Նոյեմբերի 25-ին ազգային հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանը կդառնար 58 տարեկան:
Ազնիվ ու անձնվեր մարտիկի ծննդյան տարեդարձը երեկ նշվեց նաեւ Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում՝ Թաթուլ Կրպեյանի, Դուշման Վարդանի, մեր պանծալի հերոսների հարազատների մասնակցությամբ: Երբ աշակերտներից մեկը միջոցառման ընթացքում երգեց «Իմ Ղարաբաղ» երգը՝ կանչում ես ինձ, Ղարաբաղ՝ արցախյան հողում իրենց որդիներին կորցրած ծնողները, ընտանիքի անդամները չկարողացան զսպել արցունքները: Իսկ երբ նրանք կիսեցին իրենց հպարտությունն ու ցավը՝ լացում էր ողջ դահլիճը:
Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը անակնկալ էր պատրաստել, միջոցառման ավարտին բերեցին Մոնթեի տարեդարձի առթիվ պատրաստված մեծ տորթը՝ մոմերով:
Կարդացեք նաև
Դպրոցի աշակերտները՝ փոքրիկ մոնթեները երդվեցին, որ հերոսի գործը կիսատ չեն թողնելու, որ Մոնթեի կերտած անկախությունը, արժեքները պահելու են մինչեւ վերջ:
Իսկ դպրոցի տնօրենը, համբուրելով Արցախի դրոշն ու մեր Եռագույնը՝ Մոնթեի տարեդարձին նվիրված միջոցառումն ամփոփեց Շիրազով. «Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա»:
Դպրոցի տնօրինությունը շնորհակալագիր հանձնեց ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի գեղարվեստական ղեկավար Արամ Գալստյանին՝ դպրոցի բոլոր միջոցառումներին աջակցելու եւ ակտիվ մասնակցելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ