Գործադիրը հավանություն է տվել «Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի նախագծին»: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը: Հովիկ Աբրահամյանր նշել է, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է որպես գերակա ուղղություն և հանձնարարել է բոլոր պատկան մարմիններին արագ կազմակերպել համապատասխան գործընթացները, որպեսզի հունվար-փետրվար ամիսներին շինարարական աշխատանքները սկսվեն:
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» ՓԲԸ միջև 2015թ. սեպտեմբերի 7-ին կնքված պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների երկրորդ փուլի կատարման համար: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, որպես քաղաքականություն մշակող նախարարություն, առաջին և երկրորդ փուլերի հետ կապված ներկայացնել վերլուծություն:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով՝ որոշակի նպատակով գտնվելու համար:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ