Հայաստանում Ֆրանսիական համալսարանում այսօր հյուրընկալվել էին Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն եւ ռեժիսոր Դասիո Մալտան: Առիթը բուհի հետ նախաձեռնած մշակութային միջոցառումն էր: Ուսանողների համար ցուցադրվեց «Նոել Ռոզա-վիլայի եւ ժողովրդի բանաստեղծ» վավերագրական-երաժշտական ֆիլմը, որը պատմում է բրազիլացի կոմպոզիտոր Նոել Ռոզայի կյանքի եւ ստեղծագործության մասին:
«Ֆիլմը նկարահանվել է կոմպոզիտորի 100-ամյակի առթիվ՝ «Բրազիլիա» հեռուստաընկերության պատվերով: Դժվարությունն այն էր, որ ստիպված էինք բոլոր արխիվները հետազոտել, քանի որ Ռոզան մահացել է 26 տարեկանում, հետեւաբար՝ հնարավոր չէր ամբողջացնել նրա ժամանակակիցների պատմածները: Մինչ օրս հիանում են Նոելի ստեղծագործություններով: Ընդամենը 26 տարեկանում նա այնպիսի ստեղծագործական ժառանգություն թողեց, որը չի հաջողվում անել 90-ամյա կոմպոզիտորներին»,-ասաց Դասիո Մալտան:
Aravot.am-ը ռեժիսորից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է ծանոթ հայկական կինեմատոգրաֆիային: Մալտան ասաց, որ 3 օր է Հայաստանում եւ միայն հասցրել է այցելել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան:
Կարդացեք նաև
Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն էլ նշեց, որ նպատակ ունեն խորացնել Ֆրանսիական համալսարանի հետ մշակութային գործակցությունը. «Վստահ եմ, որ ուսանողներին կհետաքրքրի ֆիլմը, քանի որ հարուստ է բրազիլական մշակույթի մասին փաստերով: Կարծում եմ Հայաստանում եւս սիրում են բրազիլական երաժշտությունը: Ի դեպ, հայ հասարակությունը երաժշտասեր է»:
Հավելենք, որ կոմպոզիտոր Նոել Ռոզան թողել է մոտ 227 երաժշտական ստեղծագործություն, հիմնականում՝ սամբայի գործեր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ