Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստի ժամանակ քննարկել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ի գրավոր դիմումը:
Հ/կ-ն հանձնաժողովին գրավոր խնդրել էր պարզաբանել «Հանրաքվեի մասին» օրենքի 38-րդ հոդվածը, ըստ որի, «Այդ օրենքի դրույթների խախտումն առաջ է բերում ընտրական իրավունքի դեմ կատարված իրավախախտումների համար օրենքով սահմանված պատասխանատվության»:
Արդյոք սա նշանակում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40 հոդվածով նախատեսված տույժերը կիրառելի են նաեւ հանրաքվեների, մասնավորապես դեկտեմբերի վեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի խախտումների դեպքում:
ՀԿ-ն նաեւ դիմումում հայտնել էր տեսակետ, թե հանրաքվեի՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի խախտման դեպքերում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նախատեսված տույժերը կիրառելի չեն:
Կարդացեք նաև
Հանձնաժողովը հ/կ-ի դիտարկումները քննարկելուց հետո որոշեց, որ «Հանրաքվեի մասին» օրենքի 38-րդ հոդվածի դրույթի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40 հոդվածի դրույթների միջեւ հակասություն չկա: Այդ դրույթները հստակ են ու չեն հանգեցնում տարաբնույթ ընկալման:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ