Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՃԱԿԱՏԱԳԻՐ ԵՎ ՀՈԳԵՎԻՃԱԿ

Նոյեմբեր 27,2015 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ տասներորդ

ՃԱԿԱՏԱԳԻՐ ԵՎ ՀՈԳԵՎԻՃԱԿ

Ինչքան էլ մեր կապիտալիզմն իսկական ու դասական կապիտալիզմից ավելի վայրի ու ավելի վայրենի լինի, առայժմ հակված եմ կարծել, որ մեր կապիտալիստների մեջ մարդկային որակներով օժտվածներն ավելի շատ են, քան՝ արտերկրների իսկական ու դասական կապիտալիսների մեջ, եւ դրա պատճառն էլ երեւի էն է, որ մեզանում կապիտալիստներն էնքան արագ ու էնքան անսպասելի կապիտալիստ դառան, որ դեռեւս չեն հասցրել իրենց նախկին ընկերներից ու նախկին շրջապատից լրիվ կտրվել, եւ կարծես թե պատրաստ էլ չեն լրիվ կտրվել, եւ ասածս հիմնականում վերաբերում է շատ թե քիչ կրթված ու շատ թե քիչ խելացի կապիտալիստներին, եւ չնայած էդպիսիք մեզանում առանձնապես շատ չեն, այդուհանդերձ, կան, եւ քանի որ փողը կրթված ու խելացի մարդուն առանձնապես չի հիմարացնում, էդպիսիք առանձնապես չեն շտապում իրենց նախկին ընկերներից ու նախկին շրջապատից կտրվել, եւ, իհարկե, խոսքս ամենահարուստներին չի վերաբերում, որովհետեւ մեր ամենահարուստների մեջ կրթվածներ գրեթե չկան, բայց խելացիներ ու խելքովներ՝ ինչքան ուզեք, եւ իրենցն, իհարկե, բնական ու բնատուր՝ անդիպլոմ խելքն է, եւ իրենք բնականից էնքան  խելոք են, որ էն գլխից են հասկացել, որ ոչ թե խելքն է ձեռքբերովի, այլ՝ դիպլոմը, եւ էդ պարզ ու հասարակ բանը հասկանալով՝ հետագայում ձեռի հետ նաեւ իրենց սրտի ուզած դիպլոմն են առել, բայց իմ խոսքը ոչ թե բնածին խելքի տեր էս ամենահարուստներին էր վերաբերում, այլ նրանց՝ ովքեր հարստանալուց ու կապիտալիստ դառնալուց առաջ են բարձրագույն կրթության դիպլոմ ձեռք բերել, ընդ որում՝ կապիտալիստ չդառածներիս հետ նույն կամ զուգահեռ կուրսերում են սովորել եւ հիմա կապիտալիստ դառնալով՝ դժվարանում են կտրվել իրենց հին ընկերներից ու հին շրջապատից, եւ մոտ ապագայում դժվար էլ կտրվեն, որովհետեւ էդ շրջապատում անխտիր բոլորն են դիպլոմավոր, եւ էդ շրջապատում անխտիր բոլորն իրենց դիպլոմավոր լինելը երբեւէ չեն էլ  հիշում՝ էն պարզ պատճառով, որ տարիներ շարունակ առավոտից իրիկուն ում հետ որ շփվել ու առնչվել են՝ բոլորն  են դիպլոմավոր եղել, եւ էս ճակատագրով դիպլոմավորներս մեր դիպլոմավոր լինելը հիշում ենք բացառապես էն դեպքերում, երբ մեր շարքերում պատահաբար ու հանկարծակի հայտնվում է անդիպլոմ մեկն ու սկսում է զանազան ու տարատեսակ  դասեր տալ մեզ՝ դիպլոմավորներիս, ընդ որում՝ յուրաքանչյուրիս ըստ իր մասնագիտության, ու էս դեպքերում դիպլոմավորներս հասկանում ենք, որ դիպլոմավոր լինելը ոչ թե խելքի ու գիտելիքի ցուցանիշ է, այլ ընդամենը՝ ճակատագիր  ու հոգեվիճակ, ավելի ճիշտ՝  դիպլոմավոր չլինելը խելքի ու գիտելիքի բացակայության հետ որեւէ առնչություն չունի. ավելին. անդիպլոմ արարածը դիպլոմավորների շրջապատում բացառիկ լինելով՝ ոչ միայն հետեւողականորեն ինքնակրթությամբ է զբաղվում, այլեւ իր  բնածին խելքն է աջուձախ գործի դնում, եւ սա արդեն բացառապես վերաբերում է կապիտալիստ չդառածներին, որովհետեւ դիպլոմ չունեցող կապիտալիստները շատ արագ որեւէ դիպլոմ առնելով՝ իրենց ինքնակրթության վրա առանձնապես ժամանակ չեն վատնում, եւ եթե իրենց բնածին խելքն աջուձախ գործի են դնում, էդ էլ ոչ թե հատուկ նպատակով են անում, այլ՝ միանգամայն ինքնաբերաբար, որովհետեւ եթե բնածին խելքը  կա ու գոյություն ունի, իրենից հնարավոր չի փախչել՝ ճիշտ այնպես, ինչպես որ բնածին անխելքներն ի վիճակի չեն փախչել իրենց բնածին  անխելքությունից ու դրա մշտական հետեւանքներից, եւ բնածին  անխելք ասելով՝ ամենեւին էլ դիպլոմավորներին նկատի չունեմ, որովհետեւ  դիպլոմ չունեցողների մեջ էլ են բնածին անխելքներ պատահում, ընդ որում՝ շատ էլ  հաճախ են պատահում, եւ մեծ հաշվով կարելի է ասել, որ դիպլոմ չունենալն ամենեւին էլ խելքի նշան չի, եւ դիպլոմ ունենալն էլ ամենեւին անխելքության նշան չի, մանավանդ որ՝ էս խմբի ներկայացուցիչներից որոշներն էլ են հաջողակ կապիտալիստներ դառել, եւ չնայած սրանց էսպես հստակորեն խմբերի եմ բաժանում, էս բաժանումներս ու սահմանումներս միանգամայն  պայմանական ու հարաբերական են, եւ սրանց կապիտալիստ անվանելն էլ է միանգամայն պայմանական ու հարաբերական, եւ նմանապես մեր էս վայրենի ու ահասարսուռ իրականությունը կապիտալիզմ անվանելն է պայմանական ու հարաբերական, եւ չնայած Էյնշտեյնը միանգամայն հարգելի պատճառներով մեզնից ու մեր էս կյանքից որեւէ տեղեկություն չի ունեցել, այդուհանդերձ, իր հարաբերականության տեսությունը մեզ ու մեր էս կյանքին ավելի է առնչվում, քան՝ որեւէ այլ բան, ընդ որում՝ իր էդ տեսությունը ոչ միայն մեր էս հիմիկվա կյանքին է ուղղակիորեն ու սերտորեն առնչվում, այլեւ՝ նախորդին, եւ եթե դեռեւս չեք մոռացել, մեր նախորդ կյանքին էլ միանգամայն պայմանական ու հարաբերական սոցիալիզմ անունն էինք կպցրել:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30