Նոյեմբերի 26-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Չայկովսկու անվան համերգասրահում ղեկավարելու է համաշխարհային մեծ համբավ ունեցող «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը։ Հիշեցնենք, որ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը ստեղծվել է 1979թ., հիմնադիրը, գլխավոր դիրիժորը և գեղարվեստական ղեկավարն է աշխարհահռչակ Վլադիմիր Սպիվակովը։
Սերգեյ Սմբատյանի ղեկավարած համերգով կեզրափակվի VIVACELLO միջազգային փառատոնը։
Փառատոնի փակման համերգը նվիրված է Պյոտր Չայկովսկու 175-ամյա հոբելյանին։ Երեկոյի ընթացքում հանդես են գալու Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր թավջութակահարներ։ Նախորդ տարիների դափնեկիրներ Իվան Մոնիգետտիի և Բորիս Անդրիանովի հետ ելույթ կունենա նաև մրցույթի այս տարվա հաղթողը՝ 17-ամյա վիրտուոզ թավջութակահար Ջոնաթան Ռոուզմանը։
Ծրագրում հնչելու են Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Շումանի և Ալեքսանդր Ռոզենբլատի ստեղծագործությունները։ Ի դեպ, Ռոզենբլատի թավջութակի և նվագախմբի համար գրված Jazz Rococo վարիացիաներ ստեղծագործությունը կատարվելու է առաջին անգամ։ Կոմպոզիտոր Ալեքսանդր Ռոզենբլատը հայտնի է դասականների ջազային մշակումներով։ Հատուկ այս համերգի համար նա գրել է Չայկովսկու Ռոկոկո թեմաներով վարիացիաների սեփական տարբերակները։
Կարդացեք նաև
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ դասական և ջազ երաժշտության միախառնումը խոստանում վառ և հիշարժան տպավորություններ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին