Բնապահպան Սիլվա Ադամյանի համար անընդունելի է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին «Հայ Անտառներ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնին նշանակելը:
Նա Aravot.am-ին ասաց, որ չի բացառվում, որ «Համահայկական բնապահպանական ճակատը» բոյկոտի Տիգրան Խաչատրյանի պաշտոնի նշանակումը, ինչպես Քաջարանի կոմբինատի նախկին տնօրենի տղայի՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նշանակման դեպքում. «Որովհետեւ Համահայկական բնապահպանական ճակատը բավականին շատ բաներ է բացահայտել՝ անտառահատումներ, ծառերի վաճառք… այդ ամբողջ գործարքները կատարվում են շատ բարձր մակարդակով ու պետք է նման մի անձնավորություն՝ Տիգրան Խաչատրյանի նման, որը կարողանան այդ գործարքները ծածկել, փակել, ներկայացնել այնպես, ինչպես պետք է:
Իհարկե, այդ պաշտոնին չեն նշանակի մի անտառագետի, որը գիտությունների դոկտոր է, գիտնական է, մարդ, որը կկարողանա ճիշտ կառավարել անտառը, որովհետեւ այն ամբողջ կեղտը, որը դուրս է բերվում մեր անտառահատումների հետ, ջրի երես դուրս կգա: Իսկ նման մարդկանց միջոցով կարելի է հանգիստ վախեցնելով, խեղաթյուրելով՝ խնդիրները ուծել, որովհետեւ իր հայրիկը էս ինչ մարդն է, ունի կապեր: Կասեն՝ պետք է փակես էս գործը, ու ինքը կփակի»:
Տիկին Ադամյանի խոսքով, «Հայ անտառներում» պաշտոններ են ունենում մշտապես մարդիկ, որոնք կապեր ունեն վերեւների հետ. «Առանց դրա որեւէ մեկին պաշտոն չեն տալիս: Իմ կարծիքով, արդարացված չէ Տիգրան Խաչատրյանին այդ պաշտոնում նշանակելը, ինձ համար բացարձակ անընդունելի է, որովհետեւ մարդիկ, որոնք իրենց ապրելակերպով, մեղմ ասած, չեն կարող օրինակ ծառայել, բարոյապես կայուն լավ քաղաքացի ու օրենքի նորմերը պահպանող մարդ լինել, չեմ կարծում, որ նման մարդկանց կարելի է առաջընթաց տալ ու նման պաշտոնի նշանակել»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական, աշխատանքի է անցել նոյեմբերի երկուսից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ