Լրահոս
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյան. «Կարող է մի տեղ էլ տանեին «այո»-ի թռուցիկներ լցնեին»

Նոյեմբեր 26,2015 14:03

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԱԾ-ի կողմից հանցավոր խմբի բացահայտումը համարում է կանխված դեպք ու համարում՝ լավ է, որ գործ չունենք հետևանքների հետ:

Պատգամավորը նշեց. «Պարզվում է, որ մարդիկ կան Հայաստանում, որ կարող են ունենալ անօրինական զենք: Ավելի կարևոր է, թե ինչպես է քննություն գնալու և արդյոք բացահայտվելո՞ւ են նաև այն մարդիկ, որոնք այդ զենքը վաճառել են: Պետք է հասկանանք՝ արդյոք դա դրսի՞ց է վաճառվել, թե՞ մեր սահմաններում է այդ անօրինական վաճառքը կատարվել»:

Պարոն Պողոսյանի կարծիքով՝ այս դեպքը թե′ քաղաքական ուժերը, թե′ իշխանությունը փորձելու են օգտագործել ի շահ իրենց. «Միգուցե կարելի էր ավելի հանգիստ մարդկանց ձերբակալել: Բազմաթիվ հարցեր են առաջանում հատկապես այն դեպքում, երբ տեսնում ես, որ նմանատիպ մի դեպքերից մեկում օգտագործվում է ողջ այդ տեխնիկան, մյուս դեպքերում չեն օգտագործվում: Օրինակ՝ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված միջադեպը հիշեք, այլ նմանատիպ դեպքեր, երբ այս ողջ տեխնիկան չօգտագործվեց: Ինձ համար անհասկանալի է ոստիկանության և ԱԱԾ-ի՝ նման ընտրողականությունը»:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է այս փաստն օգտագործվում իշխանության կողմից, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Ընդհանուր միջավայր ստեղծելու. երկու օր է բոլորը քննարկում են այս հարցը տարբեր բառեր օգտագործելով այս մասին: Երեկ ամբողջ օրը բոլորը խոսում էին ահաբեկչության մասին»:

Պատգամավորի համար մի շարք հարցականներ կան թե′ դեպքի հետ կապված, թե′ ԱԱԾ հաղորդագրությունում. «ԱԱԾ-ի հաղորդագրությունում «ոչ աշխատող» խումբ են սկզբում ասում, հետո տեղեկություն է տարածվում, որ նրանցից երեք-չորս հոգին աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում»:

Հարցին՝ ի վերջո նպատակը ո՞րն էր այս շոուի, ինչպես դա ընդդիմադիր ուժերի կողմից է որակվում, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Իրավապահ ինստիտուտներն ունեն խնդիր բացահայտելու, որ մենք էլ ունենք նման ուժեր, ինչպես մյուսները: Իրավապահները արտասահմանցի գործընկերների հետ պատրաստվածության դասընթացներ են անցնում, գուցե դա իրենց գործելաոճն է, գուցե ցույց տալու բան ունեին»:

Թևան Պողոսյանը հավանական է համարում, որ սա դրսի ուժերի կողմից կարող էր կազմակերպված լինել:

Դառնալով «Նոր Հայաստան»՝ հանրային փրկության ճակատի հետ հանցավոր խմբին կապելուն, դեպքի վայրում «ոչ»-ի թռուցիկների հայտնաբերմանը, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Դա պիտի պարզի քննությունը: Սխալ ուղղությամբ չտանելու համար պետք է զերծ մնալ մեկնաբանություններից: Կարող է դեպք լիներ, որ մի տեղ էլ տանեին «այո»-ի թռուցիկներ լցնեին, գուցե հատո՞ւկ են արել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30