Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա արդեն օրինակ է ծառայելու, որ մյուսներն էլ կարող են նման կերպ վարվել լրագրողի հետ»

Նոյեմբեր 26,2015 15:19

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի եւ նրա ներկայացուցիչների բողոքը: Դատարանը գտավ, որ առաջին ատյանի դատական ակտն օրինական է:

Aravօt.am-ի հետ զրույցում «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով մեր դատաիրավական համակարգը` այս որոշումը կանխատեսելի էր: Նա նաև տեղեկացրեց, որ այս վճիռը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ լրագրողը պահանջում է բեկանել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ակտը եւ պարտավորեցնել նախաքննական մարմնին շարունակել նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին ԱԺ բակում տեղի ունեցած միջադեպի առիթով գործի նախաքննությունը։

Marine_XachatryanՀիշեցնենք, որ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։ Նա երկրորդ անգամ էլ է փորձել հարվածել, պարզապես վրիպել էր։ ՀՔԾ քննիչը որոշել էր կարճել միջադեպի գործը՝ հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ։

Mesrop-MovsisyanՄեր հարցին` լրագրողի և լրատվամիջոցի նկատմամբ նման մոտեցումն ինչի՞ մասին է վկայում, պարոն Մովսիսյանը պատասխանեց. «Անպատժելիության մթնոլորտը շարունակվում է, քանի որ եթե որևէ մեկը սրա համար չի պատժվելու, դա արդեն օրինակ է ծառայելու մնացածի համար, որ կարող են լրագրողների հետ նման կերպ վարվել»:

Դիտարկմանը` լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքը քաղաքականության չի՞ վերածվում հենց իշխանությունների թողտվությամբ, պարոն Մովսիսյանը համաձայնեց ու մանրամասնեց. «Ակնհայտ օրենքի խախտում էր, ակնհայտ խոչընդոտում, խուլիգանություն էր, որն անտեսվեց դատարանի կողմից»:

Հարցին` սա սպառնալիք է նաև ազատ խոսքի՞ն, կա՞ մտավախություն, որ նմանատիպ դեպքերից հետո լրագրողներն ավելի զգուշավոր կդառնան, «Ա1+»-ի տնօրենն արձագանքեց. «Դրանց ուզածն էլ հենց դա է,  որ ավելի զգուշավոր, վախեցած ու կաշկանդված լինեն լրագրողները: Բայց լրագրողները հստակ հասկանում են, որ սա քաղաքականություն է: Լրագրողները նման դեպքերի մասին պիտի բարձրաձայնեն ու սթափեցնեն ղեկավարությանը»:

Ըստ պարոն Մովսիսյանի` նման դեպքերը նաև հակասում են իշխանությունների այն հայտարարություններին, թե մեր երկրում մամուլն ազատ է և դրական զարգացման միտում կա: Նա եզրափակեց. «Ես չէի ուզենա այդ ամենը տեսնել` որպես ժողովրդավարական երկրի զարգացման դեկորացիա: Բայց այս դատավարությունները հենց դրան են հանգեցնում. մի կողմից գոռում-գոչում են, թե մամուլը մեզ մոտ ամենաազատներից մեկն է, մյուս կողմից այս դեպքերը ցույց են տալիս, որ վախեցնելու մթնոլորտը շարունակվում է: Դրանով խոչընդոտում են ազատ խոսքին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դատարանը մերժե՞ց, դատարանը որոշե՞ց, ի՞նչ դատարան, Հայաստանում դատարան կա՞: Ամո՜թ, խայտառակությո՜ւն է, ի՜նչ դատարան:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30