգում երկամարտում ցույց է տվել 170 (76+94) կգ եւ բավարարվել 28-րդ հորիզոնականով:
Այսօրվանից պայքարի մեջ է մտնելու մեր ծանր հրետանին, որից նույնպես բարձր տեղերի եւ մեդալների ակնկալիքներ ունենք: Թերեւս, միակ բացառությունը «C» խմբում ընդգրկված 75 կգ քաշային Սոնա Պողոսյանն է: Ճիշտ է, ծանր վնասվածքից հետո մի քանի տարի տեւած ապաքինումից եւ մայրանալու երջանկությունը վայելելուց հետո մեծ սպորտ վերադարձած աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանն էլ հանդես է գալու «B» խմբում, սակայն ուժեղագույնների ցուցակից ոմանց շրջանցելու հնարավորություն ունի: Մեդալների համար կարող է պայքարել նաեւ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, կանանց գերծանր քաշայինների մեջ ամենաթեթեւը կշռող Հռիփսիմե Խուրշուդյանը:
Ավելի մեծ են ասպարեզում մնացած մեր տղաների՝ 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանի եւ +105 կգ քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանի եւ Գոռ Մինասյանի հնարավորությունները: Նրանք բոլորն էլ աշխարհի առաջնության մեդալների իրական հավակնորդներ են:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.11..2015