Ինչպես տեղեկացրել ենք, երեկ առավոտից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ էին կատարում Գյումրու Ղորղանյան 83 առանձնատանը, որտեղ տեղակայված է «Մարիամ» հոգեւոր-մշակութային ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղը: Ռադիոկայանի աշխատակիցներից մեզ տեղեկացրեցին, որ կենտրոնական գրասենյակը Վատիկանում է. այն ունի տարբեր մասնաճյուղեր աշխարհի տարբեր երկրներում:
Երեկ փորձել էինք կապ հաստատել ռադիոկայանի հիմնադիր, Ավստրալիայից հայրենիք բնակության տեղափոխված Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանի ու մյուս պատասխանատուների հետ, սակայն ապարդյուն, բոլորի հեռախոսներն անհասանելի էին, իսկ աշխատակիցները չէին հասկանում, թե ինչ է կատարվում:
Հիշեցնենք, որ պաշտոնական աղբյուրները կցկտուր տեղեկություններ էին տրամադրում՝ ընդամենը նշելով, որ Գյումրու տվյալ հասցե եկել են Երեւանում հայտնաբերված ահաբեկչական խմբի հետքերով:
Կարդացեք նաև
Ավելի ուշ պարզեցինք, որ ձերբակալված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի՝ «Հայոց Վահան» կազմակերպության կողմից Youtube-ում տեղադրված չորս ձայնագրություններից երեքը ռադիո «Մարիամ»-ում արված հարցազրույցներ են այս կազմակերպության նախագահի եւ անդամներից մեկի հետ:
Մենք այսօր եղանք Ղորղանյան 83 առանձնատանը, որտեղ մի քանի կազմակերպություններ են գործում, այդ թվում ինտերնետային կապ ապահովող ընկերություն: Դուռը բաց էր, ներսում կային 3 աշխատակիցներ: Նրանք մեզ միայն փոխանցեցին, որ երեկ իրենց թույլ չեն տվել մտնել ռադիոկայան՝ տեղեկացնելով, որ խուզարկություններ են կատարելու: ԱԱԾ-ականները ոչ մի բացատրություն չեն տվել, թե ինչու են խուզարկում գրասենյակը, վստահեցրել են, թե մինչեւ ժամը 13.00 կավարատեն խուզարկությունը: Սակայն, ըստ աշխատակիցների, այն տեւել է մինչեւ ուշ երեկո: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները իրենց հետ տարել են ռադիոկայանի ամբողջ տեխնիկան, համակարգիչները:
Ռադիոյի աշխատակիցները «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանին հիշում են որպես ռադիոյի հաղորդումներից մեկին հյուրընկալված անձ:
Մենք գրասենյակից դուրս հանդիպեցինք նաեւ այլ աշխատակիցների, որոնք մինչեւ ուշ երեկո սպասել են խուզարկությունների ավարտին: Նրանցից մեկը մեզ ասաց, որ երբ եկել է աշխատանքի, իրենց բարեւել են ԱԱԾ-ականները, իրենք տեսել են նաեւ ռադիոկայանի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանին: Տեսնելով, որ խառը վիճակ է, հարցրել են՝ ինչպե՞ս եք, նա իրեն հատուկ պատասխան է տվել՝ ես միշտ լավ եմ: Այնուհետ, երբ ուշ ժամի ավարտվել է խուզարկությունը, խուզարկություն կատարող անձինք իրենց հետ տարել են նաեւ ռադիոկայանի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանին:
Ռադիոկայանի աշխատակիցներն ասացին, որ երեկ երեկոյան ԱԱԾ են տարել նաեւ ռադիոընկերության համակարգողին, որն, ի դեպ, ջահել աղջիկ է: Ռադիոյի աշխատակիցները չգիտեն՝ որտեղ են նրանք, կապ հաստատել հնարավոր չէ:
Նշենք, որ Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանի 90-ամյա մայրը գրասենյակում է. վերջինս որդու հետ բնակվում է Ղորղանյան 83 հասցեում, նրա խնամակալը եւս տեղեկություններ չուներ Հայր Անտոնից:
Մենք եղանք նաեւ Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդարանում, որտեղ եւս չգիտեին՝ ինչ է կատարվում, միայն փոխանցեցին, որ Հայ Կաղթողկիե Հայաստանի Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի թեմակալ Առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը բացակայում է երկրից, տեղի հովիվը՝ Գյումրու Հայ Կաթողիկե ժողովրդապետ Հայր Պետրոս վարդապետ Եսայանը Լեհաստանում է, այնպես որ կաթողիկե եկեղեցու պատասխանատուներից այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալ հնարավոր չէ:
Հավելենք, որ «Մարիամ» ռադիոկայանի աշխատակիցներից մեկն ասաց, որ զրուցակիցներին իրենք են փնտրում, ընտրում, իրենց ռադիոկայանը զուտ հոգեւոր-մշակութային հաղորդումներ է եթեր հեռարձակում: Հաղորդումները թողարկում են ինչպես «Շանթ» ռադիոկայանի եթերով, այնպես էլ համացանցով: Իրենք քաղաքական հաղորդումներ չեն տալիս, լինում են դեպքեր, երբ լրագրողներն իրենք են գնում որեւէ քաղաք՝ հարցազրույցի: Նշենք, որ ռադիոկայանն ունի առնվազն 10-12 աշխատակից. վերջիններս մոլորվել են, թե ինչ են անելու. չէ՞ որ Գյումրիում աշխատանք գտնելը լուրջ խնդիր է:
Տեղեկացնենք նաեւ, որ ԱԱԾ-ն տարել են այն լրագրողին, ջահել աղջկան, որը հարցազրույց է վարել «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի հետ:
Նկատենք, որ թեեւ «Մարիամ» ռադիոկայանում խուզարկություններ կատարելու թեման բավական աղմկոտ է, նախ այն առումով, որ գյումրեցիներն անհանգստացած են, թե ինչ է կատարվում իրենց քաղաքում, ԶԼՄ-ի աշխատանք է խափանվել, եւ մի այնպիսի ԶԼՄ-ի, որի կենտրոնական գրասենյակը Վատիկանում է, Հռոմի պապի հովանու ներքո է, այդուհանդերձ ԱԱԾ-ն պարզաբանելու ոչինչ չունի: Մենք զանգահարեցինք ԱԱԾ-ի մամլո ծառայություն, այստեղից ասացին, որ առայժմ ոչինչ չեն ասի: Իսկ ԱԱԾ-ի պաշտոնական կայքում կես բառ անգամ այս խուզարկության մասին տեղեկատվություն չի հայտնվում: Այնտեղ Շիրակի մարզի մասով ընդամենը զետեղված է այն, ինչ արդեն գիտեն բոլորը. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, իրացնելով օպերատիվ տվյալներ այն մասին, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ»։
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Որ յիմար եւրոպական հիմնարկն էր վերջերս պնդում որ Հայաստան երկրագունտի ամէնէն ժողովրդավար երկիրներու շարքին կարելի է նկատել։