Նոյեմբերի 26-ին կայացավ ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որից ավարտից հետո ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Նա հայտնեց, որ նիստը հիմնականում նվիրված էր ներկուսակցական խնդիրներին, ու այս պահին ՀՀԿ-ի համար առաջնային խնդիրը, նրա ձեւակերպմամբ, եվրոպական, չափանիշներին համապատասխան հանրաքվեի անցկացումն է:
Հերմինե Նաղդալյանը ձեռնպահ մնաց քարոզարշավը գնահատելուց, ասաց, որ արդյունքները կերեւան քվեարկության օրը: «Ամեն դեպքում՝ քարոզարշավը ակտիվ եւ հետաքրքիր է անցնում ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն օգտվելու քարոզչություն անցկացնելու իրավունքից, եւ «այո»-ն եւ «ոչ»-ը ակտիվ ներկայացնում են իրենց գաղափարները»,-հավելեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում կատարվածի մասին:
Կարդացեք նաև
Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ ավելին, ինչ գրված է մամուլում, ասել չի կարող. «Դեռ գնում են աշխատանքներ, դրանք ծավալուն, մեծ աշխատանքներ են, ու այնպես չէ, որ իսկույն արդյունքները երեւում են, դեռ մի փոքր պետք է զինվենք համբերությամբ»:
Նա նաեւ շեշտեց, որ գործադիրի նիստին այդ հարցը չի քննարկվել: Ըստ ԱԺ նախագահի տեղակալի, պատկան մարմինները պրոֆեսիոնալ են իրենց գործն արել, եւ որեւէ քաղաքացի չի զոհվել կամ վիրավորվել: Նաղդալյանն իրեն որակեց քաղաքական մեծ փորձառությամբ գործիչ, որը հոկտեմբերի 27 է տեսել, հետեւաբար իր փորձառությունը հուշում է, որ կատարվածի շարժառիթների մասին խոսելը ճիշտ չի լինի, ըստ նրա, արդարացված չեն նաեւ ինչ-ինչ կանխատեսումները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ