Կառավարությունը հաստատել է դեղերի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, այդ գովազդին ներկայացվող պահանջները և ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած որոշումներից մեկը: Այս որոշումն ուղղված է դրանց գովազդի թույլտվության ընթացակարգերում առկա օրենսդրական բացերը վերացնելուն, դեղերի, բուժտեխնիկայի և բուժական ոլորտում անբարեխիղճ, թյուր տեղեկություններ պարունակող գովազդի տարածումը կանխարգելելուն, սպառողների` ճշգրիտ և հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքն ապահովող մեխանիզմներ սահմանելուն: Նախկինում կատարված փոփոխությունների արդյունքում էականորեն պարզեցվել է դրանց գովազդի թույլտվության տրամադրման կարգը, սակայն առողջապահության նախարարության դիտարկումներով այս ոլորտում առկա անբարեխիղճ գովազդի տարածման դեպքերը էականորեն ավելացել են, ինչը լի է բացասական հետևանքներով: Այսպիսով՝ ընդունված որոշմամբ սահմանվում է պահանջ՝ դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի` տեղեկատվության միջոցներով գովազդի թույլտվության հայտի հետ մեկտեղ ներկայացնել նաև գովազդի բովանդակությունը (տեքստը) կամ գովազդային հոլովակը: Գովազդի թույլտվության ժամկետը սահմանվում է մինչև 7 աշխատանքային օր, գործող 5-ի փոխարեն, սահմանվում են օտարերկրյա բուժաշխատողների կողմից կիրառվող բուժական մեթոդների գովազդին ներկայացվող նախապայմանները և այլն:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունն ապահովող միջոցառումների ցանկին: Ըստ այդմ՝ կապահովվի բարձրորակ և արդյունավետ առողջապահական համակարգ, հիվանդանոցային բուժծառայության ոլորտում մատուցվող ծառայությունների պատշաճ մակարդակ: Մասնավորապես, նախատեսվում է մշակել և հաստատել կարևոր նշանակություն ունեցող այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են` կլինիկական ուղեցույցը, գործունեության ընթացակարգը, ինչպես նաև մասնագիտական բնութագիրը: Արդյունքում՝ հնարավոր կլինի հասնել առողջապահության ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, բնակչության առողջական վիճակի բարելավմանը, բժշկական սխալների նվազեցմանը և այլն:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ