Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է.
-ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ բակալավրի, անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2016/2017 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Որոշումը կնպաստի հանրապետության տնտեսության, գիտության զարգացման կարիքներին համապատասխան և պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանը:
-Պետական սեփականություն հանդիսացող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը: Այսպիսով՝ կկանոնակարգվեն այդ բնակարանների տրամադրման հետ կապված հարաբերությունները, կնախանշվի դրանցից օգտվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, կսահմանվի ծառայողական բնակարանների տրամադրման ընթացակարգը:
-ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը և էլեկտրոնային փաստաթղթերի ձևերը: Ներկայումս ծառայության և Ճանապարհային ոստիկանության միջև տվյալների փոխանակումները, հարցումները, արգելանքի կիրառումը, արգելանքից ազատումն իրականացվում է թղթային տարբերակով, ինչի համար պահանջվում է որոշակի ժամանակ, ինչն էլ իր հերթին առաջացնում է կատարողական վարույթի կողմերի արդարացի դժգոհությունը: Փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային եղանակը ծառայությունների միջև կապահովվի օպերատիվ աշխատանք, ինչպես նաև կնպաստի ժամանակի և դրամական միջոցների խնայմանը:
Կարդացեք նաև
Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն տվել արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին: Հանրային խորհուրդը, մասնավորապես, առաջարկություններ և դիտողություններ կներկայացնի նախարարության կողմից տարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման, նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների վերաբերյալ: Խորհուրդը հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ կքննարկի նաև հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ: Կարևորելով նման խորհուրդների ստեղծումը Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ընդհանրապես պետք է ակտիվացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը բոլոր քաղաքական, տնտեսական գործընթացներում:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ