Հայաստանում նախատեսվում է հիմնել գերմաներենի խորացված ուսուցում իրականացնող գիմնազիում: Այս մասին Aravot.am-ին ասաց Կրթության եւ գիտության նախարարը:
«Օգտվելով մեր արդեն իսկ ունեցած փորձից՝ գերմանացի գործընկերներին առաջարկել ենք իրականացնել այդ գաղափարն այնպես, ինչպես արել ենք ֆրանսիական լիցեյի եւ ինչպես պատրաստվում ենք անել չինական դպրոցի պարագայում: Առաջարկությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել, այն մոտ ապագայում կքննարկվի եւ կկայացվի համապատասխան որոշումը»,-տեղեկացրեց Արմեն Աշոտյանը:
Նա փաստեց, որ գաղափարի իրականացումը ֆինանսական միջոցներ է պահանջում. ակնկալվում է, որ գերմանական կողմը դրական պատասխան կտա: «Գիմնազիումում հայկական կրթական ծրագրին զուգահեռ կիրականացվի գերմաներենի խորացված ուսուցում, որը ներառում է նաեւ Գերմանիայի պատմության եւ մշակույթի ուսումնասիրություն: Իսկ բարձր դասարաններում, ինչպես օրենքն է թույլատրում, որոշ առարկաներ կարող են դասավանդվել գերմաներենով: Շրջանավարտները կստանան նաեւ գերմաներենի իմացության միջազգային սերտիֆիկատ, գերմանական ատեստատ եւ առանց լրացուցիչ քննությունների՝ կկարողանան ընդունվել գերմանական բուհեր»,-ներկայացնելով գիմնազիումի գործունեության գաղափարը՝ ասաց Արմեն Աշոտյանը:
Հայ-գերմանական գիտակրթական գործակցության մասին՝ այստեղ
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ